Գլխավոր Լրահոս

Հարստություն փնտրել հողի վրա

Հարստություն փնտրել հողի վրա

-Պրն Սոհիգյան, ի՞նչ է կանաչ տնտեսությունը:

-Կանաչ տնտեսությունը հասկացություն է, որն առաջին անգամ օգտագործվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրում՝ նկարագրելու տնտեսության այնպիսի մոդել, որը կարող է նպաստել մարդկանց բարեկեցությանը և սոցիալական հավասարությանը՝ միաժամանակ նվազեցնելով ռիսկերը շրջակա միջավայրի համար: Այս թեման քննարկումների լայն ալիք է ստեղծել համաշխարհային հարթակներում, քանի որ այսօր մենք կանգնած ենք բնական ռեսուրսների ոչնչացման եզրին: Այս թեմային է նվիրված նաև «Կայուն զարգացում» խորագրով «Ռիո+20» համաժողով:

Կանաչ տնտեսության կարևորությունն այն է, որ գոյություն ունի կապ, ասենք, անտառների և ջրային ռեսուրսների միջև, ինչի պատճառով բիզնեսը կախված է շրջակա միջավայրից: Անտառները թույլ են տալիս պաշտպանվել ջրհեղեղներից և ապահովում են հողատարածքների վերականգնումը: Հետևաբար, շրջակա միջավայրի ռազմավարությունը կարող է պաշտպանել կարևոր ջրբաժանները անտառների պահպանության միջոցով: Այսինքն՝ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, ինչը կարելի է օգտագործել տնտեսական նկատառումներով:

-Հայաստանի համար որքանո՞վ է կարևոր կանաչ տնտեսությունը, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, տնտեսությունը ծայրահեղորեն կախված է հանքարդյունաբերությունից:

-2011թ. սեպտեմբերին երևանյան TEDx-ին իմ ելույթում ես նշեցի, որ Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող առնվազն երեք ոլորտներ կախված են շրջակա միջավայրից: Դա ըմպելիքների արտադրության, տուրիզմի և հիդրոէներգետիկայի ոլորտներն են, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանի տնտեսության կարևոր մասն է:

Ներկայիս «բիզնեսն ինչպես որ կա» սցենարը կհանգեցնի կլիմայական պայմանների փոփոխությանն ու անտառածածկի նոսրացմանը, ինչի հետևանքով մենք գալիք տարիների ընթացքում կզգանք ջրային ռեսուրսների ավելի սուր պակաս, ջերմաստիճանի ավելի ծայրահեղ տատանումներ և հողերի անապատացում: Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս վարել ավելի ակտիվ բնապահպանական կառավարում, մասնավորապես այն ընկերությունների համար, որոնք կախված են շրջակա միջավայրի ծառայություններից, ինչպիսիք են մաքուր ջուրը, գեղագիտական հաճույքի ապահովումը և հողի վերին շերտի պաշտպանությունը:

-Հասարակությունն ու բիզնեսը շրջակա միջավայրի նկատմամբ ունեն տարբեր մոտեցումներ և շահեր: Հնարավո՞ր է արդյոք հասնել կոմպրոմիսի:

-Կան բազմաթիվ օրինակներ և իրավիճակներ, որոնք կարելի է բնորոշել որպես «հաղթանակ-հաղթանակ» կամ «առանց ափսոսանքի» տարբերակ, որտեղ ներդրումը բնապահպանության մեջ ունեցել է սոցիալական և տնտեսական օգուտներ: Միացյալ Նահանգների Բնապահպանության գործակալությունը Նյու Յորք քաղաքից պահանջում է տեղադրել զտիչ սարքավորումներ քաղաքի ութ միլիոն բնակչին մաքուր ջուր մատակարարելու համար:

Նրանք բացահայտել են, որ գործարան կառուցելու փոխարեն կարող են գումար հատկացնել ընդամենը պաշտպանելու մոտակա լեռների ջրահավաք ավազանը, որի 75%-ը անտառածածկ է: Այդ միջոցով հնարավոր է խնայել $4,5 մլրդ, ինչպես նաև՝ $250 մլն տարեկան գործառնական ծախսերի կրճատման հաշվին:

Այս իրավիճակում շրջակա միջավայրի պաշտպանությունը կարևոր է նաև պոտենցիալ բիզնես ռիսկերը կառավարելու տեսանկյունից, եթե ռեսուրսները սակավ են: Կարծում եմ՝ դա նույնիսկ ավելի կարևոր է Հայաստանի, քան այլ պետությունների համար, քանի որ մենք քիչ հող ունենք, աշխարհաքաղաքական պատճառներով մեկուսացման մեջ ենք: Հետևաբար՝ պետք է խելացի լինենք և ռազմավարորեն պլանավորենք մեր զարգացումը: Դա նշանակում է, որ բիզնեսը պետք է լինի սոցիալապես պատասխանատու:

-Ձեր գնահատականով՝ որքանո՞վ է պաշտպանված շրջակա միջավայրը Հայաստանում:

-Ես նկատել եմ, որ Հայաստանում ուշադրությունը կենտրոնացած է կայուն զարգացման հետ կապված սոցիալական և տնտեսական խնդիրների վրա, իսկ շրջակա միջավայրի կամ բնական կապիտալի կարևորությունը հաճախ անտեսվում է: Կարծում եմ՝ սա ռազմավարական սխալ է՝ հատկապես հաշվի առնելով մեր բնական ռեսուրսների պակասը ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մասշտաբով: Բացի այդ՝ հասարակությունը և բիզնեսը մեծապես կախված են շրջակա միջավայրի օգուտներից:

Կանաչ տնտեսությունը ոչ միայն չի զսպում հարստության կամ աշխատատեղերի ստեղծումը, այլև հնարավորություն է ստեղծում նոր ներդրումների և աշխատատեղերի ստեղծման: Օրինակ՝ վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների մշակումը և տեղադրումը, ավելի արդյունավետ էներգետիկ շենքերի կառուցումը կարող են հանգեցնել ծախսերի կրճատման: Բացի այդ՝ անտառների բարելավված կառավարումը կարող է ապահովել գյուղական բնակչության կայուն զարգացումը՝ պահպանելով Հայաստանի մի շարք կարևոր տնտեսական ոլորտները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում