Գլխավոր Լրահոս

Երբ ստվերում տաք է

Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է 2011թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջիկայում «Օրակարգ»-ը կանդրադառնա դրան, մինչ այդ բավարարվենք հպանցիկ դիտարկումով:

Անցած տարի 1000 խոշոր հարկատուները 11,7%-ով կամ Դ50,7 մլրդ-ով ավելի շատ հարկ են վճարել (Դ483,5 մլրդ)։ Ցանկից երևում է, որ հավաքագրված լրացուցիչ Դ50,7 մլրդ-ի 44%-ը կամ Դ22,3 մլրդ-ը ապահովել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ավել է վճարել Դ17 մլրդ) և «ՀայՌուսգազարդ»-ը (ավել է վճարել Դ5,3 մլրդ)։ ԶՊՄԿ-ի վճարած հարկերի ծավալի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների գների աճով, որի արդյունքում ավելացել են այդ ընկերության հանքարդյունահանման ծավալները:

Ուշագրավ է, որ 1000 ընկերությունների վճարած ուղղակի հարկերի (եկամտահարկ, շահութահարկ) ծավալն ավելացել է 30,7%-ով կամ Դ28 մլրդ-ով՝ կազմելով 119,35 մլրդ։ Այս աճի արդյունքում որոշակիորեն բարելավվել է ուղղակի հարկերի տեսակարար կշիռն ընդհանուր հարկերում՝ կազմելով 24,7%. 2010թ. այդ ցուցանիշը կազմել էր 21%։

Մյուս կողմից, սակայն, ուսումնասիրելով պետբյուջեի հարկային մուտքերի կառուցվածքը, երևում է, որ թեև 1000 խոշոր հարկատուներն ապահովել են հարկային եկամուտների 74%-ը և ուղղակի հարկերի 66,4%-ը, նրանք շարունակում են թաքցնել ուղղակի հարկերը։ Նույնիսկ առաջին հարյուրյակի թվերին նայելով՝ առանց հաշվիչի կարելի է տեսնել, որ նրանց վճարած ուղղակի հարկերը չեն անցնում 10%-ը: Օրինակ՝ միևնույն գործարարին պատկանող «Ալեքս Գրիգ», «Լուս Աստղ Շուգր» (շաքարավազի շուկայի 100-տոկոսանոց մենատեր) ընկերությունների վճարած ընդհանուր հարկերի ընդամենը 5%-ն են կազմում ուղղակի հարկերը:

Վառելիք ներկրող «Սիթի Պետրոլ Գրուպ» և «Ֆլեշ» ընկերությունների վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի մասնաբաժինը մոտ 4% է: «Միկա Քորփորեյշն» ընկերության մոտ այդ ցուցանիշը կազմում է 2%: Այս ցանկը կարելի է երկար շարունակել:

Բացառությամբ ֆինանսական շուկայի կառույցների՝ ուղղակի հարկերն ընդհանուր հարկերում գերակշռում են միայն այն ընկերություններում, որոնք օտարերկրյա խոշոր ընկերությունների դուստրեր են՝ «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա» և այլն:

Եթե հաշվի առնենք, որ ուղղակի հարկերի զգալի մասը կազմում է եկամտահարկը, ստացվում է, որ թեև անցած տարի խոշոր հարկատուների շահույթները որոշ չափով դուրս են բերվել ստվերից, այնուհանդերձ ստվերը շարունակում է մեծ մնալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում