Գլխավոր Լրահոս

Վարորդների հաշվին

Վարորդների հաշվին

Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011թ. ԱՊՊԱ ոլորտում գործունեություն ծավալած 7 ապահովագրական ընկերությունները («ՍԻԼ Ինշուրանս»-ի տվյալները բացակայում են) հավաքագրել էին Դ14,19 մլրդ ապահովագրավճարներ և հատուցել Դ5,3 մլրդ (23,4 հազ. դիմումներով)։

Հիմք ընդունելով բյուրոյի մեթոդաբանությունը՝ ստանում ենք, որ անցած տարի ԱՊՊԱ ոլորտի վնասաբերության մակարդակը (հաշվարկվել է այդ 7 ընկերությունների ցուցանիշներով) կազմել է 54%։ Վնասաբերության մակարդակի հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվել «ՍԻԼ Ինշուրանս»-ի տվյալները։ Բայց հաշվի առնելով, որ այդ ընկերության մասնաբաժինն ընդհանուր ԱՊՊԱ ոլորտում կազմել էր ընդամենը մոտ 0,5%, ընկերության ցուցանիշները չեն կարող էապես փոխել ընդհանուր ոլորտի վնասաբերության մակարդակը։

Իհարկե, ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության մակարդակն անցած տարի ունեցել է աճի տրենդ՝ 9 ամիսներին՝ 51%, 10 ամիսներին՝ 53%, 11 ամիսներին՝ 53%, բայց այն դեռևս զգալիորեն փոքր է հաշվարկային ցուցանիշից՝ 78%։ Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից պոլիսների սակագները սահմանելիս հիմք էր ընդունվել, որ վնասաբերությունը կլինի 78%, ապահովագրության գործավարական ծախսերը (գործակալներին վճարվող միջնորդավճարը, շահույթի հանրագումարը) չեն կարող գերազանցել 22%-ը, ընդ որում՝ շահութաբերությունը նախատեսվել էր ընդամենը 2-5%։

Ըստ առանձին ընկերությունների ցուցանիշների՝ երևում է, որ բոլորն էլ «հեռու» են վնասաբերության հաշվարկային ցուցանիշից։ Ամենամեծ վնասաբերության ցուցանիշ՝ 63%, ուներ «Գարանտ Լիմենս»-ը (մասնաբաժինը շուկայում՝ 8%), իսկ ամենացածրը՝ «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 48% (մասնաբաժինը՝ 14%)։ Մյուս ընկերությունների մոտ վնասաբերության մակարդակը գտնվել է 50%-ի սահմաններում։

Ապահովագրական ընկերությունների մեկ պոլիսի միջին սակագնից, ինչպես նաև պատահարների միջին թվից երևում է, որ գրեթե բոլոր ընկերությունների ապահովագրական պորտֆելները ռիսկային չեն։ Այսինքն՝ չկան ընկերություններ, որոնց մոտ բարձր ռիսկայնության ավտոմեքենաները (տաքսիները, երթուղային միկրոավտոբուսները) ընդհանուր պորտֆելում գերակշռեն։

Ստացվում է, որ ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության մակարդակը մոտ 1,5 անգամ նվազ է ընդունված նորմատիվից։ Վնասաբերության ավելի ցուցանիշի արդյունքում ապահովագրական ընկերությունների եկամուտները եղել են ընդհանուր առմամբ նախատեսվածից Դ3 մլրդ-ով ավելի։ Այսինքն՝ եթե ըստ ծրագրածի ընկերություններն անցած տարի պետք է հատուցմանն ուղղեին Դ9,8 մլրդ, նրանք իրականում այդ նպատակով առանձնացրել էին Դ6,8 մլրդ։

ԱՊՊԱ ոլորտի եկամուտների շեղումը կազմում է անցած տարի հավաքագրված ապահովագրավճարների 21%-ը։ Նախատեսվածից ավելին եկամուտները վկայում են, որ սակագների հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարների ավելի մեծ քանակություն, ինչպես նաև մեկ պատահարի գծով փոխհատուցմանն ուղղվող ավելի մեծ գումարներ։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության մասին» օրենքով սահմանված է, որ գույքին պատճառված վնասների հատուցմանը ուղղվող գումարը չի կարող գերազանցել Դ1,5 մլն-ը, իսկ անձնական վնասինը՝ Դ3 մլն-ը։ Անցած տարի ապահովագրական ընկերությունների միջին հատուցման գումարը մեկ դեպքի մասով կազմել է Դ230 հազ.։

Եթե այս տարի ապահովագրական ընկերությունների վնասաբերության մակարդակը լինի անցած տարվա 54%-ի մակարդակում, Ավտոապահովագրողների բյուրոն պետք է որ գնա սակագնի վերանայման՝ մոտ 20%-ով: Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ 2013թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ համակարգում ներդրվելու է Բոնուս-Մալուս համակարգ, որի ողջ տրամաբանությունն այն է, որ կարգապահ վարորդը վճարի ավելի քիչ ապահովագրավճար, իսկ ռիսկային վարորդը՝ ավելի շատ:

Այս համակարգի ներդրումը ենթադրում է, որ ԱՊՊԱ պոլիսների սակագների ընդհանուր վերանայում տեղի չի ունենա, քանի որ այն, միևնույն է, նվազելու է կարգապահ վարորդների համար։ Այս համակարգի ներդրումը ԱՊՊԱ ոլորտում է՛լ ավելի կթեժացնի մրցակցությունը, քանի որ ընկերությունները կձգտեն ձևավորել կարգապահ վարորդներից կազմված պորտֆել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում