Առաջին իսկ հայացքից աչքի է զարնում այն հանգամանքը, որ խոշորների մեջ գերիշխում են հանքարդյունաբերողները, ներկրողները, բանկերը, հանրային ծառայություններ մատուցող (կարգավորվող սակագներով աշխատող ընկերությունները), ենթաակցիզային ապրանքների շուկայում գործողները:
Բացառություն են կազմում մի քանի ընկերություններ, այդ թվում՝ 23-րդ հորիզոնականում գտնվող «ԼուսԱստղ Շուգր», 26-րդ հորիզոնականում գտնվող «Կոկա կոլա հելլենիկ բոթլինգ քոմփանի» և 75-րդ հորիզոնականում հանգրվանած «Արարատցեմենտ» ընկերությունները: Սա արդեն իսկ պատկերացում է տալիս տեղական արտադրության թուլության և թերզարգացածության մասին:
Ընդ որում՝ գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ շաքարի արտադրությամբ զբաղվող «ԼուսԱստղ Շուգր» ընկերության թռիչքը խոշոր հարկատուների ցանկում 2011թ. ամենաէական առաջընթացն է:
Այնուամենայնիվ, 2011թ. ամենամեծ առաջընթաց գրանցել են սիգարետի խոշոր ներմուծողները, հանքարդյունահանող հսկաները և բանկերը: Մասնավորապես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է Դ29,8 մլրդ, որը խոշոր հարկատուների պատմության ընթացքում երկրորդ ռեկորդային բարձր ցուցանիշն է և միայն Դ1 մլրդ-ով զիջում է 2008թ. «Ղ-Տելեկոմ»-ի վճարած Դ30,8 մլրդ-ին:
Հանքարդյունաբերության մյուս հսկաները ևս էապես ավելացրել են վճարած հարկերի ծավալը, ինչին, բնականաբար, նպաստում է գունավոր մետաղների միջազգային շուկայում ձևավորված բարենպաստ իրավիճակը: «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ն, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 1,4 անգամ ավելացրել են հարկերի վճարումը: Միակ բացառությունը «Արմենիան քափր փրոգրամ»-ն է, որը 2010թ. համեմատ ավելի քիչ հարկ է վճարել (համապատասխանաբար՝ Դ1,8 մլրդ և Դ1,4 մլրդ): Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է Թեղուտի հանքի շահագործման հետ կապված լրացուցիչ ծախսերով:
Բավական տպավորիչ է սիգարետի ներմուծմամբ զբաղվող «Արսօյլ» ընկերության առաջընթացը. այն գրեթե Դ1 մլրդ-ով ավելացրել է հարկերի վճարումը և Դ4,7 մլրդ ցուցանիշով 11-րդ հորիզոնականում է: Բարձր դիրքեր ունեն նաև սիգարետի ներմուծմամբ զբաղվող այլ ընկերություններ՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» (9-րդ տեղ), «Ավերս» (12-րդ տեղ):
Փոխարենը՝ էական հետընթաց են արձանագրել սիգարետ արտադրող տեղական ընկերությունները: Մոտ երկու անգամ ավելի քիչ հարկ է վճարել «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 2010թ. Դ7,4 մլրդ-ի համեմատ 2011թ. վճարել է Դ3,6 մլրդ: «Գրանդ Տոբակո» ընկերության վճարած հարկերը՝ Դ3,9 մլրդ, գործնականում նույն մակարդակի վրա են: Թե ինչով են պայմանավորված տեղական արտադրողների նման ցածր ցուցանիշները, առանձին վերլուծությունների թեմա է:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, 100 խոշոր հարկատուների մեջ 72-ը նախորդ տարվա համեմատ ավելի շատ հարկ են վճարել, իսկ 28-ում առկա է նվազում։
Խոշոր հարկատուների առաջին հարյուրակում 2011թ. տեղ են գտել ինը բանկեր: Նախորդ տարի դրանց թիվը յոթն էր, սակայն «Անելիք բանկ»-ին և «Ինեկոբանկ»-ին հաջողվել է «ներխուժել» առաջին հարյուրակ: Նշենք, որ բանկերից բավական մեծ առաջընթաց է արձանագրել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, որը 2011թ. ամենախոշոր հարկատու բանկն է և այդ առաջնությունը «խլել» է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը վճարել է Դ2,9 մլրդ՝ 2010թ. Դ1,2 մլրդ-ի համեմատ:
1000 խոշոր հարկատուները միասին 2011թ. վճարել են Դ483,5 մլրդ՝ 2010թ. Դ432,8 մլրդ-ի համեմատ։ Աճն ընդամենը Դ50 մլրդ է, ինչը հիմքեր չի տալիս հուսալու, թե 2012թ. կհաջողվի իրականացնել հարկային եկամուտների՝ Դ101 մլրդ-ով ավելացված պլանը:
Civilnet











