Ռուսաստանի այս քայլն անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի ներքին շուկայում հացահատիկի գների աճին, քանի որ Հայաստան ներկրվող ցորենի մոտ 80%-ը ռուսական ծագում ունի, և մաքսատուրքի բարձրացումը կնպաստի ինքնարժեքի բարձրացմանը:
Հացահատիկի արտահանման մաքսատուրքերի հնարավոր բարձրացման մասին հոկտեմբերին հայտարարել էր նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա ասել էր, որ ներքին շուկայում ավելցուկ չլինելու համար թույլատրվել է հացահատիկի արտահանում, և ընդհանուր առմամբ այն կկազմի 24-25 մլն տոննա։ «Հետագայում ներքին շուկայում պահանջարկի ապահովման համար Կառավարությունը որոշակի սահմանափակումներ է կիրարելու»,– ասել էր Պուտինը։
Նշենք, որ հացահատիկի արտահանման էմբարգոյի վերացումից հետո՝ անցյալ տարվա հուլիսի 1-ից, Ռուսաստանը արտահանել է 18 մլն տոննա հացահատիկ, որից մոտ 1 մլն-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին: Անցած տարի Ռուսաստանում հավաքվել է շուրջ 95 մլն տոննա հացահատիկ, ներքին շուկայի պահանջարկը 72 մլն տոննա է։
2010թ. օգոստոսի 15-ից մինչև 2011թ. հունիսի 30-ը հացահատիկի արտահանման արգելքի սահմանումը Հայաստանում հանգեցրել էր հացամթերքի գների բարձրացման՝ չնայած հացահատիկի ներկրման շուկաների դիվերսիֆիկացմանը:
Հայաստանի ինքնաբավությունը ցորենի գծով կազմում է մոտ 35% (տարեկան ներկրվում է 350 հազ. տոննա ցորեն)։ Մինչև էմբարգոն Հայաստանը Ռուսաստանից ներկրում էր ներկրվող ցորենի մոտ 70%-ը, իսկ էմբարգոյից հետո ռուսական ցորենը փոխարինվեց ղազախականով, որն ավելի թանկ էր։ Անցած տարվա երկրորդ կեսին ցորենի հայկական շուկայի խաղորդները նորից վերադարձան ավանդական՝ ռուսական շուկա: Ներկրումների մոտ 80%-ը 2011թ. կատարվել է Ռուսաստանից։
Ռուսական շուկան ամենամոտն է, ինչը նշանակում է ապրանքի տեղափոխման քիչ ծախսեր: Արտահանման սահմանափակման տուրքեր մտցնելու դեպքում ակնհայտ է, որ թանկանալու է այդ երկրի ցորենը։ Այս դեպքում հայ տնտեսավարողները ստիպված են լինելու կա՛մ ձեռք բերել այն, կա՛մ դիվերսիֆիկացնել մատակարարումները և ներկրումներ կատարել Ղազախստանից։ Ղազախստանից Հայաստան 1 տոննա ցորենի տեղափոխման տրանսպորտային ծախսը կազմում է $150, այն դեպքում, երբ Ռուսաստանից ներկրելու դեպքում այն մոտ $100 է:
Հայաստանյան իրողություններ
Չի բացառվում, որ ռուսական հացահատիկի արտահանման մաքսատուրքի բարձրացումն անմիջապես արտահայտություն գտնի Հայաստանի ներքին շուկայում, քանի որ ցորենի ալյուրի շուկան կենտրոնացված է երկու՝ «Ալեքս Գրիգ» (47,3% մասնաբաժին) և «Մանանա Գրեյն» (34,3% մասնաբաժին) ընկերությունների ձեռքում։ Վերջիններիս նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նրանք չեն սպասում թանկ ցորենի ներկրմանը և էժան ներկրած ցորենը սկսում են վաճառել ավելի բարձր գներով:
Ցորենի ծագման երկրի փոփոխությունը և համաշխարհային շուկայում գների բարձրացումը Հայաստանում ցորենի մաքսային արժեքի և բյուջեի մուտքերի վրա որևէ ազդեցություն չի թողնում։ Այսպես՝ 2009թ. 1 տոննա ցորենի միջին մաքսային արժեքը կազմել է $251, 2010թ.՝ $255, իսկ 2011թ.՝ $254,3: Սա այն դեպքում, երբ 2010թ. և անցած տարի ցորենի գները համաշխարհային շուկայում տատանվել են $300-ի սահմաններում։
Նշենք, որ անցած տարվա փետրվարից սկսած՝ համաշխարհային շուկայում ցորենի գներն ունեցել են տատանողական վարքագիծ՝ նվազման տրենդով։ Այսպես՝ եթե Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի գինը 2011թ. փետրվարի 15-ին $9,04/1 բուշել (27,2 կգ) էր, կամ 1 տոննան՝ $332, ապա երեկվա դրությամբ ցորենի 1 տոննան $237 էր: Այս տարի ցորենի գինը աճի վարքագիծ ունի, ինչն ավելի շատ կրում է սեզոնային բնույթ. սովորաբար գներն աճում են մինչև նոր բերքը:
Civilnet











