Դավոսյան համաժողովի կազմակերպիչ Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպության հայաստանյան գործընկեր «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը «Օրակարգ»-ին պարզաբանեց, որ ֆորումի մասնակիցներն ընտրվում են կազմակերպիչների կողմից, այնուհետև նրանց պաշտոնական հրավեր է ուղարկվում: «Ընտրության գործընթացում հաշվի են առնվում երկրի կշիռը, տարածաշրջանային նշանակությունը, տարվա ընթացքում տնտեսական նվաճումները»,– ասաց նա:
Հերգնյանի խոսքով՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը տարվա ամենախոշոր և ազդեցիկ միջոցառումներից է, լավագույն միջավայրը երկիրը ներկայացնելու, օտարերկրյա կապիտալ ներգրավելու համար: «Այս պարագայում տարվա ընթացքում պետք է ակտիվորեն աշխատել երկիրը Դավոսում պատշաճ ներկայացնելու համար»,– ասաց նա:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը օրերս լրագրողների հետ հանդիպմանը համաժողովին Հայաստանի չմասնակցելը բացատրել էր պետական միջոցների տնտեսմամբ և նշել, որ այդ նկատառումից ելնելով է, որ Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին Հայաստանը շատ հազվադեպ է մասնակցում: Էկոնոմիկայի նախարարն ասել էր, թե նմանատիպ հանդիպումներ տեղի են ունենում տարեկան մի քանի անգամ, և «Դավոսը հերթական ֆորումներից ընդամենը մեկն է»:
Civilnet











