Գլխավոր Լրահոս

Թանկ փողո՞վ

Թանկ փողո՞վ

ԿԲ-ի հրապարակման համաձայն՝ տարեվերջի դրությամբ առևտրային բանկերի կանոնադրական կապիտալը կազմել է Դ226 մլրդ, հաշվեկշռային ընդհանուր կապիտալը՝ Դ356 մլրդ։ Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները մեկ տարվա ընթացքում ավելացվել են Դ469 մլրդ-ով (38%-ով)՝ տարեվերջին կազմելով Դ1,71 տրլն։ Առևտրային բանկերի շարքում ամենաշատը՝ 47% (Դ197 մլն) աճել են պարտավորությունները բանկերի (ներառյալ՝ ԿԲ-ի) և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ։

Բանկերի շահույթը մինչև հարկումը կազմել է Դ42,85 մլրդ, իսկ զուտ շահույթը՝ Դ33,183 մլրդ, ինչը նշանակում է, որ բանկերը վճարել են Դ9,67 մլրդ շահութահարկ։ Համեմատության համար նշենք, որ 2010թ. բանկերի շահույթը մինչև հարկումը կազմել էր Դ38,9 մլրդ, իսկ շուտ շահույթը՝ Դ30,2 մլրդ, այսինքն՝ բանկերը վճարել էին Դ8,6 մլրդ-ի հարկ։ Ստացվում է, որ 10% շահույթի աճի պայմաններում բանկերի վճարած շահութահարկը ավելացել է 11,6%-ով, ինչը վկայում է գերավճարների մասին։

Անցած տարվա վերջին առևտրային բանկերի վարկային պորտֆելը կազմել է Դ1,3 տրլն (աճը՝ 34%), իսկ ավանդների ծավալը՝ Դ970 մլրդ (աճը՝ 38%)։

Դասական տնտեսագիտության տեսակետից առևտրային բանկերի վարկային պորտֆելի նման աճը անհասկանալի է, քանի որ անցած տարի ԿԲ-ն իրականացրել է փողի թանկացման քաղաքականություն։ ԿԲ-ի կոշտ դրամավարկային քաղաքականության ողջ տրամաբանությունն այն էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման միջոցով թանկացներ փողը նաև առևտրային բանկերում։

Բայց առևտրային բանկերի գործունեության ֆինանսական ցուցանիշները ցույց են տալիս, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի և առևտրային բանկերի վարկերի տոկոսադրույքի միջև կապը բավական թույլ է։ Անցած տարի բանկերի վարկային պորտֆելում դրամը զիջել է դիրքերը։ Թեև տարվա ընթացքում դրամային վարկերի ծավալն ավելացել է 23,5%-ով կամ Դ92 մլրդ-ով, տնտեսությունը գնալով դոլարիզացվել է։ Անցած տարվա ընթացքում առևտրային բանկերի վարկային պորտֆելում դրամային վարկերի տեսակարար կշիռը նվազել է 3,5-տոկոսային կետով՝ կազմելով 39%։ Սա նշանակում է, որ մեծացել է դոլարային վարկերի ծավալը։

Ըստ կառուցվածքի բանկերի վարկային պորտֆելի ուսումնասիրությունից երևում է, որ առևտրի ոլորտի վարկերի տեսակարար կշիռը մեկ տարվա ընթացքում ավելացել է 2,5-տոկոսային կետով։ Հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունը՝ արտարժութային ռիսկերը տնտեսավարողները տեղափոխելու են սպառողների ուսերին՝ ներառելով գների մեջ։ Արդյունքում նույնիսկ դրամի թուլացման պայմաններում ո՛չ բանկերը, ո՛չ տնտեսավարողները մեծ ռիսկեր չեն կրում։

Մյուս կողմից՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նպաստել է դրամային ավանդների տոկոսադրույքների աճին (մեկ տարվա ընթացքում ավանդների միջին տոկոսադրույքն ավելացել է մոտ 1-տոկոսային կետով՝ կազմելով 11%)։ Տոկոսադրույքների բարձրացումն առևտրային բանկերում նպաստել է ավանդների աճին. դրամային ավանդների ծավալը աճել է 40%-ով կամ Դ90 մլրդ-ով, արդյունքում ավանդների դոլարիզացիան մի փոքր նահանջել է։ Եթե 2010թ. վերջին ավանդների 31%-ը դրամային էր, 2011թ. վերջին այդ ցուցանիշը կազմել է 31,8%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում