Երեկ Կառավարությունը մասնակի հավանություն է տվել «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը։ Կառավարությունն առաջարկում է Հայաստանում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի UTC+4 ժամային գոտին՝ միաժամանակ դադարեցնելով մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը:
Ուշագրավ են պատգամավորների օրինագծի վերաբերյալ նախարարությունների եզրակացությունները և հնարավոր ազդեցությունների գնահատականները։
Օրինակ՝ Առողջապահության նախարարության կարծիքով՝ այն «առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա» (հավանաբար նկատի ունեն՝ մարդկանց առողջության վրա):
Գերատեսչություններից մեկն էլ (որոշման նախագծում չի երևում, բայց հավանաբար Էկոնոմիկայի նախարարությունն է) գտնում է, որ օրենսդրական փոփոխությունն ընդունելու դեպքում այն գործարար և ներդրումային միջավայրի վրա չի ազդի։
Մեկ այլ գերատեսչություն էլ (հավանաբար՝ ՏՄՊՊՀ-ն) պարզել է, որ նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որևէ ապրանքային շուկայի հետ, ուստի դրա ընդունմամբ որևէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Ֆինանսների նախարարությունը մյուս գերատեսչությունների պես շատ դերի մեջ չի մտել և պարզապես իր եզրակացությունում գրել է, որ նախագծի թե՛ ընդունումը, թե՛ չընդունումը բյուջետային քաղաքականության, բյուջետային եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնում։
Արդարադատության նախարարությունն իր եզրակացության մեջ գրել է, որ «ամառային» ժամանակից հրաժարվելը որևէ կոռուպցիոն գործոն չի պարունակում։
Ռուսների հետքերով
Որ Հայաստանը հրաժարվելու է «ամառային» ժամանակից, պարզ էր դեռ անցած տարվա սկզբին, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարեց դրանից հրաժարվելու մասին:
Ռուսաց նախագահի որոշմանն անմիջապես արձագանքեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, որը փետրվարի սկզբին հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը ժամային գոտին փոխելու և սեզոնային ժամանակին անցնելը դադարեցնելու շուրջ քննարկումներ է նախաձեռնել՝ քանի որ «ներկայում Հայաստանը գտնվում է UTC+4 ժամային գոտում, սակայն երկրի աշխարհագրական դիրքը թելադրում է UTC+3 ժամային գոտուն անցնելու անհրաժեշտությունը»: «Մասնագետների կարծիքով՝ ժամային գոտին փոխելը մեզ թույլ կտա բիզնեսի ու տուրիզմի տեսանկյունից մոտ լինել Ռուսաստանին և Եվրոպային»,– ասել էր էկոնոմիկայի նախարարը:
Կառավարության երեկվա նիստից պարզ է դառնում, որ Հայաստանն այժմ ժամային գոտի չի փոխում և ընդամենը հրաժարվում է «ամառային» ժամանակից։
Եթե հանկարծ Ռուսաստանում որոշեն վերադառնալ երկու՝ «ձմեռային» և «ամառային» ժամանակներ ունենալու պրակտիկային, Հայաստանում հավանաբար նոր օրինագիծ կներկայացնեն դա կրկնելու համար։
Civilnet











