Գլխավոր Լրահոս

Եվրո-չինական մարտահրավերներ

Եվրո-չինական մարտահրավերներ

ԱՄՀ-ի կողմից բոլոր տարածաշրջանների, այդ թվում՝ ԱՊՀ-ի և Եվրամիության տնտեսական աճերի համատարած վերանայումը չի կարող անհետևանք մնալ Հայաստանի համար։ Թեև ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարների թարմացում» հունվարյան զեկույցի սեղմագրում բացակայում են Հայաստանի տվյալները, բոլոր զարգացումները հուշում են, որ հիմնադրամը վերանայել է նաև Հայաստանի տնտեսական աճի սեպտեմբերյան կանխատեսումը (որով 2012թ. ակնկալվում էր 4,3% աճ)։ Չափազանց կարևոր է իմանալ, թե ԱՄՀ-ն ինչ չափով է նվազեցրել աճի կանխատեսումը։ Խնդիրն այն է, որ 2012թ. ՀՀ պետբյուջեի Դ101 մլրդ հավելյալ եկամուտներից մոտ Դ70 մլրդ-ը պետք է ապահովի 4,2% տնտեսական աճը և 4±1,5% շրջանակում գտնվող գնաճը։

Հայաստանի Կառավարությունը բյուջեն ծրագրելիս հիմք էր ընդունել ԱՄՀ-ի սեպտեմբերյան կանխատեսումները: Այժմ ԱՄՀ-ի կողմից նախորդ կանխատեսումների նվազեցումը կասկածի տակ է դնում Կառավարության կողմից բյուջեի հիմքում դրված ցուցանիշների իրատեսականությունը։ Այս տարի Հայաստանի տնտեսական աճի իրատեսականությունը չափազանց կարևոր է, քանի որ յուրաքանչյուր 0,1-տոկոսային կետը մոտավոր հաշվարկներով պետք է ապահովի մոտ Դ2 մլրդ հավելյալ բյուջետային եկամուտ։

Հայաստանի տնտեսական կառուցվածքն այսօր այնպիսին է, որ տնտեսական աճը մեծապես պայմանավորված է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներով և պարզապես եղանակով. ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը մոտ 15% է (արդյունաբերության 1/3-ը հանքարդյունաբերությունն է), գյուղատնտեսության մասնաբաժինը՝ 17%։

Նման պայմաններում Հայաստանի տնտեսական աճը լրջորեն վտանգված է, քանի որ Հայաստանի երկու ամենախոշոր առևտրային գործընկերների մոտ տնտեսական աճի դանդաղում է սպասվում։ Ռուսաստանում սպասվում է ոչ թե 4,1%, այլ 3,3% տնտեսական աճ, իսկ Եվրամիությունում նախկինում ակնկալված 1,1% աճի փոխարեն կարձանագրվի 0,5% տնտեսական անկում։

Սա նշանակում է, որ Ռուսաստանում առաջին հերթին բնակչության գնողունակության լուրջ աճ չի լինի, իսկ Եվրամիությունում կկրճատվեն արդյունաբերական ընկերությունների արտադրական ծավալները։ Ռուսաստանին և Եվրամիությանը բաժին է ընկնում Հայաստանի արտահանման մոտ 65%-ը։

ՀՀ Կառավարությունը այս տարվա բյուջեի ուղերձում կանխատեսել էր, որ արտահանումը կաճի 13,5%-ով, արդյունաբերությունը՝ 7,5%-ով, ծառայությունները՝ 3,5%-ով:

Արտաքին շուկաներում պահանջարկի նվազումը կդանդաղեցնի առաջին հերթին Հայաստանի արդյունաբերության աճը։ Հայաստանի արտահանման 1/2-ից ավելին կազմում է հանքարդյունաբերության և մետալուրգիայի արտադրանքը, իսկ դրա 2/3-ը բաժին է ընկնում Եվրամիությանը։

Եթե նույնիսկ մետաղների համաշխարհային շուկայում գների նվազում չլինի, ինչը քիչ հավանական է, պահանջարկի կրճատումն անխուսափելի է։ Եթե հաշվի առնենք, որ ԱՄՀ-ն չի հավատում նաև Չինաստանի տնտեսությանը (աճի ցուցանիշը նվազեցրել է 0,8-տոկոսային կետով՝ մինչև 8,2%), պարզ է դառնում, որ Չինաստանը չի կարողանա փոխհատուցել Եվրամիության կողմից մետաղների պահանջարկի անկումը։ Չինաստանին բաժին է ընկնում պղնձի համաշխարհային սպառման շուրջ 20%-ը, ինչը նշանակում է, որ տնտեսական աճի դանդաղման հետևանքով կդանդաղի նաև այդ երկրում կարմիր մետաղի սպառման աճը՝ անուղղակի ազդելով նաև Հայաստանից արտահանվող պղնձի աճի վրա։

Հայաստանի հանքարդունաբերությունը պատկերավոր ասած՝ կանգնած է եվրո-չինական մարտահրավերների առջև, և խնդիրների բարդությունը կախված է լինելու այդ շուկաներում պահանջարկի նվազման աստիճանից։

Հայաստանի ՀՆԱ-ի 10%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը: Այս ոլորտի հնարավոր խնդիրները միանգամից ազդեցություն են թողնում ողջ տնտեսության, այդ թվում՝ սպառման վրա։ Ապացույցը՝ 2008թ. ճգնաժամը:

Եթե հաշվի առնենք նաև Ռուսաստանի գործոնը, մասնավորապես այդ երկրում սպառման նվազումը, ինչպես նաև այն, որ այս տարի, ըստ ԱՄՀ-ի, 1 բարել նավթի միջին գինը կլինի 201թ. մակարդակին՝ $100, ապա Հայաստան մասնավոր փոխանցումների լուրջ աճ նույնպես չի ակնկալվում։ Հայաստան Ռուսաստանից մասնավոր փոխանցումների (Ռուսաստանին բաժին է ընկնում մոտ 80%-ը) և նավթի գների միջև առկա է ուղղակի կապ՝ որոշակի ժամանակային լագով: Դա նշանակում է, որ նավթի գների անփոփոխ մնալու դեպքում անփոփոխ կմնան նաև Հայաստան փոխանցվող գումարների ծավալները։ Սա նշանակում է, որ ներքին շուկայում սպառման աճը նույնպես դանդաղ կլինի։

Փաստորեն, ինչպես նշվեց, արտաքին մակրոմիջավայրի փոփոխությունը վտանգելու է առաջին հերթին Հայաստանի պետբյուջեի կատարումը։ Եթե հաշվի առնենք, որ գալիք տարվա ՀՀ բյուջեով նախատեսվում է ծախսերն ավելացնել Դ41,5  մլրդ-ով և միևնույն ժամանակ բյուջեի դեֆիցիտը կրճատել Դ16  մլրդ-ով, ապա տնտեսական աճի դանդաղման հետևանքով լրացուցիչ եկամուտների պլանը չկատարելու դեպքում Կառավարությունը պետք է ընտրություն կատարի ծախսերի և պակասուրդի միջև։

Հ.Գ.

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը անցած տարի «Օրակարգ»-ի հետ հարցազրույցում (20.12.2011թ.), պատասխանելով հարցին, որ եթե իրադարձությունները զարգանան բացասական սցենարով, Կառավարությունը գնալու է ծախսերի կրճատմա՞ն, թե՞ բյուջեի պակասուրդի ավելացման ճանապարհով, ասել էր. «Մենք դիտարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները։ Բնականաբար, կարող ենք որոշակի ծախսեր կրճատել, կարող ենք որոշակի եկամուտների ավելացում ունենալ և կարող ենք բանակցել դոնորների հետ՝ լրացուցիչ աջակցություն ստանալու ուղղությամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում