««Ռոսսելխոզբանկ»-ը Ռուսաստանում երրորդ կամ չորրորդ բանկն է «Սբերբանկ»-ից և ՎՏԲ-ից հետո: Կարծում ենք, որ այն պետք է այստեղ ներկայացուցչություն ստեղծի և արդյունավետ աշխատի վարկավորման ուղղությամբ»,– ասել է նա:
Զուբկովը նշել է, որ Հայաստանում կարելի է ստեղծել նաև «Ռոսագրոլիզինգ» ընկերության դուստր ձեռնարկությունը, որը ևս Ռուսաստանի առաջատար ընկերություններից է՝ 80 մլրդ ռուբլի ($2,6 մլրդ) կանոնադրական կապիտալով: «Այն լայնորեն գործում է ողջ Ռուսաստանում՝ գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիական ծառայություններ մատուցելու ուղղությամբ»,– ասել է նա։
«Ռոսսելխոզբանկ»-ն ու «Ռոսագրոլիզինգ»-ը ամբողջությամբ պատկանում են Ռուսաստանի կառավարությանը: Ռուսաստանում «Ռոսսելխոզբանկ»-ը այգեգործական վարկերը տրամադրում է տարեկան սկսած 16% տոկոսադրույքից, իսկ սպառողական վարկերը՝ սկսած 22%-ից։
Հայաստանում պատկերը այլ է։ Գյուղվարկավորումը համարվում է ռիսկային, ինչի հետևանքով բանկերը սեփական միջոցներով դրամային վարկերը տրամադրում են 21-24% տոկոսադրույքով, իսկ արտարժութային վարկերը՝ 15-24%-ով (տոկոսադրույքները վերցված են գյուղոլորտի վարկավորմամբ մասնագիտացած «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի պաշտոնական կայքէջից):
Բարձր տոկոսադրույքների պատճառով դրանք մատչելի չեն։ Անցած տարվա վերջի դրությամբ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում գյուղվարկերի տեսակարար կշիռը կազմել էր 6% (մոտ Դ81 մլրդ), այն դեպքում, երբ սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել էր մոտ 17% (Դ217 մլրդ)։ Թեև այս երկու վարկատեսակների տոկոսադրույքները գրեթե նույնն են, հայկական բանկերը նախապատվությունը տալիս են սպառողական վարկերին, որոնք եղանակային ռիսկեր չեն կրում։
Եթե «Ռոսսելխոզբանկ»-ը հետևի Զուբկովի հայտարարությանը և սկսի անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի գյուղվարկավորման ոլորտում, ապա պետք է հիմնի մասնաճյուղ, այլ ոչ թե ներկայացուցչություն։ Ըստ ՀՀ օրենսդրության՝ բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ կարող են իրականացնել օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, իսկ ներկայացուցչությունները միայն ներկայացնում են բանկը, ուսումնասիրում ֆինանսական շուկան, բանկի անունից կնքում պայմանագրեր, բայց ֆինանսական գործառնություններ իրականացնելու իրավունք չունեն:
Հայաստանի գյուղոլորտում «Ռոսսելխոզբանկ»-ի մասնակցությունը կարող է արտահայտվել նաև անուղղակի ձևով, երբ այն պարզապես վարկավորի հայկական բանկերին կամ դրանցից որևէ մեկին: Այս դեպքում, սակայն, պետք չէ ակնկալել վարկերի տոկոսադրույքների նվազում։
Civilnet











