Եվրամիության որոշումն անմիջապես տարածվում է Իրանի հետ նավթամթերքի ձեռքբերման և տարանցման նոր պայմանագրերի վրա, իսկ երկարաժամկետ պայմանագրերը կգործեն մինչև հուլիսի 1-ը։ Բացի այդ՝ Եվրամիությունը կսառեցնի Իրանի Կենտրոնական բանկի հաշիվները, ինչպես նաև կարգելի Իրանի հետ ոսկու և այլ թանկարժեք մետաղների գործարքները։ Նշենք, որ մինչ այդ Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել ԱՄՆ-ը՝ արգելելով բոլոր տեսակի գործարքներ Իրանի Կենտրոնական բանկի հետ։
Իրանի շուրջ օղակի սեղմումն անխուսափելիորեն կտարածվի նաև Հայաստանի վրա։ Թեև ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը Հայաստանին չեն սպառնում Իրանի հետ տնտեսական համագործակցություն ունենալու համար, այդուհանդերձ պատժամիջոցներն առնվազն կազդեն հայ-իրանական էներգետիկ նախագծերի վրա։
Դեռ անցած տարի Թեհրանը և Երևանը հայտարարում էին երեք էներգետիկ ծրագրերի մեկնարկի մասին: Տարեվերջին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ այդ ծրագրերի մեկնարկի ձգձգումը իրանական կողմի պատճառով է։
Արդեն մոտ հինգ տարի է՝ Հայաստանը և Իրանը ապարդյուն քննարկում են Մեղրիի հէկի, Թավրիզ-Երասխ նավթամթերքատար խողովակաշարի, Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների երկաթուղային համակարգերի միացման ծրագիրը։ Եթե այս վերջին նախագիծն ավելի շատ գաղափար է, քանի որ հայտնի չէ, թե որ ներդրողը մի քանի միլիարդ դոլար կհատկացնի Հայաստանն Իրանին կապելու համար, ապա մյուս երեք ծրագրերի իրականացումը իրատեսական է և կախված է Իրանի ֆինանսավորման պատրաստակամությունից:
Խնդիրն այն է, որ այդ երեք ծրագրերը, որոնց ներդրումները գնահատվել են ընդհանուր առմամբ մոտ $650 մլն, պետք է ֆինանսավորի իրանական կողմը։ Այսպես՝ Արաքս գետի վրա 130 ՄՎտ դրվածքային հզորությամբ և $323 մլն արժողությամբ Մեղրի հէկի կառուցման ծրագիրը պետք է իրականացվեր «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» սխեմայով, ինչը ենթադրում է, որ իրանական ներդրումային ընկերությունը հինգ տարվա ընթացքում պետք է կառուցի հէկը, այն շահագործի 15 տարի, որից հետո անհատույց հանձնի հայկական կողմին։ Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը (շինաշխատանքները գնահատվել են €107,9 մլն) նույնպես պետք է իրականացվեր իրանական վարկային միջոցներով:
Իրանը նաև պետք է 50% ֆինանսական մասնակցություն ունենար Թավրիզ-Երասխ նավթամթերքի տեղափոխման խողովակաշարի նախագծում, որի ներդրումները գնահատվել էին $180 մլն: Թեհրանը պարտավորվել էր հատկացնել այդ միջոցների կեսը, և հայկական կողմը բանակցում էր, որ մյուս մասն էլ հատկացներ Թեհրանը՝ վարկի տեսքով։
Իրանը աշխարհում նավթ արտահանող չորրորդ երկիրն է, որի բյուջեի մոտ կեսը գոյանում է նավթի և գազի արտահանումից: Բացի այն, որ Իրանի տնտեսությունը և բյուջեն կախված են նավթի և գազի արտահանումից, դրանց իրացման շուկաները թույլ դիվերսիֆիկացված են։ Իրանական նավթի հիմնական սպառողները, ըստ ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվական վարչության (US Energy Information Administration), Չինաստանն է (22%), Եվրամիությունը (18%), Ճապոնիան (14%), Հնդկաստանը (13%), Հարավային Կորեան (10%), Թուրքիան (7%): Եվրամիություն արտահանվող իրանական նավթի մոտ 40%-ը բաժին է հասնում Իտալիային, 33%-ը՝ Իսպանիային, 11%-ը՝ Ֆրանսիային։
Այսպիսով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից անուղղակիորեն կտուժի նաև Հայաստանը:
Civilnet











