Գլխավոր Լրահոս

Դրամաշնորհներն են մեղավոր

Դրամաշնորհներն են մեղավոր

2011թ. պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են Դ848 մլրդ, այնինչ պլանավորված էր ստանալ Դ852,4 մլրդ: Թերստացվել է, այսպիսով, մոտ Դ4,4 մլրդ: Թերակատարման հիմնական պատճառը «պաշտոնական դրամաշնորհներ» հոդվածն է՝ նախատեսված էր Դ56 մլրդ, բայց փաստացի ստացվել է Դ27,1 մլրդ: Միայն շնորհիվ «այլ եկամուտներ» հոդվածով մուտքերի պլանի գերակատարման (նախատեսված Դ23 մլրդ-ի դիմաց ստացվել է Դ43,5 մլրդ)՝ հաջողվել է խուսափել բյուջետային կոլապսից: Նշենք, որ այլ եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը իրավախախտումների համար սահմանվող պատժամիջոցներն են:

Փորձենք պարզել, թե ինչու են թերստացվել պաշտոնական դրամաշնորհները: Նախ նշենք, որ «պաշտոնական դրամաշնորհ» հոդվածում ներառվում են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անհատույց տրամադրվող միջոցները: Հետաքրքիր է, որ թեև բյուջեում նախատեսվել էր Դ56 մլրդ եկամուտ, բյուջեի հավելվածներում տրվել է միայն Դ30 մլրդ-ի բացվածքը: Թե ինչի հաշվին էր պլանավորվել այդ լրացուցիչ Դ26 մլրդ-ը, մնում է անհայտ: Հավանաբար, Կառավարությունում համարել են, որ աշխարհում փողի ավելցուկ կա, ու դրանց մի մասը Հայաստանում ապահով նավահանգիստ է գտնելու, ինչպես որ կարծում էին 2009թ. ճգնաժամից առաջ:

Փորփրելով 2011թ. բյուջետային ուղերձը՝ մի այսպիսի հետաքրքիր նախադասություն հայտնաբերեցինք. «Պաշտոնական դրամաշնորհների հատկացման հարցը կամ համապատասխան մուտքերի ստացման ռիսկի գործոնը մեծ մասամբ պայմանավորված է լինելու ՀՀ Կառավարության կողմից տնտեսության բարեփոխումների բնագավառում որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով»: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել (հիմնվելով հենց Կառավարության գնահատականների վրա), որ պաշտոնական դրամաշնորհները թերստացվել են բարեփոխումների դանդաղ ընթացքի պատճառով:

Հետաքրքիր է, որ պաշտոնական դրամաշնորհների ամենամեծ հոդվածը նախատեսվել էր ԱՄՆ-ի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով՝ մոտ Դ20 մլրդ: Հիշեցնենք, որ այս ծրագիրը դադարեցվեց 2011թ. սեպտեմբերին: Ծրագրի չշարունակման հիմնական պատճառը Հայաստանում բարեփոխումների ոչ բավարար ընթացքն է:

Դրամաշնորհային մյուս խոշոր հոդվածը վերաբերում է Երևանի մետրոպոլիտենին՝ մոտ Դ2,5 մլրդ: Դրամաշնորհը պետք է հատկացվեր Եվրոպական Միության Հարևանության ներդրումային ծրագրի շրջանակներում: Խոշոր դրամաշնորհային ծրագիր կա նաև Սևանա լճի բնապահպանական վիճակի բարելավման համար՝ Դ1,5 մլրդ: Որպես դոնոր պետք է հանդես գար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

Հարցականի տակ է նաև Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված դրամաշնորհային ծրագիրը՝ մոտ Դ2 մլրդ-ի չափով:

Անշուշտ, առայժմ դեռ վաղ է խոսել, թե հատկապես որ դրամաշնորհային ծրագրով և ինչ չափով են թերստացվել նախատեսված մուտքերը: Հայտնի է միայն, որ 11 ամսվա կատարողականով դրամաշնորհային միջոցների հիմնական մասը ստացվել է Եվրամիության աջակցության շրջանակներում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում