Գլխավոր Լրահոս

Հյուսիսը հարավին չի կապվում

Հյուսիսը հարավին չի կապվում

Երեկվա ասուլիսին Մանուկ Վարդանյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության չորս գերակայությունները.

1. Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքների ավարտում և շինարարության նախապատրաստական աշխատանքների իրականացում:

2. «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի «Տրանշ-1» (Երևան-Աշտարակ, Երևան- Արարատ), «Տրանշ-2» (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների մեկնարկ, ինչպես նաև «Տրանշ-3»-ի (Թալին-Գյումրի) համար շինարարական կազմակերպության ընտրության մրցույթի նախապատրաստում, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված ամբողջ ծրագրի հաստատում:

3. «Հայավտոկայարան» ընկերությունը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու կամ վարձակալության հանձնելու գործընթացի իրականացում:

4. Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացում:

82 կմ երկարությամբ և $243  մլն արժողությամբ Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության մրցույթի հայտերը բացվել էին հոկտեմբերի 10-ին, սակայն հաղթող ընկերության ճանաչելու գործընթացը չի ավարտվել: «Օրակարգ»-ի հարցին, թե ինչ փուլում է գործընթացը, Վարդանյանը պատասխանեց, որ «Տրանշ-1» և «Տրանշ-2»-ի փաստաթղթերն ուղարկվել են ԱԶԲ-ին և սպասում են պատասխանի։ «Հաշվի առնելով կատարվելիք աշխատանքների ծավալները՝ ընթանում են ուսումնասիրություններ։ Ամեն ինչ իր հունով է գնում»,– ասաց նախարարը՝ հավելելով, թե լավ կլիներ, որ ամեն ինչ ավելի շուտ լիներ։

Վարդանյանը նշեց, որ ակնկալվում է, որ «Տրանշ-1»-ի և «Տրանշ-2»-ի աշխատանքները կսկսվեն ապրիլին։

Լավատես նախարար

Նշենք, որ «Տրանշ-1»-ի և «Տրանշ-2»-ի շրջանակում կատարվելիք աշխատանքների մրցույթին վեց ընկերությունների ներկայացրած հայտերը և նախարարության գնահատականներն ուսումնասիրելու և ԱԶԲ-ի կողմից հավանություն արժանանալու համար անհրաժեշտ է մոտ մեկ ամիս: Դրանից հետո ևս բավական շատ բյուրոկրատիա է սպասվում. մրցույթում հաղթող ընկերությունը պետք է հաստատվի Կառավարության կողմից, ընկերության հետ ընթանան բանակցություններ, ստորագրվի պայմանագիր, ընկերությունը գրանցվի Հայաստանում։ Նույնիսկ արագացված տեմպով բոլոր ընթացակարգերն անցնելու դեպքում հավանականությունը շատ փոքր է, որ բուն շինաշխատանքները հնարավոր կլինի սկսել ապրիլին։

Այս առումով ուշագրավ է հայ պաշտոնյաների շտապողականությունը։ Օրինակ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ին Բաթումում իր վրացի պաշտոնակից Նիկա Գիլաուրիի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեն երկու շաբաթում։

Նշենք, որ հաղթող ընկերության հարցում ցուցաբերվող դանդաղկոտությունն անհասկանալի է, քանի որ աշխատանքների համար սահմանված է հստակ ժամանակացույց։ Մի կողմից, իհարկե, նախարարությունը հաղթող ընկերություն ճանաչելու հարցում չպետք է սխալվի՝ հաշվի առնելով աշխատանքների արժեքը, մյուս կողմից՝ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածը պետք է վերակառուցվի մինչև 2014թ., այսինքն՝ ժամանակը քիչ է։

«Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագիրը հաստատվել է 2009թ.: Նախագծի համար մինչև 2017թ. ավարտը ԱԶԲ-ն Հայաստանին պետք է հատկացնի $500 մլն՝ 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Կառավարությունը նույնպես միջոցներ է ներդնելու համաֆինանսավորման սկզբունքով՝ $462 մլն։ Ծրագրի առաջին փուլը ներառում է Երևան-Գյումրի, երկրորդը՝ Երևան-Մեղրի ավտոմոբիլային ճանապարհը: Առաջին փուլի ընթացքում կկառուցվի և կվերանորոգվի 164-կիլոմետրանոց ավտոմոբիլային ճանապարհ՝ $397 մլն-ի չափով: Երկրորդ փուլում նախատեսվում է ծախսել $388 մլն և վերակառուցել ու կառուցել 381 կմ ճանապարհ:

Հ.Գ.

Նախարարներն անցած տարվա ամփոփիչ ասուլիսներին արդեն ներկայացրել էին 2012թ. ծրագրերը: Հայտնի չէ, թե ինչու են նորից ներկայացնում: Հունվարի 24-ին անելիքների մասին խոսել էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հունվարի 31-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Այսօր էլ կխոսի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում