Տիգրան Ջրբաշյանը հայտարարել է, որ իրենք նախանշել են մի քանի սցենար: «Այն գործընթացները, որ ներկայում տեղի են ունենում Եվրամիությունում, և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդում են Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, հետևաբար՝ նաև բանկային համակարգի վրա»,– ասել է Ջրբաշյանը՝ չբացառելով բանկային համակարգի կողմից վարկավորման ծավալների կրճատման հավանականությունը: Մասնավորապես՝ Հայաստանի բանկային համակարգն այսօր արդեն որոշակի խնդիրների է բախվում Եվրոպայից ֆինանսական ռեսուրսների ներգրավման տեսանկյունից: Ըստ Ջրբաշյանի՝ անգամ ամենալավ սցենարով Եվրամիությունում տեղի կունենա տնտեսական աճի տեմպի նվազում, իսկ վատագույն սցենարով՝ Եվրոպայում կսկսի ռեցեսիայի հերթական շրջանը, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա:
Ջրբաշյանը երեկվա ասուլիսին հայտարարել է նաև, թե իր կանխատեսումներով՝ 2012թ. ընթացքում Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքը կանցնի $1/Դ400-ը (Banks.am): Նրա խոսքով՝ նման զարգացումը տրամաբանական է համաշխարհային տնտեսական զարգացումների և Հայատանի Կառավարության կողմից արտահանման խթանման ռազմավարության համատեքստում: «Մնում է միայն հուսալ, որ դրամի արժեզրկումը տեղի կունենա աստիճանաբար, այլ ոչ թե մեկ օրվա ընթացքում»,– ասել է Տիգրան Ջրբաշյանը:
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ Հայաստանի ազգային արժույթը շարունակում է գերարժևորված լինել մոտ 15%-ով։ Երեկ «Նասդաք ՕԷՄէՔՍ Արմենիա» բորսայում դրամի միջին փոխարժեքը կազմել է $1/Դ387,27, իսկ բանկերը հիմնականում $1-ը գնում էին Դ385-ով և վաճառում Դ388,5-ով։
Civilnet











