Գլխավոր Լրահոս

Սեփական տրամաբանությանը համահունչ

Հունվարի 18-ին Երևանի քաղաքապետարանը սկսեց ապամոնտաժել Աբովյան փողոցի մայթեզրյա կրպակները: Տպավորություն կար, որ երկրի էլիտան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին արդեն մանդատ է տվել դա անելու համար: Նրա նախորդը՝ Կարեն Կարապետյանը, այդ մանդատը կարծես չէր ստացել (ինչի պատճառով էլ թերևս հեռացավ): Փափազյան փողոցը օրվա գոյապրուստը վաստակող առևտրականներից մաքրելուց հետո Կարապետյանը չկարողացավ գործը շարունակել քաղաքի կենտրոնում, որտեղ բուտիկներ կոչվածների հետևում շատ ավելի մեծ շահեր էին:

Տպավորությունը, որ Աբովյան փողոցն ազատելու մանդատը Տարոն Մարգարյանին տրվել է, խաբուսիկ էր. երեկ ապամոնտաժված կրպակները տեղադրվում էին Գլխավոր պողոտայում՝ Մարգարյան հիվանդանոցի դիմացի այգում, կանաչ տարածքում:

Սա այն դեպքն է, երբ ավելի լավ էր՝ այդ խանութները մնային իրենց տեղում: Հոնքը շտկելու փոխարեն աչքն են հանում:

Երևանի քաղաքապետարանը երեկ հայտարարություն է տարածել, որ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին տաղավարներ չեն տեղադրվել: «Նոր փողոցների կառուցման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները և դրանց սպասարկող տաղավարները՝ ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Էլեկտրոնային կայքերում տեղադրված նկարները, սակայն, հակառակն են փաստում. կանաչ տարածքում բավական ամուր և անճոռնի հիմքերով խանութներ են տեղադրվում:

Պաշտոնը ստանձնելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ «Աբովյան փողոցը հետ է վերադարձնելու երևանցիներին»: Նա փաստորեն ճիշտ էր. ընդամենը չէր զգուշացրել, որ փոխարենը երևանցիներից կվերցվի Գլխավոր պողոտայի կանաչապատ մի հատված:

Այս գործընթացը լրիվ համահունչ է հայաստանյան քաղաքական էլիտայի գործողությունների տրամաբանությանը, երբ նպատակը ոչ թե խնդիրը լուծելն է, այլ լուծելու տպավորություն ստեղծելը: Հայրենի իշխանությունները նման կերպ պայքարում են կոռուպցիայի դեմ, պայքարում են ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար և պայքարում են մրցունակ և մրցակցային տնտեսություն ստեղծելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում