
Հունվարի 21-ին մեկնարկում է Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական՝ թվով 28-րդ խաղարկությունը: Եթե Եվրոպայում այս մրցաշարն ընկալվում է առաջին հերթին որպես տաղանդների բացահայտման հերթական ստուգատես, ապա աֆրիկացիների համար այն իսկական տոն է և հնարավորություն՝ վայելելու մեծ ֆուտբոլի իրական բերկրանքը:
2012թ. Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունն առանձնանում է նախորդներից: Առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է միանգամից երկու երկրում՝ Գաբոնում և Հասարակածային Գվինեայում: Բացի այդ՝ մրցաշարը, թեկուզ և թղթի վրա, երբեք մասնակիցների այսքան թույլ կազմ չի ունեցել:
Դատեք ինքներդ:
Մրցաշարում հանդես չեն գա Աշխարհի վերջին առաջնության մասնակից երկրներից Կամերունի, Ալժիրի, ՀԱՀ-ի, Նիգերիայի հավաքականները, որոնք չկարողացան հաղթահարել ընտրական փուլի արգելքը: Սակայն ամենամեծ կորուստը, անկասկած, Աֆրիկայի վերջին երեք տարիների չեմպիոն և ամենատիտղոսակիր երկրի՝ Եգիպտոսի հավաքականի բացակայությունն է մասնակիցների շարքում:
«Փարավոնները» չկարողացան հաղթահարել բավական թույլ ընտրական խմբի արգելքը՝ Նիգերի, ՀԱՀ-ի և Սիեռա-Լիոնեի հավաքականների հետ մրցակցությունում գրավելով վերջին տեղը: Ընտրական մրցաշարի կարևորագույն այս հատվածը ցավալիորեն համընկավ Եգիպտոսում ներքաղաքական հուզումներին, երբ, ինչպես ասում են, ֆուտբոլի ժամանակը չէր:
Ուժեղ հավաքականների բացակայության պայմաններում մրցաշարի ֆավորիտը, անկասկած, Կոտ դ՚Իվուարի հավաքականն է: «Փղերը», որոնք միայն մեկ անգամ են կարողացել հռչակվել Աֆրիկայի չեմպիոն, այն էլ հեռավոր 1992թ., վերջին տարիների բոլոր խաղարկություններից առաջ համարվում էին հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն ամեն անգամ նրանց ինչ-որ բան չէր հերիքում նպատակին հասնելու համար: Այս անգամ կարծես թե ամեն ինչ նրանց օգտին է՝ համեմատաբար թույլ խումբ, փլեյ-օֆֆ փուլում վտանգավոր մրցակիցներից խուսափելու մեծ հավանականություն, բայց ամենակարևորը՝ Կոտ դ՚Իվուարը մրցաշարին ներկայանում է ֆանտաստիկ կազմով, որը, անկասկած, ուժեղագույնն է մասնակից բոլոր թիմերի շարքում:
Պաշտպանությունում տոն են տալիս Պրեմիեր լիգայում հսկայական փորձ ունեցող Կոլո Տուրեն ու Էմանուել Էբուեն և ՊՍԺ-ի փորձառու պաշտպան Սիակա Տիենեն: Չափազանց ուժեղ է թիմի միջին օղակը, որտեղ հանդես են գալիս փորձառու Դիդիե Զոկորան, «Նյուքասլ»-ի կազմում փայլուն մրցաշրջան անցկացնող Իսմայել Շեյխ Տիոտեն և, իհարկե, Աֆրիկայի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ Յայա Տուրեն: Թե ինչ արժեք ունի այսպիսի ֆուտբոլիստի առկայությունը թիմում, ամենից լավ կարող է նկարագրել Ռոբերտո Մանչինին, որի գլխավորած «Մանչեսթեր Սիթի»-ն Յայայի հետ և առանց նրա բոլորովին այլ խաղ է ցուցադրում:
Դե իսկ առջևի գծում բազմաոճ հարձակվողների իսկական աստղաբույլ է՝ տեխնիկապես գրագետ ու անչափ արագ Ժերվինյոն և Սալոմոն Կալուն, Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հայտնություն դարձած Սեյդու Դումբիան և, իհարկե, թիմի ավագ ու իսկական առաջատար, համաշխարհային ֆուտբոլի վերջին տարիների լավագույն հարձակվողներից մեկը՝ Դիդիե Դրոգբան:
Իհարկե, սրանք միայն անուններ են, թիմի իրական ուժը կերևա խաղադաշտում։ Սակայն գոնե այս պահին, երբ դեռ չի մեկնարկել մրցաշարը, կոտդիվուարցիները հաղթողի ամենաիրական հավակնորդն են:
Ամենևին չնսեմացնելով մրցաշարի մասնակից մյուս հավաքականների ներուժը՝ միակ թիմը, որը կարող է խանգարել կոտդիվուարցիներին, Գանայի հավաքականն է, որը մրցաշարի մասնակիցներից ամենատիտղոսակիրն է (գանացիները չորս անգամ՝ 1963, 1965, 1978, 1982 թթ., արժանացել են Աֆրիկայի չեմպիոնի կոչմանը):
«Սև աստղերը» իսկական իրարանցում առաջացրին 2010թ. աշխարհի առաջնության ժամանակ՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ, և առաջնության ամենադրամատիկ մրցավեճում միայն 11-մետրանոցներով զիջեցին Ուրուգվայի հավաքականին:
