
Երեկ հրավիրված ասուլիսին Տիգրան Դավթյանը ներկայացրեց 2012թ. իր ղեկավարած գերատեսչության գերակա խնդիրները: Դրանք երեքն են՝ արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացում, Համաշխարհային բանկի Doing Business վարկանշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքերի բարձրացում և Հայաստան-ԵՄ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկ: Նախարարի խոսքով՝ այս երեք ուղղությունները չեն նշանակում, որ նախարարությունը սահմանափակվելու է դրանցով և չի անդրադառնալու այլ ոլորտների և խնդիրների։
Հարցին՝ նախարարությունը հաշվարկներ ունի, թե համաշխարհային շուկայում մետաղների ո՞ր գնի պարագայում Հայաստանի հանքարդյունաբերությունը կկորցնի շահութաբերությունը, Տիգրան Դավթյանը կոնկրետ թվեր չնշեց: Ըստ նրա՝ օրինակ՝ պղնձի գնի նվազագույն շեմ՝ կոնկրետ թվի տեսքով, չի կարող լինել, քանի որ ընկերությունների շահութաբերությունը կախված է ինքնարժեքից, կիրառվող տեխնոլոգիաներից, մանևրելու հնարավորություններից։
«Այս պահի դրությամբ գներն այնպիսին են, որ ապահովում են շահութաբերություն։ Պղնձի գների մասով այդքան մեծ մտահոգություն չունենք, բայց մոլիբդենի ներկայիս գների պարագայում մի քիչ նվազել է ընկերությունների շահութաբերությունը՝ հասնելով մինիմալի»,– ասաց Դավթյանը՝ հավելելով, որ ներկայում համաշխարհային շուկայի իրավիճակը հայաստանյան ձեռնարկություններին հնարավորություն է տալիս շարունակել աշխատել շահութաբեր, արդյունավետ և իրականացնել ներդրումային ծրագրերը։
Ըստ նրա՝ այս տարի և մոտ ապագայում հանքարդյունաբերությունը և մետալուրգիան շահութաբեր կլինեն։ «Համաշխարհային շուկայում մետաղների գները դրսևորում են տատանողական վարքագիծ։ Չեմ կարծում, որ շուկայում մեկ-երկու կամ նույնիսկ վեց ամսվա տատանումների պարագայում այդ կարևոր ոլորտը ինչ-որ վարքագծի փոխություններ ընդունի։ Երկարատև հատվածում դրանք պահանջված արտադրություններ են, և կարծում եմ, որ Հայաստանում այդ ոլորտները երկար ժամանակ կհանդիսանան կարևորներից, բայց ոչ միակը»,– ասաց նա։
Այլ տեսակետներ
Անցած տարի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հայտարարել էր, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ պղնձի միջազգային գների նվազագույն շեմը, որի դեպքում Հայաստանում խնդիրները սկսվում են, $4,5 հազ./1 տոննան է։
Նշենք, որ հումք արտահանող և դրանց համաշխարհային գներից կախված գրեթե բոլոր երկրներն ունեն հաշվարկված օպտիմալ գներ, որոնց դեպքում տնտեսությունները կարող են զարգանալ։ Օրինակ՝ Ռուսաստանում հաշվարկել են, որ այս տարի նավթի 1 բարելի օպտիմալ գինը $117-ն է, որի պարագայում բյուջեն կլինի ոչ դեֆիցիտային։ Հայաստանի պարագայում, երբ ՀՆԱ-ում հանքարդյունաբերությունը և մետալուրգիան կազմում են ավելի քան 10%, իսկ արտահանման կառուցվածքում՝ կեսից ավելին, մետաղների օպտիմալ գին չունենալը զարմանալի է։
Հիշեցնենք, որ 2008թ. համաշխարհային շուկայում հուլիսից մինչև դեկտեմբեր (6 ամիս) մետաղների գների նվազման (պղնձի գներն իջել էին 2,5 անգամ՝ մինչև 1 տոննան՝ $3 հազ.) և այդ մակարդակում 4 ամիս պահպանման հետևանքով Հայաստանի հանքարդյունաբերությունը կոլապսի առջև էր կանգնել։
Երեկ Լոնդոնի մետաղների բորսայում 1 տոննա պղնձի գինը $8,33 հազ. էր, իսկ մոլիբդենինը՝ $30,5 հազ.։
Մարտահրավեր կոնյակին
Անցած տարվա վերջին որոշվեց, որ Ռուսաստանն անդամակցելու է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Վերջինիս կանոններով՝ «կոնյակ» ապրանքանիշն օգտագործելու իրավունք ունեն միայն Ֆրանսիայի համապատասխան շրջանի արտադրողները: Այսինքն՝ ինչ-որ պահի Ռուսաստանը, որին բաժին է ընկնում հայկական կոնյակի արտահանման 80%-ը (շուրջ $80 մլն), պետք է սկսի հետևել այդ կանոններին: «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակը» փաստաթղթում կոնյակին հատկացված է 30 էջ, սակայն ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վտանգների մասին որևէ խոսք չկա:
«Օրակարգ»-ի հարցին, թե ինչ վնասներ կարող է կրել Հայաստանի կոնյակագործությունը ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունից հետո, Տիգրան Դավթյանը պատասխանեց. «Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարումը ԱՀԿ-ի առջև սահուն է լինելու՝ 6-7 տարվա ընթացքում, և չեմ կարծում, որ լինեն կտրուկ փոփոխություններ, նույնիսկ կոնյակի պարագայում»:
Նախարարն ասաց, թե հնարավոր փոփոխությունները կարող են վերաբերել ոչ թե Ռուսաստան հայկական կոնյակ թողնել-չթողնելուն, այլ պարզապես անվան օգտագործմանը։ «Պետք է ճանաչելի դարձնել ապրանքային նշանը, այլ ոչ թե այդ ապրանքի անունը։ Օրինակ՝ Երևանի կոնյակի գործարանը Ռուսաստանում ավելի ճանաչելի է դարձնում ոչ թե այդ խմիչքի անվանումը՝ «կոնյակ» կամ «բրենդի», այլ «ԱրԱրԱտ» ապրանքային նշանը»,– ասաց նա՝ հավելելով, որ այն ժամանակահատվածը, որը ընկած կլինի մինչև հավանական փոփոխությունները, հայկական արտադրողները պետք է կարողանան օգտագործել իրենց ապրանքային նշանները ռուսաստանցի սպառողներին ներկայացնելու համար։ Արդյունքում, ըստ նախարարի, ռուս սպառողների վարքագիծը շատ չի փոխվի, քանի որ նրանք կկապվեն ապրանքանիշին, ոչ թե «հայկական կոնյակ» անվանմանը։
Civilnet











