Կովալենկո Շահգալդյանը խոստանում է կեղծել
Շահգալդյանը նաև հայտարարել է, որ «ամեն ինչ անելու է, որ ընտրությունները Հրազդանում անցնեն ազատ և թափանցիկ»: Հայաստանում սովորաբար իշխանության այսպիսի հայտարարություններն իրականում տագնապի ազդանշան են. չէ՞ որ բոլոր ընտրությունների ժամանակ նրանք հայտարարել են, որ ամեն ինչ անելու են, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական:
Մարզերում ժողովրդավարական ընտրություններ 1995-ից հետո չեն եղել: Նույնիսկ Սասունը 1996-99 թթ. Հրազդանի քաղաքապետ է աշխատել որպես իշխանության ներկայացուցիչ: Այսպիսով՝ Կովալենկո Շահգալդյանը բաց տեքստով է խաղում, այսինքն՝ կեղծելու է, որովհետև ինքն իրեն դնում է բոլոր հրազդանցիների տեղը և դուրս գալիս Սասուն Միքայելյանի դեմ:
Ժողովրդավարական երկրում ժողովրդի իմաստության մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ այդ իմաստությունը նվաճումներ է արձանագրում: Մինչդեռ առ այսօր ժողովրդի «ընդգրկուն աշխարհընկալումը» երբևէ չի կարողացել արտահայտվել գոնե ընտրությունների ժամանակ:
«Ընդգրկուն աշխարհընկալում» ունեցող երկրում մարզպետը չէր կարող ասել այն, ինչ նա ասել է Սասուն Միքայելյանի մասին: «Ընդգրկուն աշխարհընկալում» ունեցող երկրում մարզպետը նույնիսկ չէր կարող մտածել այն, ինչ հայտարարել է երկու օր առաջ: Որովհետև այդպես խոսում են անձնական թշնամու մասին: Իսկ եթե մարզպետն ունի անձնական թշնամի, ուրեմն պիտի հրաժարական տա: Ինչո՞ւ հրաժարական չի տալիս։ Որովհետև ինքը չի ապրում «ընդգրկուն աշխարհընկալում» ունեցող երկրում։
Ընդհանրապես, երբ մեր պաշտոնյաներն ասելիք չունեն, խոսում են պաթոսով։ Բոլոր բռնապետական երկրներում պաթոսը փոխարինում է ասելիքին։ Շահգալդյանի բոլոր հակափաստարկները պաթոս են։ Նա չգիտի, թե ինչու Սասուն Միքայելյանը չպիտի ընտրվի քաղաքապետ։ Ինքը՝ Սասուն Միքայելյանն էլ չգիտի, երկուսն էլ ինադ են ընկել ի դեմս իշխանության և ընդդիմության։
Եթե լրագրողը Կովալենկո Շահգալդյանին հարցնի, թե ինչո՞ւ Սասուն Միքայելյանը չի կարող քաղաքապետ աշխատել, նա կասի, որ մեր ազգը առաջին քրիստոնյա ազգն է և երբեք սխալ ընտրություն չի կատարել։ Սասունն իր հերթին նույն հարցին կպատասխանի՝ մենք պետք է ազատվենք Կովալներից։ Պաթոսի մեջ փաստերը փոքրամասնություն են, ընտրությունների ժամանակ՝ սպանիչ փոքրամասնություն։
Ինչո՞ւ կարելի է վստահորեն պնդել, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կեղծվելու են։ Նախ՝ Կովալենկո Շահգալդյանը շարունակում է պաշտոնավարել։ Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի համար փորձություն է լինելու կեղծիքները մարսելու Հրազդանի փորձը։ Եթե մարսեց, ըստ այդմ են ընթանալու ԱԺ առաջիկա ընտրություններն ամբողջ երկրում։
Չի կարելի մոռանալ իշխանության գլխավոր խաղաթուղթը՝ համապետական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի բանակը, իսկ բանակը մեծամասնական ընտրակարգի հետ եղել և մնում է իշխանության գլխավոր հաղթաթուղթը։ Ճիշտ է, Հրազդանի քաղաքապետի ընտրություններին բանակի մասնակցությունը բացառված է, բայց հենց դա է իշխանության գլխավոր փորձությունը՝ հաղթել առանց բանակի, կեղծիքներով, բայց որը չպիտի վնասի իշխանության մարսողական համակարգին։
Թեմա
Մհեր Արշակյան










