Փետրվարի 7-ին Երևանում ռուսական «Ռուսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել է, որ կառուցվելիք նոր էներգաբլոկի վերահսկողությունը պետք է գտնվի Հայաստանի Կառավարության ձեռքում՝ 50%+1 բաժնետոմս ֆորմատով։ «Մենք պատրաստ ենք 20-25% ներդրում ունենալ, հնարավոր է՝ քննարկենք նաև ավելի մեծ ծավալի ներդրում ունենալու հարցը»,– ասել է Կիրիենկոն՝ հավելելով, որ նոր կայանի շինարարությունը պետք է ավարտին հասցվի մինչև 2020թ.:
Եթե հաշվի առնենք, որ ԱԷԿ-92 նախագծի տեղակայանքով 1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ էներգաբլոկի կառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ է $4-5 մլրդ, ապա հայկական կողմը պետք է կատարի $2-2,5 մլրդ-ի ներդրում։ Նույնիսկ եթե Հայաստանի ներդրումները համարվեն Մեծամորի ատոմակայանի ենթակառուցվածքները, որոնք ծառայելու են նոր էներգաբլոկին, միևնույն է, հայկական կողմի ուղղակի ներդրումների ծավալը կգտնվի $2 մլրդ-ի սահմաններում, այն դեպքում, երբ մոտավոր հաշվարկներով՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար Կառավարությանն անհրաժեշտ կլինի շուրջ id="mce_marker"50 մլն։
Որտեղ գտնել $2 մլրդ
Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ներկայում Հայաստանը ոչ միայն այդ $2 մլրդ միջոցները չունի, այլև լուրջ դժվարություններ ունի դրա համար վարկ ներգրավելու առումով: Խնդիրը պայմանավորված է Հայաստանի արտաքին պարտքի մեծացման գործոնով: Անցած տարվա տվյալներով՝ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն մոտ 36% է (արտաքին պարտքը ծրագրված է որ կկազմի $3,76 մլրդ)։ Ծրագրված է, որ այս տարի արտաքին պետական պարտքը կկազմի $4,04 մլրդ կամ ՀՆԱ-ի 35%-ը։
Եթե Հայաստանի Կառավարությունն այլ ծրագրերի համար նույնիսկ պետական պարտք չներգրավի և փորձի պետական պարտքն ավելացնելու միջոցով կառուցել նոր էներգաբլոկը, ապա արտաքին պետական պարտքը կարող է կազմել $6 մլրդ կամ ՀՆԱ-ի 45%-ը։ Եթե հաշվի առնենք նաև ներքին պարտքի ծավալը (շուրջ $0,5 մլրդ), միևնույն է, պետական պարտքը կգտնվի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով թույլատրելի միջակայքում (չի գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը)։
Այլ հարց է, թե որքանով Հայաստանի պետական պարտքի մակարդակը համոզիչ կլինի միջազգային ֆինանսական կառույցների կամ առանձին երկրների համար, և որքանով նրանք պատրաստ կլինեն Հայաստանին վարկային միջոցներ տրամադրել այս նախագծի համար, որը Հայաստանի ներկա աշխարհաքաղաքական միջավայրում տնտեսական ռիսկեր է պարունակում։
Մյուս տարբերակն այն է, որ նոր էներգաբլոկի կառուցման համար Կառավարությունը որոշի միջոցներ ներգրավել պետպարտատոմսերի թողարկման միջոցով։ Սա քիչ հավանական է, քանի որ նախ՝ այդ միջոցները կլինեն շատ թանկ (ներկայում երկարաժամկետ պետպարտատոմսերի եկամտաբերությունը 14,3% է), և երկրորդ՝ հաշվի առնելով տնտեսական ռիսկը՝ այդ պարտատոմսերը չեն կարող մեծ պահանջարկ ունենալ:
Որտեղ իրացնել
«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին» 2010թ. համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել է հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմ»-ից ձեռք բերել նոր միջուկային էներգաբլոկի կողմից արտադրվելիք ամբողջ էլեկտրաէներգիան այնպիսի պայմաններով, որոնք քսան տարվա ընթացքում կապահովեն դրա կառուցման համար պահանջվող ներդրումների ամբողջական վերադարձելիությունը։
Եթե հաշվի առնենք, որ այսօր Մեծամորի ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի հզորությունը 407,5 ՄՎտ է, որը տարեկան արտադրում է շուրջ 2,5 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա, ապա 1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ բլոկն արտադրելու է մոտ 5 մլրդ Կվտ/ժ կամ Հայաստանի ներքին պահանջարկի 85%-ը։
Սա նշանակում է, որ եթե առաջիկա մի քանի տարվա ընթացքում Հայաստանը չկարողանա լուծել էլեկտրաէներգիա արտահանելու խնդիրը, և նոր էներգաբլոկի էլեկտրաէներգիան ուղղվի միայն ներքին սպառմանը, երկրի էներգետիկ մյուս ենթակառուցվածքները ստիպված են լինելու աշխատել նվազագույն դրվածքային հզորություններով։
Կիրիենկոյի հայտարարությունը, որ նոր էներգաբլոկի շինաշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2020թ., ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանը գնալու է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանը։ Հայկական կողմը քանիցս հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը շահագործումից կհանվի (շահագործման ժամկետն ավարտվում է 2016թ.) միայն համարժեք դրվածքային հզորությունների առկայության դեպքում։
Civilnet











