Հայաստանում արտահանման խթանման և ներմուծման փոխարինման նպատակով 2009թ. «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ, ըստ որոնց՝ ներդրումային ծրագրերի շրջանակում Դ300 մլն-ը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է մինչև երեք տարի: Օրենքի փոփոխությամբ արտոնությունները պետք է տրամադրվեն այն ընկերություններին, որոնց գործունեությունը պետք է նպաստի արտահանմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Կառավարության երեկվա որոշումից հասկանալի չէ, թե ինչ չափանիշներով է միևնույն տեսակի գործունեություն իրականացնող մի ընկերությանը արտոնություն տրամադրվում, մյուսին՝ ոչ։
Էկոնոմիկայի նախարարությանը ներդրումային ծրագրերով ներկրված սարքավորումների ԱԱՀ-ի վճարման ժամկետի երկարաձգման խնդրանքով դիմել էին երկու էներգետիկ ընկերություն՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիան» (ՄԷԿ) (որին պատկանում է Սևան-Հրազդան հէկերի համալիրը) և «Ամբերդ հէկ»-ը։ Մի կողմ թողնենք հարցը, թե այդ ինչպես են երկու ընկերությունները նպաստելու արտահանման խթանմանն ու ներկրման փոխարինմանը: Եթե այնուամենայնիվ նպաստելու են, հստակ չեն չափորոշիչները՝ ինչպես և ինչու՝ մեկը՝ այո, մյուսը՝ ոչ:
ՄԷԿ-ի խնդրանքի մերժումը Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է նրանով, որ ընկերության կողմից իրականացվող գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հնարավոր չէ գնահատել արտահանման խթանումը և ներմուծման փոխարինումը, պատշաճ մարկետինգային քաղաքականության չափորոշիչները:
Իսկ ահա «Ամբերդ հէկ»-ին տրվել է ԱԱՀ-ի վճարման երկարաձգման հնարավորություն, թեև համապատասխան որոշման մեջ չի նշվում, թե դրա արդյունքում որքան էլեկտրաէներգիա է ընկերությունը պատրաստվում արտահանել և ինչպես է նպաստելու էլեկտրաէներգիայի ներկրման կրճատմանը (Հայաստանը էլեկտրաէներգիա չի ներկրում, այլ արտահանում է)։
Ուշագրավ է, որ եթե ՄԷԿ-ը սարքավորումները ներկրելու էր գործող հէկի արդիականացման համար, «Ամբերդ հէկ»-ը սարքավորումները (ընդհանուր առմամբ Դ370,5 մլն արժողությամբ 4 գեներատոր) ներկրելու է կառուցվող երկու հէկերի համար։
Ներկայում «Ամբերդ հէկ» ընկերությունը Արագածոտնի մարզի Օրգով համայնքում շահագործում է միայն մեկ փոքր հէկ, իսկ մյուս երկուսը գտնվում են կառուցման փուլում։
Հնարավոր է՝ Կառավարությունը խտրական է եղել՝ հաշվի առնելով այդ երկու ընկերությունների կողմից ներկրվելիք սարքավորումների արժեքը և դրանց դիմաց վճարվելիք ԱԱՀ-ի չափը: Եթե «Ամբերդ հէկ»-ի պարագայում բյուջեն չի ստանա Դ70 մլն, ապա ՄԷԿ-ի դեպքում այդ գումարը կկազմեր Դ400 մլն (նախատեսվում է ներկրել Դ2 մլրդ-ի սարքավորում):
Մյուս կողմից, եթե ՄԷԿ-ը Հայաստանի էներգետիկ համակարգում 561 ՄՎտ ընդհանուր հզորությամբ իր յոթ հէկերով տրամադրում է ամենաէժան էլեկտրաէներգիան, ապա «Ամբերդ հէկ»-ի երեք հէկերի դրվածքային հզորությունը մոտ 30 ՄՎտ է, և վերջինիս դերակատարությունը էներգետիկ համակարգում չափազանց փոքր է։
Չի բացառվում նաև, որ Կառավարությունը ՄԷԿ-ին հարկային արտոնություն չի տրամադրել՝ հաշվի առնելով ընկերության սեփականատիրոջ գործոնը։ Անցած տարվա մարտի վերջին ռուսական «ՌուսԳիդրո» ընկերությունն ավարտել էր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից ՄԷԿ-ի բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերման գործարքը։ «ՌուսԳիդրո»-ի վարչության նախագահ Եվգենի Դոդը գործարքը ավարտելուց հետո հայտարարել էր, որ հայկական հիդրոկայաններում նախատեսում է կատարել €40 մլն-ի ներդրում։ Միգուցե Հայաստանի Կառավարությունը համարում է, որ Ռուսաստանի խոշոր էներգետիկ ընկերությունը առանց իր օժանդակության էլ կարող է ներդրումներ կատարել հայկական ակտիվներում։
Civilnet











