Երեկ ԱՎԾ-ն ներկայացրել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակումը, որն ուշագրավ տվյալներ է պարունակում։ Անցած տարի շինարարության ոլորտում կատարված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից երևում է, որ Կառավարությունն ամեն կերպ չի թողնում, որ 2008թ. շինոլորտում փչված փուչիկը նստի։ Բայց եթե մինչև ճգնաժամը շինոլորտի փուչիկն իրական էր, ապա ներկայիս փուչիկն ավելի շատ թղթի վրա է։
Այսպես՝ անցած տարի աճ է արձանագրվել միայն պետբյուջեի և համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարության բնագավառում։ Անցած տարի պետբյուջեի հաշվին իրականացվել է Դ84,6 մլրդ-ի շինարարություն կամ ընդհանուրի 17,6%-ը։ Ընդ որում՝ պետբյուջեի միջոցների 96,5%-ն ուղղվել է շինմոնտաժային աշխատանքներին, այսինքն՝ վերանորոգմանը։ Համայնքների հաշվին անցած տարի 2010թ. համեմատ իրականացվել է 5,9 անգամ ավելի շինարարություն (Դ29,6 մլրդ-ի)։ Ընդհանուր շինարարությունում համայնքներին բաժին է ընկել ընդհանուր աշխատանքների 6,2%-ը։ Համայնքային միջոցները նույնպես ամբողջովին ուղղվել են վերանորոգումներին։
Ուշագրավ է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ համայնքներն իրենց սեփական միջոցների հաշվին սկսել են լայնածավալ շինարարություն իրականացնել միայն 2010թ. և 2011թ.։ Այսպես՝ 2008թ. համայնքների միջոցներով իրականացվել էր մոտ Դ0,7 մլրդ-ի աշխատանք, իսկ 2009թ.՝ Դ1,3 մլրդ-ի։ Այդ գումարները նույնպես ուղղվել էին վերանորոգումներին։
Անցած տարի Կառավարությունը և համայնքները միջոցներն ըստ էության ուղղել են ոչ թե նոր հիմնական միջոցների ստեղծմանը, այլ պարզապես հների նորոգմանը և որոշակիորեն շինոլորտի անկման տեմպի դանդաղեցմանը։
Մինչև ճգնաժամը շինոլորտի հիմնական «շարժիչը»՝ բնակչությունը և կազմակերպությունները, չի շտապում միջոցները սառեցնել։ Անցած տարի բնակչության հաշվին իրականացված շինարարության ծավալները 2010թ. համեմատ կրճատվել են 30,5%-ով, իսկ կազմակերպությունների հաշվինը՝ 13,5%-ով։ Եթե մինչև ճգնաժամը այս երկու ֆինանսական աղբյուրների հաշվին իրականացվում էր ողջ շինարարության մոտ 90%-ը, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 60%։
Civilnet











