Գլխավոր Լրահոս

Ո՞ւմ է լսում ֆինանսական շուկան

Ո՞ւմ է լսում ֆինանսական շուկան

Հետևաբար՝ բանկերը ստիպված են ներգրավված դոլարային ավանդների 12%-ը փոխանակել դրամի: Ֆինանսական շուկայի գործընթացները հասկանալու համար շատ կարևոր է կարողանալ գնահատել, թե նմանատիպ փոփոխություններն ինչպես են ազդում իրավիճակի վրա:

Ըստ ԿԲ-ի գնահատման՝ պահուստների ստիպողական փոխանակումը կարճատև ժամանակահատվածում հանգեցրել է դրամի նկատմամբ պահանջարկի աճի: Մասնավորապես՝ աճել են շուկայական և միջբանկային ռեպո տոկոսադրույքները (դրամը թանկացել է): Աճել է նաև մինչև մեկ տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի միջին տոկոսադրույքը՝ նախորդ ամսվա նկատմամբ 1,71-տոկոսային կետով, և կազմել 10,68%:

Այսինքն, ըստ այս մեկնաբանության, դրամը և դրամային ակտիվները թանկացել են: Բայց որքանո՞վ են այս գնահատականներն օբյեկտիվ: Նախ՝ ինչո՞ւ պետք է պարտադիր պահուստավորման նորմատիվի բավական էական փոփոխությունը միայն կարճաժամկետ ազդեցություն թողներ (խոսքը, ըստ էության, մեկշաբաթյա ազդեցության մասին է, քանի որ դեկտեմբերի կեսերից ռեպո տոկոսադրույքները նաև նվազման միտում են ունեցել): Եթե նման ազդեցություններն ընդամենը մեկ շաբաթ հետո չեզոքացվում են, ապա պետք է քննարկել նման կտրուկ փոփոխություններ անելու նպատակահարմարության հարցը:

Երկրորդ՝ ինչո՞ւ է, օրինակ, դրամի նկատմամբ պահանջակի աճն ազդել միայն ռեպո տոկոսադրույքների և պարտատոմսերի տոկոսադրույքների վրա, և ինչո՞ւ են շուկայական մյուս տոկոսադրույքները գործնականում «անտեսել» պահուստավորման նորմատիվի փոփոխությունը: Ինչո՞ւ է, ընդհանրապես, վերաֆինանսավորման արձանագրությունում բացակայում ազդեցությունների ամբողջական գնահատականը:

Որքան տեղյակ ենք՝ և՛ դեկտեմբերին, և՛ հունվարին շարունակվել է ֆինանսական շուկայի մինչ այդ ձևավորված այն միտումը, ըստ որի՝ դոլարային ավանդների ու վարկերի տոկոսադրույքները նվազում են, իսկ դրամայիններինը՝ ընդհակառակը, աճում: Ընդ որում՝ դա տեղի է ունենում անկախ պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխությունից՝ կրելով դրամի արժեզրկման սպասումների ազդեցությունը: Շատ ավելի կարևոր է, որ պետական մարմինները կարողանային կառավարել կամ ուղղորդել սպասումները: Դրա նախապայմանը, սակայն, վստահության ձեռքբերումն է:

Ֆինանսական շուկայի հաջորդ կարևոր փոփոխությունը կապված է պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման հետ: Ասել, որ այս բարձրացումը կրում է պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխության ազդեցությունը, նշանակում է ոչինչ չասել, որովհետև եթե ռեպոյի շուկան մեկ-երկու շաբաթում ամբողջովին «մարսեց» պահուստավորման նոր կարգը, ապա պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա ազդող գործոններն ունեն երկարատև բնույթ:

Մի բան հաստատ է՝ պետական բյուջեն լիկվիդայնության խնդիր չունի, ինչի վկայությունն է մոտ Դ80 մլրդ-ի հասնող ազատ միջոցների առկայությունը: Ըստ էության՝ Ֆինանսների նախարարությունն ընդհանրապես կարճաժամկետ պարտատոմսերի կարիք չունի, հետևաբար՝ հիմքեր չկային դրանց տոկոսադրույքները բարձրացնելու: Միակ պատճառը կրկին փոխարժեքային սպասումները կարող են լինել, ինչը ներդրողների վարքագիծը կանխորոշելիս էական նշանակություն ունի:

Դրամի արժեզրկմանը սպասելիս

Կարելի է վստահաբար ասել, որ դեկտեմբեր-հունվարին ֆինանսական շուկան կրել է ոչ թե պահուստավորման նորմատիվի փոփոխության, այլ դրամի արժեզրկման սպասումների ազդեցությունը:

Հայաստանի նման փոքր ֆինանսական շուկաներում դրամի նկատմամբ թեկուզ կարժամկետ պահանջարկի աճը պետք է հանգեցներ նաև դրամի արժևորման, սակայն դա տեղի չի ունեցել: Ճիշտ է՝ դեկտեմբերին դրամը մի փոքր թանկացավ, սակայն սեզոնային (նախաամանորյա) ազդեցությունը գրեթե չնկատվեց: Ամեն տարի էլ դրամը Ամանորի նախօրեին զգալիորեն արժևորվում է: Որ 2011թ. վերջին դա տեղի չունեցավ, դրամի ընդհանուր թուլացման հետևանք է:

Բացի այդ՝ հունվարից դրամը դրսևորում է արժեզրկման բավական արագացված միտումներ: Ընդ որում՝ դրամի արժեզրկման գործընթացը տեղի է ունենում բանկային համակարգում դոլարային իրացվելիության էական ավելցուկի պայմաններում: Բանկային համակարգը, ըստ մեր գնահատականի, մոտ $400  մլն-ի ավելցուկային (ազատ, չտեղաբաշխված) ռեսուրս ունի:

Այս ռեսուրսը բավական դանդաղ է ներծծվում տնտեսության իրական հատվածի մեջ, սակայն, բարեբախտաբար, չի ուղղորդվում դեպի արտարժութային շուկա, այլապես դրամի փոխարժեքը շատ կարճ ժամանակահատվածում կարող է ընկնել $1/Դ300-ից ներքև: Հավանական է, որ փոխելով պարտադիր պահուստավորման նորմատիվը՝ ԿԲ-ն հույս ուներ, որ դրան առաջին հերթին կարձագանքի փոխարժեքը: Սակայն «արձագանքն» ակնհայտորեն համարժեք չէ սպասումներին: Այս փուլում դրամն ակնհայտորեն կրում է փողի կառուցվածքում դրամային ագրեգատների աճի և դրան զուգահեռ՝ տրանսֆերտների սեզոնային կրճատման ազդեցությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում