Ըստ էության՝ ՀՀ Կառավարությունը «սոցիալական գովազդ» հասկացության ներքո նկատի ունի իր գործունեության վերաբերյալ PR ակցիաները, ինչը, սակայն, հեռու է նրա իսկական նշանակությունից: Որպես սոցիալական գովազդ է դիտարկվում, օրինակ, փետրվարի 1-ից սկիզբ առած «Ես գիտեմ» ակցիան, որը վերաբերում է մի շարք կառավարական գերատեսչությունների գործունեությանը:
Ավելորդ չէ նշել, որ գործնականում ոչինչ չի արվել, օրինակ, սոցիալական գովազդի այնպիսի կարևոր ուղղությունների մասով, ինչպիսիք են մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, առողջության պահպանումն ու առողջ ապրելակերպը, բնության պահպանությունը և այլն:
«Գովազդի մասին» օրենքում սոցիալական գովազդը գործնականում հավասարեցված է առևտրային գովազդին, քանի որ վճարովի ծառայություն է: Այդ պատճառով սոցիալական գովազդները հիմնականում պատրաստվում և տարածվում են միջազգային կազմակերպությունների աջակցությամբ՝ տեղային բնույթի խնդիրներ լուծելու նպատակով, կրում են տարերային բնույթ և մեծ մասամբ ստեղծվում են մասնագիտական անհրաժեշտ ներուժ չունեցող կազմակերպությունների կողմից:
Ըստ օրենքի՝ գովազդակիր կազմակերպությունները պետք է սոցիալական գովազդին տրամադրեն եթերի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5%-ը, սակայն գովազդատուն պետք է հոգա բոլոր ծախսերը: Սակայն քանի որ պետական բյուջեում սոցիալական գովազդի համար միջոցներ չեն նախատեսվում, այն գործնականում չի տարածվում:
Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ սոցիալական գովազդն ունի երկարամյա պատմություն և հիմնված է հարուստ փորձի վրա, սոցիալական գովազդի տարածումն իրականացվում է պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից, իսկ որոշ երկրներում այդ ոլորտն ընդհանրապես չի կարգավորվում (Մեծ Բրիտանիա):
Ընդ որում՝ պետությունները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում, թե ինչպես պետք է ֆինանսավորել գովազդի տարածումը: Կա երկու հիմնական սկզբունք: Առաջին՝ գովազդատուն ֆինանսավորում է և՛ սոցիալական գովազդի պատրաստումը, և՛ տարածումը: Այս դեպքում տարածողի վրա դրվում է միայն տարածման առաջնահերթության պարտադիր պայմանը: Երկրորդ՝ գովազդատուն ֆինանսավորում է միայն գովազդի պատրաստումը, իսկ դրա հետագա տարածումն իրականացվում է անվճար:
Առաջին տարբերակը որդեգրել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը: Տարեկան կտրվածքով ԱՄՆ-ում միայն CBS-ը ցուցադրում է շուրջ 3000 սոցիալական սյուժե: Դրանց արդյունավետությունը գնահատվում է հետազոտությունների իրականացման արդյունքում: Օրինակ՝ ԱՄՆ-ի Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական գովազդի մեթոդներն ավելի արդյունավետ են, քան խմբագրական հոդվածները կամ բրոշյուրները:
Գերմանիայում արտաքին գովազդի 70%-ը կազմում է սոցիալական գովազդը: Ռուսաստանում, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, սոցիալական գովազդի հարցերով զբաղվող ոլորտը համակարգող մեկ միասնական մարմին չկա: 2006թ. Ռուսաստանում գովազդային շուկայի ընդհանուր $2 մլրդ ծավալի մեջ սոցիալական գովազդի նպատակով ծախսվել է $20 մլն դոլար, ինչը կազմում է 1%:
Երկրորդ տարբերակով առաջնորդվում են ԱՊՀ մի շարք երկրներ՝ Բելառուս, Ուկրաինա, Տաջիկստան, Մոլդովա:
Հայաստանն այս ոլորտում իր առաջին քայլերը սկսել է անկախության ձեռքբերումից հետո, սակայն շատ խնդիրներ դեռևս մնում են չլուծված: Այդ պատճառով առաջնահերթ խնդիրների փոխարեն սոցիալական գովազդը ծառայեցվում է այլ նպատակների:
Civilnet











