Գլխավոր Լրահոս

Անտոկոս վարկի բեռը

Անտոկոս վարկի բեռը

Կառավարության 2011թ. փետրվարի 24-ի որոշման համաձայն՝ «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստան ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման նպատակով Ֆինանսների նախարարությունը և մարզպետարանները քաղաքացիների հետ կնքել էին 1,53 հազ. վարկային պայմանագրեր, և պետբյուջեի հաշվին տրամադրվել էին մոտ Դ936 մլն-ի արտոնյալ պայմաններով բյուջետային վարկեր՝ վեց ամիս մարման ժամկետով: Վարկերի տրամադրումն ավարտվել էր անցած տարվա մարտի 25-ին, ինչը նշանակում է, որ վարկերը պետք է վերադարձվեին մինչև սեպտեմբերի վերջ։

«Օրակարգ»-ի հարցին, թե տրամադրված վարկերից որ մասն է մարվել, Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ 2012թ. հունվարի 25-ի դրությամբ թվով 1398 վարկառուներ կատարել են իրենց վարկային պարտավորությունները, և տրամադրած ընդհանուր վարկից պետբյուջե է վերադարձվել Դ874,77 մլն։

Նախարարության ներկայացրած թվերից երևում է, որ վարկային պարտավորությունները չի կատարել 132 վարկառու՝ չվճարելով Դ61,22 մլն։ Փաստացի չվերադարձված վարկերի քանակն ընդհանուրում կազմել է 8,6%, իսկ վարկային պորտֆելում՝ 6,5%։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ պայմանագրերով սահմանված վեցամսյա ժամկետում վարկային պարտավորությունները չկատարած վարկառուները 2011թ. սեպտեմբերին ծանուցվել են իրենց պարտքի մնացորդների, ժամկետանց պարտավորությունների նկատմամբ հաշվարկվող տույժի, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված տրանսպորտային միջոցների բռնագանձման կարգի վերաբերյալ:

«Ներկայում իրականացվում է ժամկետանց գումարների, ինչպես նաև դրանց մարման ժամկետի խախտման համար հաշվարկված տույժերի դատական կարգով բռնագանձման գործընթաց:

Ժամկետանց պարտավորությունների արդյունքում առաջացած գումարները սահմանված կարգով բռնագանձելու գործընթացը ժամանակատար է և ներառում է վարկառուների ժամկետանց պարտավորությունների մասին ծանուցում, դատական հայցադիմումների պատրաստում և ներկայացում դատարան, դատարանի կողմից վճռի կայացում և հարկադիր կատարողի միջոցով այն բռնագանձելու հաջորդական քայլեր»,– ասացին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում։

Պետբյուջեն շահել է

Առաջին հայացքից տպավորություն է, որ Կառավարության որոշումից պետբյուջեն տուժել է (չի վերադարձվել Դ61,22 մլն-ը), բայց իրականում Կառավարությունը դուրս է եկել շահած։ Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման համար հատկացված Դ936 մլն-ը քաղաքացիները վերադարձրել են պետբյուջե՝ այդ գումարներն ուղղելով մաքսազերծմանը։ Եթե հաշվի առնենք, որ այդ գումարները եղել են վարկի տեսքով, և դրանց 93,5%-ը վերադարձվել է, Կառավարությունը շահած է դուրս եկել։

Սակայն եթե Կառավարությունը պարտադիր մաքսազերծման այդ գործընթացից շահած է դուրս եկել, քաղաքացիները բավականին տուժել են։ Հաշվարկներից երևում է, որ վարկի միջին չափը կազմել էր Դ610 հազ., և այդ գումարը տրամադրվել էր 6 ամիս մարման ժամկետով: Ստացվում է, որ վարկը վերադարձնելու համար քաղաքացին ամսական պետք է վճարեր Դ100 հազ.։

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում անցած տարի ամսական միջին անվանական աշխատավարձը կազմել է Դ114 հազ., իսկ վարկառուների զգալի մասը Հայաստանի՝ Վրաստանին սահմանակից ոչ այնքան բարեկեցիկ բնակավայրերից է, ի սկզբանե պարզ էր, որ վարկառուների մի մասը չի կարողանալու մարել վարկը, իսկ մի մասն էլ պետությանն իր պարտքը մարելու համար դիմելու է բանկերի օժանդակությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում