Սուրբ Սարգիսն ընդդեմ Դավոսի
«Նոր մտածելակերպ, նոր իրողություններ». այս խորագրով փետրվարի 3-6-ը Ծաղկաձորում կազմակերպվել էր «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը, որը Հայաստանի որոշ լրատվամիջոցներ իրավացիորեն անվանում են «Հայկական Դավոս»: Այս անունը թերևս խոսում է միջոցառման խիստ կարևորության մասին:
Համաժողովին ժամանել էին հյուրեր արտերկրից, օրինակ՝ Դոնի Ռոստովի առևտրաարդյունաբերական պալատի արտաքին տնտեսական կապերի և ցուցահանդեսային գործունեության վարչության պետը և այս տրամաչափի այլ պաշտոնյաներ: Ցավոք, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին և ներդրող Ուորեն Բաֆեթն այս տարի, ավանդույթի նման, չէին ժամանել Ծաղկաձոր:
Միջոցառման օրակարգում նախատեսված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը: Նա, սակայն, նույնպես չէր կարողացել ժամանել Ծաղկաձոր, քանի որ Երևանում ավելի կարևոր միջոցառումների էր մասնակցում՝ Սուրբ Սարգսի տոնակատարություններին:
Ծաղկաձոր էր ժամանել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հունվարի 25-29-ը շվեյցարական Դավոսում կայացած ֆորումին հայկական պատվիրակության բացակայությունը նա մեկնաբանել է նրանով, որ այնտեղ քննարկվող հարցերի սպեկտրը Հայաստանին չի առնչվում: Դավթյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացուցիչներն այս կամ այն պատճառով ամեն տարի չէ, որ մասնակցում են Դավոսի ֆորումին, և Հայաստանի մասնակցությունը կախված է նրանից, թե որքանով են քննարկվող խնդիրներն առնչվում Հայաստանին: Նա նշել է, որ եթե նույնիսկ Հայաստանի ներկայացուցիչները լինեին Դավոսում, միևնույն է, այդ մասնակցությունը ձևական կլիներ: (Այս տարի Դավոսի ֆորումին մասնակցել է 100 երկրի ավելի քան 2600 ներկայացուցիչ, այդ թվում՝ 40 երկրների և կառավարությունների ղեկավարներ):
Էկոնոմիկայի նախարարի բացատրությունը միանգամայն տրամաբանական է նաև այն պատճառով, որ շվեյցարական Դավոսի մասնակցության վարձը բավական թանկ է: Այդ գումարները խնայել է պետք տարվա ընթացքում Հայաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք անիմաստ արտասահմանյան այցերին ուղղելու համար:
Պետք չէ անհանգստանալ նաև, որ Դավոսյան համաժողովին կարող էին կապեր հաստատվել աշխարհի գործարար էլիտայի հետ, որոնք հաճախ տարածքներ են փնտրում ներդրումներ անելու համար:
Ներդրումները գուցեև հնարավոր է ներգրավել Ռոստովի առևտրաարդյունաբերական պալատի միջոցով:
Civilnet










