Ամենայն հավանականությամբ՝ վարչապետի այս հարցին Ստեփան Մնացականյանը որոշել է պատասխանել ամենայն լրջությամբ և արդեն ներկայացնելով 2011թ. արդյունքները՝ ճշգրտել է շինոլորտի անկումը՝ «նպաստելով տնտեսական ակտիվության աճին»։
Ըստ ԱՎԾ-ի՝ 2011թ. նախորդ տարվա համեմատ Հայաստանում արձանագրվել է 5,9% տնտեսական ակտիվություն։ Տնտեսական նման ակտիվությունը ստացվել է այն բանի արդյունքում, որ ԱՎԾ-ն ճշգրտել է սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ինդեքսները։ Այսպես՝ եթե նոյեմբերին հրապարակված տեղեկատուում նշված է, որ 2011թ. սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 9%-ով, հոկտեմբերին՝ 3%-ով, իսկ նոյեմբերին՝ 2,4%-ով, ապա երեկվա տեղեկատուից երևում է, որ սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 9,7%, հոկտեմբերին՝ 4,1%, իսկ նոյեմբերին՝ 3,1%։
Վիճակագրությունում ճշգրտման պրակտիկան նոր չէ: Սակայն հարկ է նկատել, թե որ ոլորտների հաշվին են եղել այդ ճշգրտումները։ ԱՎԾ-ի նախորդ և երեկվա հրապարակումների համադրությունից երևում է, որ վիճակագիրները լրջորեն «աշխատել» են շինարարության ցուցանիշների վրա։ Այսպես՝ ներկայում վիճակագիրները գտնում են, որ անցած տարվա սեպտեմբերին շինոլորտի անկումը եղել է ոչ թե 25,2%, այլ 17,6%, հոկտեմբերին՝ 16,9%, ոչ թե 25%, իսկ նոյեմբերին՝ 4,5%, ոչ թե 13,3%։ Վիճակագիրների «աշխատանքի» արդյունքում շինոլորտում անցած տարի, 2010թ. համեմատ, արձանագրվել է ընդամենը 11,5% անկում։
Հասկանալի է, որ շինարարության ոլորտում նման լուրջ ճշգրտումները չէին կարող դրական չազդել ընդհանուր տնտեսական ակտիվության վրա, քանի որ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 17%:
Այլ թվեր
Շինոլորտի ճշգրտումները և մյուս ոլորտներում արձանագրված աճը նպաստել են, որ անցած տարին այդքան էլ վատ չփակվի։ Այսպես՝ 2011թ. արդյունաբերության ոլորտը 2010թ. համեմատ աճել է 14,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների նպաստավոր գներով և հանքարդյունաբերության ոլորտի (մասնաբաժինը արդյունաբերությունում՝ մոտ 30%) աճով։ Գյուղատնտեսությունը 2010թ. ցածր բազայի վրա նույնպես աճել է 14,1%-ով։
Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 6,1%, ինչը զգալիորեն պայմանավորված է ԱՊՊԱ ինստիտուտի ներդրումով, բանկերի, հանրային սննդի ծառայությունների աճով։ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 14,5%-ով, ինչը մեծապես պայմանավորված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարումներով։
Առևտրաշրջանառության ծավալներն անցած տարի ավելացել են 3,5%-ով՝ ընթացիկ գներով կազմելով Դ2 տրլն։
Անցած տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 14,4%-ով՝ կազմելով $5,5 մլրդ: Արտահանումը կազմել է $1,3 մլրդ (աճը՝ 27,7%), ներմուծումը՝ $4,2 մլրդ (աճը՝ 10,7%)։ Թեև արտահանման աճի տեմպը ներմուծման ցուցանիշից երկու անգամ ավելի է եղել, ներկրումը շարունակել է արտահանումը գերազանցել 3,2 անգամ։
Ուշագրավ է, որ անցած տարի 2010թ. համեմատ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5,9%-ով (կազմել է Դ115,2 հազ.), իսկ սպառողական գների ինդեքսը կազմել է 7,7%։ Մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2011թ. աճել է 3,9%-ով (կազմել է Դ141 հազ.), պետական համակարգում՝ 6,4%-ով (կազմել է Դ93,2 հազ.)։
Civilnet











