Երեկ Երևանում բոլոր բենզալցակայաններում 1 լ բենզինը թանկացել է Դ10-ով: «Ռեգուլյար» տեսակի 1 լ բենզինը վաճառվում է Դ450-ով՝ նախկին Դ440-ի փոխարեն։ Նշենք, որ վերջին անգամ բենզինի շուկայում գների փոփոխություն տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերի սկզբին, երբ շուկայի մասնակիցները գներն իջեցրին Դ20-ով։
«Օրակարգ»-ին բեզնինի շուկայի խաղորդ «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունում (շուկայի մասնաբաժինը՝ 41,76%) ասացին, որ գների բարձրացումը պայմանավորված է միջազգային զարգացումներով։ «Մենք ամեն կերպ փորձել ենք պահել գները, բայց միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումների պայմաններում այլևս չենք կարողանում։ Արդեն որոշ ժամանակահատված ներքին շուկայում բենզինը վաճառում էինք ինքնարժեքից ցածր»,– ասացին ընկերությունում։
Շուկայի մյուս խոշոր խաղորդ «Ֆլեշ» ընկերության (մասնաբաժինը՝ 42,62%) փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ասաց, որ գների բարձրացումը պայմանավորված է ինչպես միջազգային շուկայում գների փոփոխություններով, այնպես էլ Հայաստանում հունվարից հարկային դաշտում տեղի ունեցող փոփոխություններով։ Ըստ նրա՝ եթե նախկինում բենզալցակայանները գործում էին հաստատագրված վճարների դաշտում, ապա հունվարի 1-ից հարկային օրենսդրության փոփոխություններով դրանք տեղափոխվել են սովորական դաշտ և վճարում են ԱԱՀ, շահութահարկ։
Նշենք, որ թեև համաշխարհային շուկայում անցած տարվա սեպտեմբերից տեղի են ունենում նավթի գների տատանումներ, դրանք գտնվում են 1 բարել/$110 սահմաններում։ Եթե անցած տարվա սեպտեմբերի 1-ին Brent տեսակի նավթի գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում կազմում էր $114,5, ապա երեկ գինը կազմում էր $113,4։ Ինչ վերաբերում է բենզինի գներին, ապա դեկտեմբերին և այս տարվա հունվարին դրանք որոշակիորեն աճել են, և երեկվա դրությամբ 1 տոննա բենզինի գինը կազմում էր $947։
Նշենք, որ ներքին շուկայում բենզինի թանկացմանը նպաստել է նաև թուլացող դրամը։ Եթե անցած տարվա սեպտեմբերին միջին փոխարժեքը կազմել էր $1/Դ372, այս տարվա հունվարին միջին փոխարժեքը կազմել է $1/Դ385: Այսինքն՝ 1 լ բենզինը Դ10-ով թանկացնելու արդյունքում բենզինի շուկայի խաղորդները դոլարային արտահայտությամբ այն հավասարեցրել են անցած տարվա սեպտեմբերի գնին («ռեգուլյար» տեսակի 1 լ՝ $1,18)։
Թեև այս տարի կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում և նավթի սպառման նվազում, բայցևայնպես սև վառելիքի գները դեռևս տատանողական վարքագիծ են դրսևորում, ինչը անորոշության հետևանք է։ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները և համաշխարհային նավթի 1/5 մասի ուղին հանդիսացող Հորմուզի նեղուցի շուրջ պահպանվող լարվածությունը շուկայի մասնակիցներին հանգիստ չեն թողնում։
Civilnet











