Ի՞նչ կա Սոչիի պոչին
Երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Սոչիում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախագահների վերջին հանդիպումը կայացել էր անցյալ տարվա հունիսին, երբ չնայած մեծ ակնկալիքներին՝ առաջընթաց չարձանագրվեց, քանի որ վերջին պահին Ադրբեջանը լրացուցիչ տասը պահանջ էր ներկայացրել, մինչդեռ հայկական կողմը համաձայնել էր ներկայացված փաստաթղթին:
Երեկվա հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու կարևորությունը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հաշվի առնելով մինչ այժմ կատարված աշխատանքը»։
Նախագահների ընդունած հայտարարությունն այնքան հատկանշական չէ, որքան դրան հաջորդած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Վերջինս մասնավորապես ասել է, որ «անհրաժեշտ է հրաժարվել մաքսիմալիստական դիրքերից», և որ «կողմերը պատրաստակամություն են հայտնել արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը և անցնել իրավաբանորեն պարտադիր խաղաղ համաձայնագրի մշակմանը»:
Ինչո՞վ է ուշագրավ Լավրովի հայտարարությունը:
Նախ՝ ի՞նչ է նշանակում «հրաժարվել մաքսիմալիստական դիրքորոշումից»: Եթե Ադրբեջանի համար դա կարող է նշանակել ներկայացրած հավելյալ տասը պահանջներից կամ դրանց մի մասից հրաժարում, ապա պարզ չէ, թե Հայաստանն ինչից է հրաժարվելու՝ Կազանի փաստաթղթին արդեն հավանության տված դիրքորոշումի՞ց:
Երկրորդ՝ վերջին շրջանում Ադրբեջանը հաճախ էր պնդում, որ հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը զուգահեռ պետք է սկսել խաղաղ համաձայնագրի մշակումը: Լավրովի հայտարարությունից այնքան էլ հստակ չէ, թե արդյոք Հայաստանը համաձայնել է արագացնել հիմնարար սկզբունքների ընդունո՞ւմը, թե՞ զուգահեռաբար համաձայնագրի մշակումը:
Ամեն դեպքում, Հայաստանը գործընթացն արագացնելու պարտավորություն է վերցնում մի ժամանակաշրջանում, երբ մտնում է երկարատև ընտրական փուլ՝ նախ խորհրդարանական, ապա նախագահական, երբ իշխանությունների՝ կարգավորման գործընթացն արագացնելու և մանևրելու հնարավորությունները նվազագույնի են հասնում:
Civilnet










