Արտաքին գործերի նախարարություն
ԱԳՆ հաշվեկշռում հաշվառված է ոչ ռուսական արտադրության 17 ավտոմեքենա, որից 7-ը ձեռք է բերվել պետբյուջեի միջոցներից: Նախարար Էդվարդ Նալբանդյանին սպասարկող մեքենան 2006թ. թողարկման Mercedes Benz S530 է, որը ձեռք է բերվել Դ34,673 մլն-ով: Արտգործնախարարի չորս տեղակալներին սպասարկում են նույն՝ BMW 523i մակնիշի ավտոմեքենաները, որոնց ձեռքբերման արժեքը տարբերվում է տարեթվերի պատճառով՝ երեքը 2006թ. արտադրության են՝ Դ17,16 մլն, Դ16,68 մլն և Դ16,44 մլն արժողությամբ:
Նախարարի տեղակալներից մեկը սպասարկվում է բոլորովին թարմ՝ 2011թ. արտադրության BMW 523i-ով, որը ձեռք է բերվել Դ22,8 մլն-ով: ԱԳՆ աշխատակազմի ղեկավարին սպասարկում է այս ցուցակում ամենահին տարեթվի՝ 2003թ. արտադրության AUDI A6-ը, ինչից, սակայն, ձեռքբերման արժեքը ամենևին չի տուժել. մեքենան նախարարությունը ձեռք է բերել Դ25,78 մլն-ով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս նախարարության հաշվեկշռում առկա է 13 ավտոմեքենա, որոնցից 4-ը՝ ոչ ռուսական արտադրության: Նախարար Արթուր Գրիգորյանին սպասարկում է 2011թ. արտադրության Hyundai Sonata ավտոմեքենա, որը ձեռք բերելու համար պետական բյուջեից հատկացվել է Դ12,49 մլն:
Նախարարի երկու տեղակալները ևս նույն մակնիշի ավտոմեքենաներով են սպասարկվում, երկուսն էլ՝ 2007թ. արտադրության, որոնք ձեռք են բերվել յուրաքանչյուրը Դ8,5 մլն-ով: Նախարարի երրորդ տեղակալին սպասարկում է 2004թ. արտադրության Peugeot 406 ավտոմեքենա, որը ձեռք է բերվել Դ10,36 մլն-ով: Չորրորդ տեղակալին սպասարկում է 2006թ. արտադրության ԳԱԶ 31105-120-ը, որը ձեռք է բերվել Դ4,24 մլն-ով:
Կրթության և գիտության նախարարություն
Նախարար Արմեն Աշոտյանին սպասարկում է 2009թ. արտադրության Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել Դ30,39 մլն-ով, սակայն ըստ մեզ ուղարկած պատասխանի՝ մեքենան ձեռք է բերվել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջոցներով և հենց այս ընկերության հաշվեկշռում էլ գտնվում է:
Կոնկրետ ԿԳՆ հաշվեկշռում կա ոչ ռուսական արտադրության չորս տրանսպորտային միջոց, որոնք սպասարկում են ԿԳ նախարարի տեղակալին, աշխատակազմի ղեկավարին և երկու առանձնացված ստորաբաժանման ղեկավարներին: Այսպես՝ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին սպասարկում է 1999թ. արտադրության Subaru Forester մեքենան, որը ձեռք է բերվել Դ5 մլն-ով: Մյուս տեղակալ Կարինե Հարությունյանին սպասարկում է 2004թ. արտադրության ԳԱԶ XTN 31105-195 մակնիշի մեքենա՝ Դ3,5 մլն:
Civilnet