Չնայած Գանայի կազմը նույնքան աստղային չէ, որքան Կոտ դ՚Իվուարինը, սակայն այստեղ էլ կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են զարմացնել շատերին։ Ասամոա Գյանի, Կվադվո Ասամոայի, Սալի Մունտարիի, Անդրե և Ջորդան Այու եղբայրների անունները չափազանց հայտնի են Եվրոպայում: Բայց գանացիներն առաջին հերթին առանձնանում են թիմային խաղով, ֆիզիկական հիանալի պատրաստվածությամբ և մինչև վերջ պայքարելու ձգտումով: Վիճակահանության արդյունքում մրցաշարային ցանցը դասավորվել է այնպես, որ, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, հենց այս երկու թիմերն էլ կհանդիպեն եզրափակչում:
Մրցաշարի մասնակից մյուս թիմերից առաջ գնալու լավ հնարավորություններ ունի Սենեգալի հավաքականը, որի կազմում ընդգրկված մեկը մեկից վտանգավոր հարձակվողները՝ Մուսա Սոուն, Դեմբա Բան, Մամադու Նյանգը և Պապիս Դեմբա Սիսեն, կարող են լուրջ դժվարություններ ստեղծել ցանկացած մրցակցի ճանապարհին։
Ինչպես միշտ, հավակնորդների թվում կարող է լինել Թունիսը, որը, չունենալով աստղային ֆուտբոլիստներ, այդուհանդերձ մշտապես պայքարում է ամենաբարձր տեղերի համար:
Արագաշարժ ու ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներով համալրված Մալիի հավաքականը՝ Սեյդու Կեյտայի գլխավորությամբ, նույնպես կարող է միջամտել մեդալների համար պայքարին, իսկ ահա մայրցամաքի երբեմնի ուժեղագույն թիմի համարում ունեցող Մարոկկոյի հավաքականը դժվար թե կարողանա կրկնել 1976թ. իր նվաճումը, երբ թիմը հռչակվեց մայրցամաքի չեմպիոն, կամ գոնե մոտենալ դրան:
Հետաքրքիր կլինի հետևել նաև Գվինեայի հավաքականի խաղին: Անկախ նրանից, որ թիմի ամենահայտնի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի առաջնության երբեմնի աստղ Պասկալ Ֆեյնդունոն ներկայում թիմ չունի, իսկ մյուս խաղացողների անունները հայտնի չեն ֆուտբոլային լայն շրջանակներին, գվինեացիները կարող են զարմացնել շատերին, ինչպես 2006 և 2008 թթ. խաղարկությունների ժամանակ: Չմոռանանք նաև, որ ընտրական մրցաշարում նրանք կարողացել են առաջ անցնել ոչ ավել, ոչ պակաս նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Նիգերիայի հավաքականից:
Թեև Զամբիան, Անգոլան և Բուրկինա Ֆասոն վստահորեն զբաղեցրին առաջին տեղերն իրենց ընտրական խմբերում, այդուհանդերձ հազիվ թե այս թիմերը կարողանան լուրջ արդյունքներ գրանցել եզրափակիչ մրցաշարում: Այս, ինչպես նաև քաղաքական անկայուն իրավիճակում գտնվող Սուդանի և Լիբիայի հավաքականների համար խմբից դուրս գալն արդեն իսկ լուրջ նվաճում կհամարվի:
Է՛լ ավելի համեստ են գնահատվում մրցաշարին առաջին անգամ մասնակցող Բոտսվանայի և Նիգերի հավաքականների հնարավորությունները, որոնց համար արդեն իսկ ներկայությունը եզրափակիչ փուլում կարելի է մեծ հաջողություն համարել:
Ինչ վերաբերում է մրցաշարի ևս մեկ նորեկ, մրցաշարի համակազմակերպիչ Հասարակածային Գվինեայի հավաքականին, ապա պարզից էլ պարզ է, որ այս թիմը երբեք չէր կարող հայտնվել եզրափակիչ փուլում, եթե ստիպված լիներ անցնել ընտրական մրցաշարի միջով: Մրցաշարը հյուրընկալող մյուս երկիրը՝ Գաբոնը, ճիշտ է, արդեն չորս անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, սակայն այդպես էլ լուրջ հաջողությունների չի հասել: Երկու երկրների համար էլ այս մրցաշարն առաջին հերթին ամբողջ Աֆրիկայի առջև ներկայանալու և տեղական ֆուտբոլի զարգացումը խթանելու հնարավորություն է։
Իհարկե, այս ամենը միայն կանխատեսումներ են, իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա արդեն մրցաշարի ընթացքը: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, վստահորեն կարելի է ասել, որ Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունը կանցնի անզիջում պայքարում՝ մեզ պարգևելով գեղեցիկ ֆուտբոլ և բացահայտելով նոր աստղերի անուններ:
Civilnet










