Գլխավոր Լրահոս

Բյուջեն մրցակցությունից չի շահել

Բյուջեն մրցակցությունից չի շահել

Հեռահաղորդակցության շուկայում վերջին երկու տարվա ընթացքում ընկերությունների ագրեսիվ մրցակցությունը, մասնավորապես սակագների նվազեցման, ինտերնետի արագությունների կրկնապատկման քայլերը չեն ավելացրել շուկայի ծավալները։ Հեռահաղորդակցության շուկայում բաժանորդների թվի աճը, տրաֆիկի ավելացումը և ընկերությունների եկամուտներն անհամաչափ են եղել։

Ընկերությունների ագրեսիվ քաղաքականությունը թերևս ավելի շատ ուղղված է եղել ոչ թե շուկայի ծավալների աճին նպաստելուն, այլ բաժանորդային բազան ավելացնելուն: Այդ մասին է վկայում ոլորտի վճարած հարկերի ծավալը։ Այսպես՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից երևում է, որ անցած տարի հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերություններն ընդհանուր առմամբ վճարել են Դ34,8 մլրդ-ի հարկեր՝ 2010թ. համեմատ ընդամենը 1%-ով ավելի։

Որ Հայաստանի բջջային հեռախոսակապի շուկայում տեղի է ունեցել ծավալների կրճատում, արձանագրել է նաև հեռահաղորդակցության շուկայի հետազոտություններով զբաղվող ռուսական ComNewsResearch կենտրոնը։ Ըստ կենտրոնի՝ թեև վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում բջջային հեռախոսակապի բաժանորդային բազան աճել է 65,4%-ով, շուկայի հասույթը կրճատվել է 47%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ARPU-ի (մեկ բաժանորդից ամսական ստացվող հասույթ) նվազումով։

Թեև շուկան ֆիզիկական ծավալներով աճ է արձանագրում, գումարային արտահայտությամբ աճն անհամաչափ է, և նման զարգացումները վտանգում են շուկայի գրավչությունը։ Այսինքն՝ շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընկերությունների հետագա ներդրումների վերադարձելիությունը, ոլորտից բյուջե հավաքագրվելիք հավելյալ եկամուտները հարցականի տակ են դրվում։

Հարկերի նվազում

Անցած տարի «ԱրմենՏել»-ը ընդհանուր առմամբ վճարել է Դ12,6 մլրդ կամ 2010թ. համեմատ Դ2,3 մլրդ-ով պակաս։ «Օրանժ Արմենիա»-ն վճարել է Դ1,5 մլրդ-ով քիչ հարկ, ընդհանուր առմամբ՝ Դ3 մլրդ)։ Ի տարբերություն այս երկու ընկերությունների՝ «Ղ-Տելեկոմ»-ը Դ4,12 մլրդ-ով կամ 30%-ով ավել հարկեր է վճարել (Դ17,75 մլրդ)։

Այս թվերից կարելի է ենթադրել, որ շուկայում տեղի է ունեցել վերադասավորում, և «Ղ-Տելեկոմ»-ը ամրապնդել է դիրքերը շուկայում։ Սակայն այդ երեք ընկերությունների վճարած հարկատեսակների ուսումնասիրությունից երևում է, որ երեքի մոտ էլ ծառայություններից ստացվող հասույթների լուրջ աճ տեղի չի ունեցել։

«ԱրմենՏել»-ի վճարած հարկերի կրճատումը նախ պայմանավորված է նրանով, որ անցած տարի ամրակցված հեռախոսակապի սեգմենտից ընկերության հասույթները շարունակել են նվազել, իսկ բջջային հեռախոսակապի սակագների նվազեցումը հանգեցրել է եկամուտների կրճատման։ Դրա մասին վկայում է այն, որ անցած տարի ընկերությունը Դ1,5 մլրդ-ով քիչ անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) է վճարել (Դ7,5 մլրդ)։ Շուկայում թեժ մրցակցության արդյունքում սակագների նվազեցումը նաև բերել է շահութաբերության կրճատման՝ ուղղակի հարկերը նվազել են Դ1 մլրդ-ով՝ կազմելով Դ4,6 մլրդ։

Շուկայում տեղի ունեցող մրցակցությունը «Օրանժ Արմենիա»-ի վրա զգալիորեն չի ազդել։ Իհարկե, ընկերության վճարած հարկերը կրճատվել են 35%-ով, բայց այդ կրճատումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է ընկերության կողմից ցանցի արդիականացման և նոր սարքավորումների ներկրման կրճատումով։ Այսպես՝ եթե 2010թ. ընկերությունը մաքսային մարմինների միջոցով վճարել էր Դ2,8 մլրդ-ի հարկեր, ապա անցած տարի վճարել է կրկնակի քիչ՝ Դ1,44 մլրդ։

Իսկ ահա «Ղ-Տելեկոմ»-ի վճարած հարկերի ծավալի 30% աճը մի փոքր զարմանալի է։ Ընկերությունն անցած տարի Դ5,2 մլրդ-ով կամ 4 անգամ ավել ուղղակի հարկեր է վճարել (ընդհանուր առմամբ վճարել է Դ7 մլրդ), այն դեպքում, երբ ընկերության անուղղակի հարկերի ծավալը կրճատվել է 20%-ով կամ Դ2,3 մլրդ-ով: Այս թվերից ստացվում է, որ մի կողմից ընկերության մոտ արձանագրվել է հասույթների կրճատում, մյուս կողմից՝ էապես ավելացել շահույթը: Հեռահաղորդակցության շուկայում թեժ մրցակցության պայմաններում շահույթների աճը հասույթների կրճատման պայմաններում գրեթե անհնար է, քանի որ շուկան ամբողջովին ստվերից դուրս է գործում:

«Ղ-Տելեկոմ»-ի վճարած ուղղակի հարկերի ծավալի քառապատկումը հնարավոր է՝ պայմանավորված է նրանով, որ անցած տարի ընկերությունը նորից աշխատել է գերավճարներով, կամ էլ արդյունք է այն բանի, որ 2010թ. ընկերությունը մաշեցրել էր 2009թ. վճարած գերավճարները, և նման աճ է տեղի ունեցել ցածր բազայի հաշվին:

Ինտերնետ շուկան կրճատվում է

Անցած տարի Հայաստանում ինտերնետ ցանցի ընդլայնումը հարկահավաքման առումով նույնպես անհամաչափ ազդեցություն է ունեցել: «Յուքոմ» ընկերությունը 3,4 անգամ կամ Դ232 մլն-ով ավել հարկեր է վճարել (ընդհանուր առմամբ՝ Դ341 մլն): Վճարած հարկերի աճը գրեթե ամբողջովին պայմանավորված է սարքավորումների ներկրումով. մաքսային մարմինների միջոցով ընկերությունը վճարել է Դ266,6 մլն կամ Դ190 մլն-ով ավելի: Մյուս խոշոր պրովայդեր «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի»-ն վճարել է Դ82,6 մլն կամ Դ26,6 մլն-ով պակաս հարկ: Անցած տարվա սեպտեմբերին «Յուքոմ»-ի կողմից ձեռք բերված «Այքան քոմունիքեյշնս» ընկերությունն ընդհանուր առմամբ վճարել էր Դ77 մլն-ի հարկ կամ 2010թ. համեմատ մոտ Դ100 մլն-ով պակաս։

Մագիստրալ պրովայդերների շուկայում եղել է ոչ թե շուկայի ծավալների աճ, այլ վերադասավորում։ «Ֆայբրնետ Քոմյունիքեյշնս» ընկերությունը 70%-ով կամ Դ330 մլն-ով քիչ հարկ է վճարել (ընդհանուր առմամբ վճարել է Դ146 մլն): Մյուս մագիստրալային պրովայդեր GNC Alfa-ն Դ195 մլն-ով կամ 35%-ով շատ հարկ է վճարել (ընդհանուր առմամբ վճարել է Դ758 մլն):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում