
Ըստ ԱՄՀ-ի՝ գլոբալ տնտեսության աճը վտանգում են եվրոգոտում աճող լարվածությունն ու այլ տարածաշրջանների խոցելիության մեծացումը։ Հիմնադրամի մասնագետների կարծիքով՝ վատթարացել է ֆինանսական վիճակը, խամրել են աճի հեռանկարները, ավելացել են նվազման ռիսկերը։
Համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը պայմանավորված կլինի սպասումներով, որ եվրոգոտին, սուվերեն պարտավորությունների (պարտատոմսերի) եկամտաբերության աճի, բանկերի կողմից վարկավորման ծավալների նվազման և բյուջետային կոնսոլիդացիայի հետևանքով, կմտնի չափավոր ռեցեսիայի փուլ։ Ըստ ԱՄՀ-ի՝ այս տարի եվրոգոտում կարձանագրվի 0,5% անկում՝ նախորդ կանխատեսման 1,1% աճի փոխարեն։
Եվրոգոտում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի վստահության վերականգնումը և ճգնաժամի հաղթահարումը աճի ապահովման միջոցով, դրան զուգահեռ պետք է զսպել փոխառու միջոցների ավելացումը։
Ձևավորվող շուկայական տնտեսություններ և զարգացող տնտեսություն ունեցող երկրներում նույնպես կնկատվի աճի դանդաղում, ինչը պայմանավորված կլինի արտաքին միջավայրի վատթարացման և ներքին պահանջարկի կրճատմամբ։ Այսպիսի տնտեսություններում աճը կլինի 5,4%՝ անցած տարվա սեպտեմբերին կանխատեսված 6,1%-ի փոխարեն։
ԱՊՀ տարածաշրջանի համար 2012թ. ԱՄՀ-ն կանխատեսել է 3,7% աճ (սեպտեմբերի 4,4%-ի դիմաց)։ Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցվել է 0,8-տոկոսային կետով՝ մինչև 3,3%։
ԱՄՀ-ն ձևավորվող շուկայական տնտեսություններ ունեցող երկրներում առաջնահերթ է համարում միջոցառումները, որոնք միտված կլինեն մեղմելու տնտեսական աճի դանդաղումն ու արտաքին պահանջարկի նվազման հետևանքները։
Նշենք, որ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներ Ռուսաստանում և Եվրամիությունում աճի դանդաղումն անմիջապես անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա։
Civilnet











