Գլխավոր Լրահոս

Կոնսենսուս մինուս մեկ

Խորհրդարանը հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգով ձևավորելու խնդիրը այսօր հասարակությանը հուզող կարևորագույն հարցերից չէ: Երեկ հրավիրած ասուլիսին նման տեսակետ է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Պետք է ոչ թե ձևի հետևից ընկնել, այլ բովանդակության: Առնվազն ազնիվ չեն այն մարդիկ, ովքեր շահարկում են այս թեման»,– ասել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր, ելնելով իր առանձնահատկություններից, ընտրում է իրեն հարմար ձևը (1in.am):

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ժառանգության» և Դաշնակցության՝ մեծամասնական ընտրակարգը վերացնելու նախաձեռնությունը բառացիորեն ողջունեցին Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը՝ բացառությամբ իշխող ՀՀԿ-ի (ՕԵԿ-ը չի հաշվվում, քանի որ այն ներկայում ՀՀԿ-ի կցորդն է): Վերջին մի քանի տարիներին դժվար է հիշել որևէ այլ նախաձեռնություն կամ գաղափար, որի շուրջ այսպիսի լայն քաղաքական համաձայնություն լիներ:

Նախաձեռնությանն ընդդիմացող միակ ուժը ՀՀԿ-ն է, որի խնդիրը իշխանության վերարտադրությունն ապահովելն է՝ ցանկացած եղանակով: Այսինքն՝ Հայաստանում ստեղծվել է «կոնսենսուս՝ մինուս մեկ» իրավիճակ, երբ «մեկ»-ի ցանկությունը դոմինանտ է:

Մայիսյան ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, և Հայաստանի քաղաքական ուժերը չպետք է ավելորդ պատրանքներ ունենան, որ մեծամասնականի վերացման կողմնակիցների թվի մեծանալը հանգեցնելու է այդ ընտրակարգի վերացմանը: Ամենևին ոչ:

Հետևապես՝ քաղաքական բոլոր կուսակցությունների ու դաշինքների շահերից է բխում (կրկին բացառությամբ մեկ ուժի)՝ առնվազն մեկ՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում ջանքերն ու գործողությունները համախմբել:

Այդ միասնականությունը բոլորովին էլ չի նշանակում այդ ուժերի միջև մրցակցության բացառում: Ընդհակառակը՝ հենց այդ միասնականությունը կարող է ապահովել իրական մրցակցություն:

Քաղաքական ուժերը սա պետք է գիտակցեն: Հակառակ պարագայում ընտրությունները հերթական անգամ կծառայեն ՀՀԿ-ի ինկուբացիային:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում