Թե որքանով էր Շաբոյանի ուշանալը կապված տուգանքի կրճատման հետ, պարզ չէր: Սակայն մինչև նիստը հանձնաժողովի անդամները նախանիստ էին անցկացրել, որի ընթացքում քննարկել էին «Քեթրին գրուպ»-ին տուգանելու հարցը։ Այսինքն՝ այդ նախանիստին արդեն իսկ համաձայնեցված է եղել տուգանքի չափը: Տուգանքի չափի փոփոխությունից կարելի է ենթադրել, որ հանձնաժողովի նախագահը նախանիստի և նիստի միջև ընկած ժամանակահատվածում «վերևից զանգ» է ստացել:
Երեկվա նիստին ՏՄՊՊՀ փորձագետներից մեկը, ներկայացնելով խնդիրը, առաջարկեց «Քեթրին գրուպ»-ին տուգանել Դ20 մլն, որից հետո, երբ ձայնը տրվեց ընկերության ներկայացուցիչներին, նրանք ոչ մի առարկություն չհայտնեցին այդ կապակցությամբ: Հավանաբար արդեն տեղյակ էին, որ տուգանքի չափը քիչ անց կկրճատվի:
Տուգանքի չափը կրճատելու որոշումը հանձնաժողովի անդամները բացատրեցին նրանով, որ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել, և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել, և ընկերությունը խախտումն արդեն վերացրել է:
(Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Քեթրին գրուպ»-ը պատկանում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին: Վերջինս, սակայն, անցած շաբաթ հրավիրած ասուլիսին հայտարարեց, որ 2008-ից, երբ անցել է աշխատանքի պետական համակարգում, դադարել է զբաղվել բիզնեսով):
Չարաշահման պատմությունից
Դեռ նախորդ տարի մայիսին հանձնաժողովի մոնիթորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում՝ վերավաճառողների մոտ, 1 պարկ (50 կգ) պարարտանյութի մինչև Դ10 հազ. գին էր արձանագրվել: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսավարողների՝ ապրանքի ձեռքբերման փաստաթղթերը՝ հանձնաժողովը պարզել էր, որ այն Դ6,2-6,4 հազ. է: Դրա հիման վրա ՏՄՊՊՀ-ն որոշել էր հատուկ հսկողություն հաստատել պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որ շուկայում գործող գերիշխող տնտեսավարողները պարարտանյութն իրացնեն ողջամիտ՝ Դ7 հազ. գնով: Բայց հետագայում «Քեթրին գրուպ»-ը 1 պարկի վաճառքի գինը բարձրացրել էր Դ600-ով այն դեպքում, երբ ապրանքի ինքնարժեքն ավելացել էր ընդամենը Դ200-ով:
Այս առնչությամբ հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել և ստուգումների միջոցով պարզել, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպ»-ը ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:
Հարցեր
Ուշագրավ է, որ «Քեթրին գրուպ» ընկերությանը տուգանելու հարցը քննարկվում է այս տարի, այն դեպքում, երբ վարույթը հարուցվել էր անցած տարի: «Քեթրին գրուպ»-ին տուգանելու խնդիրն այս տարի տեղափոխելու գործում հնարավոր է՝ դեր խաղացած լինի Կառավարության որոշումը, որով պետք է սուբսիդավորվեն ազոտական պարարտանյութերը։ Նախորդ տարիներին «Քեթրին գրուպ»-ը եղել է Կառավարության՝ «Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի» մատակարարը։
Անցած տարի դեկտեմբերի 22-ին Կառավարությունը հաստատել է նույնանման ծրագիր, որով Գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է Դ1 մլրդ, որպեսզի այն փոխանցվի մատակարարին՝ 25 հազ. տոննա ազոտական պարարտանյութ (ամոնիակային սելիտրա) ձեռք բերելու և մինչև 2012թ. ապրիլի 10-ը հողօգտագործողներին ծրագրում ամրագրված գնով (1 պարկը՝ Դ6 հազ.) վաճառելու համար։ Այս տարի պարարտանյութի մատակարարը լինելու է ոչ թե «Քեթրին գրուպ»-ը, այլ «Կոտայքի բերրիություն» ընկերությունը։
Չի բացառվում, որ «Քեթրին գրուպ»-ին պատժում են նաև Կառավարության ծրագրից դուրս թողնելով:
Պարարտանյութերի շուկայի 76%-ը վերահսկում են երեք ընկերություններ՝ «Քեթրին գրուպ»-ը (30%), «Ագրիմատկո Արմենիա» և «Մասիսի բերրիություն» ընկերությունները:
Civilnet











