Գլխավոր Լրահոս

Ռեֆորմացիա, հեղափոխություն կամ ինկվիզիցիա

Ռեֆորմացիա, հեղափոխություն կամ ինկվիզիցիա

«Մենք ֆանտաստիկ տեխնոլոգիական առաջընթացի վկաներ ենք, որից հետ են մնում քաղաքական և տնտեսական համակարգերը: Ընդհանրապես, տեխնոլոգիաների, բիզնեսի և քաղաքականության, գիտակցության և վարքի փոխհարաբերությունների թեմաները չափազանց հետաքրքիր են:

Ինչ վերաբերում է առաջնորդներին և նրանց ճանաչված լինելուն, ապա, չնայած իմ մեծ հարգանքին ժողովրդավարության և կարծիքն արտահայտելու մարդկանց իրավունքին, ես կարծում եմ, որ որոշումներ կայացնելու առաջնորդի իրավունքն ու պարտականությունները չպետք է որոշվեն մարդկանց մեծ քանակի շրջանում նրա հանրաճանաչ լինելու հանգամանքով միայն:

Ցավոք, հայտնի լինելը միշտ չէ, որ նշանակում է, որ դու կարող ես կոշտ որոշումներ կայացնել, որոնք հարկավոր են աշխարհում այն փոփոխությունների համատեքստում, որոնց մասին մենք քիչ առաջ խոսեցինք, և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար:

Էսկապիզմի՝ իրականությունից մարդկանց փախուստի խնդիրը այսօր արտահայտվում է մեծ ակտիվությամբ Facebook-ի համայնքում և այլ սոցիալական կայքերում: Մարդիկ իրենց պատկերն են ստեղծում վիրտուալ աշխարհում, փաստորեն այսպես կոչված վիրտուալ համայնքներ են ստեղծվում, որոնք ունեն իրականությանը չհամապատասխանող իրենց օրենքներն ու կանոնները: Ճիշտ այդ պատճառով շատ մարդիկ, որոնք ինտերնետում ակտիվ են, շատ պասիվ են սոցիալական կյանքում:

Վիրտուալ և իրականություն, պոպուլիզմ և էլիտարություն, ժամանակակից տեխնոլոգիաներ և քաղաքական համակարգի հետամնացություն՝ այս ամենը միասին վերցված կարող է մեզ համար շատ վտանգավոր լինել»:

Լուրջ փոփոխություններ՝ 5-10 տարի հետո

«Ժամանակին մի հետաքրքիր միտք կարդացի այն մասին, որ աշխարհում բոլոր փոփոխությունները տեղի էին ունենում ռեֆորմացիայի, հեղափոխության կամ ինկվիզիցիայի միջոցով: Այսինքն՝ կա փոփոխություններն իրագործելու ընդամենը երեք մեխանիզմ: Նրանք բոլորն էլ հղի են մեծ զոհերով: Չեմ ուզում ոչ մեկին սարսափեցնել, բայց դա պատմության օրենքն է, և մեզ դժվարին ժամանակներ են սպասում:

Համակարգի ցանկացած փոփոխություն բերում է զոհերի, թող ոչ բառացի իմաստով: Բազմաթիվ շերտեր զգալիորեն կտուժեն, և դա կբերի հոգեբանական ճգնաժամի: Կլինի ռեֆորմացիա կամ հեղափոխություն: Մոխրագույն առաջնորդներին սովորաբար փոխարինում են սև առաջնորդները: Անցյալ դարի 20-ական թթ. Եվրոպայում ի հայտ եկավ մոխրագույն լիդերների մի ստվար զանգված, շատ պոպուլիզմ կար: Մարդիկ հոգնել էին Առաջին համաշխարհային պատերազմից, ուզում էին շունչ քաշել, իսկ խնդիրները կա՛մ չէին լուծվում, կա՛մ լուծվում էին մասամբ: Այս իրադրությունից օգտվեցին ավելի կոշտ առաջնորդները, ինչն արդյունքում հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտին:

Այդ պատճառով, կարծում եմ, մեզ սպասում է համակարգի ջարդման շրջան: Ո՞ւմ առաջ կմղի պատմությունը,  ինչպիսի՞ առաջնորդների: Կարծում եմ՝ մենք կանգնած ենք լուրջ սոցիալ-քաղաքական փոփոխությունների շեմին, որոնք տեղի կունենան 5-10 տարի հետո....»:

Գումար վաստակելն ու բիզնես կառուցելը տարբեր բաներ են

«Պետք է տարբերել նրանց, ովքեր պարզապես գումար են վաստակում, հատկապես Ռուսաստանում կամ Հայաստանում, որտեղ կարելի է դա անել պետական համակարգի անկատարության և լոբբիստական հնարավորությունների վրա, նրանցից, ովքեր կարող են բիզնես կառուցել: Գումար վաստակելու և ճիշտ բիզնես վարելու կարողությունը տարբեր բաներ են: Գումար վաստակել կարելի է տարբեր եղանակներով, այդ թվում՝ անօրինական: Կարելի է բացառիկ վերլուծական հատկություններ ունենալ, օգտագործել գիտելիքները որոշումներ կայացնելու համար, սակայն դրանք իրական բիզնես կառուցելու նպատակ չեն ունենա: Բիզնեսի կառուցումը այլ տաղանդ, մակարդակ և պատասխանատվություն է պահանջում:

Առողջ հասարակությունը տարբերվում է նրանով, որ մարդկանց տարբեր խմբեր է նույնականացում և օգնում է ճիշտ ոլորտ, համակարգ ընտրել, որը նրանց թույլ կտա ինքնարտահայտվել: Դու պետք է իմանաս, կունենա՞ս արդյոք մասնագիտական աճ տվյալ երկրում, կլինի՞ ընտանիքդ անվտանգության մեջ, կկարողանա՞ն երեխաներդ որակյալ կրթություն և բժշկական ծառայություններ ստանալ:

Կա նաև գործատուի և ստեղծագործ մարդկանց հարաբերությունների խնդիր, որոնք այդքան էլ չեն սիրում կառավարման արդյունաբերական համակարգը, և որոնց դեպքում անխուսափելի է որոշակի համակարգային քաոսը: Մարդկանց 95 տոկոսը ցանկանում է համակարգի մեջ լինել, նրանց համար դա նորմալ վիճակ է, սակայն կա նաև այն 5 տոկոսը, որ միշտ ցանկանում է դուրս թռչել այդ համակարգից: Նման մարդկանց առավել դժվար է ղեկավարել, սակայն նրանց մեջ պետք է ներդնել՝ մանկությունից սկսած:

Այսօր հաճախ են ասում, որ մարդիկ ամենաթանկ ակտիվն են: Ես հաճախ հարցնում եմ մարդկանց՝ որքա՞ն ժամանակ են նրանք ծախսում իրենց ամենաթանկ ակտիվի վրա: Եթե պատասխանը լինում է՝ ժամանակի 10 տոկոսը, ապա էլ ինչ գլխավոր ակտիվի մասին է խոսքը:

Պարզապես կարթ տալը քիչ է

«Իմ պատկերացմամբ՝ (բարեգործության) ինդուստրիան պետք է այնպես կառուցվի, որ մարդիկ հասկանան իրենց հնարավորությունները: Հաճախ ասում են, որ «պետք է ոչ թե ձուկ, այլ կարթ տալ»: Կարծում եմ՝ Ռուսաստանում և Հայաստանում պարզապես կարթ տալը քիչ է, պետք է տալ ամենալավ, ամենաժամանակից կարթը, որպեսզի մարդն իրոք մրցունակ ու արդյունավետ լինի ու ձգտի լավագույն չափանիշների: Նրան պետք է սովորեցնել օգտվել այդ նոր կարթից ու չվախենալ դրանից:

Եթե նայենք իմ նախագծերից շատերին, ապա օպերացիոն առումով նրանք պետք է ինքնուրույն և արդյունավետ լինեն, որպեսզի ոչ մեկից կախում չունենան ու շարունակեն զարգանալ: Դրանց թվում են «Տաթևի վերածնունդը», «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցը, Դիլիջանի դպրոցի նախագիծը: Կարծում եմ՝ Հայաստանի ապագա հաջողության և զարգացման համար շատ կարևոր է ավելացնել սոցիալական ձեռնարկատիրության մասնաբաժինը, երբ պետք է գումարներ աշխատել ու նորից ներդնել դրանք՝ ստեղծված ուղղության զարգացման համար:

Վերադառնալով բարեգործության ինդուստրիային՝ նշեմ, որ դա չափազանց լուրջ ուղղություն է, որտեղ պետք է աշխատեն պրոֆեսիոնալ հաշվապահներ, իրավաբաններ: Պետք է գործի հստակ փոխհարաբերությունների համակարգ այն մարդկանց հետ, որոնք գումար են հատկացրել կամ ցանկանում է անել դա, ինչպես նաև նրանց հետ, ովքեր տնօրինում են այդ գումարները:

Բարեգործության սոցիալականությունն անխուսափելի է: Եթե ես կառուցել եմ քսան եկեղեցի և կարծում եմ, որ գործս արել եմ, ապա դա աշխատանք չէ հասարակության համար: Այս դեպքում «ես»-ը վեր է կանգնում հանրային շահից: Բարեգործության ինդուստրիան պետք է գրավիչ դառնա պրոֆեսիոնալների համար, որպեսզի նրանցից լավագույնները ցանկանան աշխատել դրանում, որպեսզի պետության ու մասնավոր հատվածի հետ փոխհարաբերությունների շատ հստակ համակարգ կառուցվի: Սա շատ հետաքրքիր մարտահրավեր է:

Ինձ համար սա չափազանց կարևոր տարր է մեր հասարակության ապագայի ապահովման առումով, քանի որ այսօր մենք ապրում ենք մի համակարգում, որտեղ մարդիկ չեն հավատում գործող մեխանիզմներին ու չեն զգում իրենց պարտավորությունները»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում