Թեև հանքարդյունաբերության և հիմնական մետաղների արտադրության ոլորտի տեսակարար կշիռը արդյունաբերության կառուցվածքում նվազել է 1-տոկոսային կետով՝ կազմելով մոտ 33%, բյուջեի կախվածությունը այդ ոլորտից ավելանում է։ Անցած տարի հանքարդյունաբերական ոլորտի 11 խոշոր ընկերություններն ընդհանուր առմամբ վճարել են Դ42,3 մլրդ։
Այդ ընկերություններին բաժին է ընկել բյուջեի Դ654 մլրդ հարկային եկամուտների և տուրքերի մոտ 6,5%-ը, այն դեպքում, երբ 2010թ. այդ ցուցանիշը 3,8% էր (2010թ. բյուջեի հարկերի և տուրքերի ծավալը կազմել էր Դ594 մլրդ)։ Եթե հաշվի առնենք նաև այդ ընկերությունների վճարած սոցիալական ապահովագրության վճարները, ապա անցած տարի պետբյուջե մուտքագրված Դ777,4 մլրդ հարկերի, տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 5,8%-ը բաժին է ընկել նրանց. 2010թ. այդ ցուցանիշը 3,5% էր։
Անցած տարի հանքարդյունաբերության և հիմնական մետաղների արտադրության ոլորտի աճը գումարային արտահայտությամբ կազմել է 13%, իսկ հիմնական արտադրատեսակների բնեղեն արտահայտությամբ չի գերազանցել 17%-ը։ Այսպես՝ «սև» պղնձի արտադրությունն աճել է 16,1%-ով՝ կազմելով 8,8 հազ. տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 10%-ով՝ կազմելով 9,44 հազ. տոննա, պղնձի խտանյութի արտադրությունն ավելացել է 8,2%-ով՝ կազմելով 127,7 հազ. տոննա, և ֆեռոմոլիբդենի արտադրությունն ավելացել է 7,8%-ով՝ կազմելով 5,5 հազ. տոննա։
Բայց բնեղեն և գումարային արտահայտությամբ ոլորտում նման աճի պայմաններում հիմնական 11 ընկերությունների՝ պետբյուջե վճարած հարկերի ծավալն անցած տարվա համեմատ աճել է մոտ Դ20 մլրդ-ով կամ 90%-ով։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից երևում է, որ ոլորտի վճարած հարկերի ծավալի աճի զգալի մասն ապահովել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։ Այդ ընկերությունն ընդհանուր առմամբ անցած տարի վճարել է Դ29,8 մլրդ-ի հարկեր (կամ 1,5 անգամ ավելի, քան 2010թ.)։
Անցած տարի որոշակիորեն նվազել են հիմնական մետաղների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հարկերը։ Այսպես՝ «Արմենիան քափըր փրոգրամ» (Ալավերդու պղնձաձուլական գործարան) ընկերությունը վճարել է 1,4 մլրդ-ի հարկեր կամ 2010թ. համեմատ 22%-ով պակաս, «Մաքուր երկաթ գործարան»-ը (զբաղվում է մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ) վճարել է Դ705 մլն-ի հարկեր կամ 18%-ով պակաս։
Այս երկու ընկերությունների վճարած հարկերի ծավալների կրճատումը պայմանավորված է ոչ թե արտադրական ծավալների կրճատմամբ, այլ այն հանգամանքով, որ այս տարի վերջապես օրենսդրական մակարդակով Կառավարությունը լուծել է գերավճարների խնդիրը։ Այդ ընկերությունների կողմից հարկերի կրճատումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է անցած տարվա մեծ բազայով, ինչպես նաև նրանով, որ այս տարի ընկերությունները մի կողմից մաշեցրել են գերավճարները, մյուս կողմից՝ նոր գերավճարներ չեն կուտակել։
Բավական ուշագրավ է, որ այս տարի 70%-ով ավելի հարկեր է վճարել (ընդհանուր առմամբ՝ Դ432 մլն) «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը, որը ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12,5%-ի սեփականատերն է։ Այս ընկերության վճարած հարկերի ծավալների աճը հետաքրքրական է նրանով, որ այն անմիջապես փոխկապակցված է ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ։
«Զանգեզուր մայնինգ» ընկերությունը հիմնադրել է Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն), 2004թ.՝ հենց այն տարում, երբ մասնավորեցվեց ԶՊՄԿ-ն: Այս ընկերությունը մասնագիտացած է լոգիստիկ ծառայություններ մատուցելու մեջ, այսինքն՝ ԶՊՄԿ-ի արբանյակն է, և վճարած հարկերի ծավալի առումով ուղղակիորեն կախված է վերջինիս գործունեությունից։
Լինելով 193-րդ խոշոր հարկատուն՝ «Զանգեզուր մայնինգ»-ը չի ընդգրկվել տարվա ընթացքում Դ3 մլն-ից ավելի սոցիալական ապահովագրության վճարներ վճարած ընկերությունների ցանկում։ «Զանգեզուր մայնինգ»-ը չկա նաև 100-ից ավելի աշխատող ունեցող ընկերությունների ցանկում։
Civilnet











