Ըստ ԶՀԳ տնօրենի՝ ավստրալացի մասնագետների հետ մշակվել է ոչխաբուծական ծրագիր, որի արդյունքում հնարավոր է Հայաստանում տիպային ֆերմաների ստեղծման ներդրումային առաջարկ պատրաստվել: Նրա խոսքով՝ ներկայում ծրագիրը քննարկվում է Քուվեյթի ներդրողների հետ։
Ոչխարաբուծության ոլորտը, թերևս, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ԶՀԳ-ի համար: Անցած տարվա հունիսին Ռոբերտ Հարությունյանի ասուլիսից տեղեկացանք, օրինակ, որ 2009թ. գործակալությունը մշակած է եղել ոչխարի և ոչխարի մսի արտահանման ծրագիր։ Հունիսին ԶՀԳ տնօրենն ասել էր, որ աշխատանքներ են տարվում ավստրալական ընկերության հետ, և «մեկ ամսվա մեջ արդեն այդ ֆիրման կներկայացնի իր ներդրումային փաթեթը»:
Ուշագրավ է, որ Հայաստանի ոչխարաբուծությունը առանց ավստրալացիների էլ իրեն վատ չի զգում, ինչի մասին վկայում է վիճակագրությունը: Օրինակ՝ 2011թ. ինը ամիսներին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանվել է 11 հազ. գլուխ ավելի ոչխար (ընդհանուր՝ 76 հազ. գլուխ)։
ԶՀԳ տնօրենը անցած տարվա գործերի մասին խոսելիս անդրադարձել է նանոտեխնոլոգիաներին: Ըստ նրա՝ ռուսական «Ռոսնանո» ընկերությունը բանակցություններ է վարում հայկական «Էկոատոմ» ընկերության հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ, որը կզբաղվի մագնեզիումի արտադրությամբ։ Ծրագրվում է, որ արտադրությունը կսկսվի 2-3 ամիս հետո։ Առաջին փուլում կարտադրվի տարեկան 1 տոննա մագնեզիում, որի համար անհրաժեշտ է լինելու կատարել $6 մլն-ի ներդրում։
Civilnet










