Փուչիկ մտքեր

Նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոյկոտեց «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությունը: Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը Slaq.am կայքի հետ զրույցում ԲՀԿ-ի այդ քայլը մեկնաբանել է հետևյալ կերպ. «ԲՀԿ-ն պետք է իր հարցերը բարձրացներ օրինագիծը քննարկելու ժամանակ, քանի որ կոալիցիոն գործընկերներ ենք, և տեղյակ լինեինք՝ նրանք դեմ են քվեարկելու, թե կողմ: Դա հաշվի առնելով՝ ՕԵԿ-ից կամ ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ գործուղումների չէին գնա»:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու ԲՀԿ-ն նախկինում դեմ չի արտահայտվել այդ օրինագծին և ինչու հիմա հանկարծ որոշեց բոյկոտել խորհրդարանի աշխատանքը: Մեծ վերլուծաբան պետք չէ լինել՝ հասկանալու, որ սրանք մայիսյան ընտրությունների նախօրեին պարզունակ քաղաքական քայլեր են:
Ռաֆիկ Պետրոսյանի պատասխանի ենթատեքստում կարելի է կարդալ, թե Հանրապետական կուսակցության համար որքան երկրորդական է օրենսդիր աշխատանքը: Նախ՝ ի՞նչ է նշանակում «գործուղումների գնալը»: Արդյոք մի քանի տասնյակ հանրապետական միաժամանակ գործուղմա՞ն է գնացել: Եթե այո, ապա պատգամավորակա՞ն, թե՞ այլ գործերով, և ի՞նչ միջոցներով՝ պետբյուջեի՞: Եթե ոչ, ապա ի՞նչ գործուղման՝ որպես գործարա՞ր: Բայց չէ՞ որ Սահմանադրությամբ պատգամավորն իրավունք չունի լինել գործարար:
Իրավիճակի ամբողջ զավեշտն այն է, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմող իշխող կուսակցության համար բավական ոչ հեշտ խնդիր է քվորում ապահովելը: Իհարկե, որևէ հարցի որևէ քվեարկության համար մյուս անգամ ամենավերևից հանրապետականներին կհրահանգվի գնալ և քվեարկել: Բայց դա կլինի ընդամենը միանվագ օգնություն Սամվել Նիկոյանին, որն ակնհայտորեն իր տեղում չէ որպես խորհրդարանի խոսնակ:
ԲՀԿ-ՀՀԿ լեզվակռիվն ու ժեստակռիվը խոսում է մի պարզ բանի մասին՝ խորհրդարանն անորակ է: Բանավեճը պետք է լինի խորհրդարանի առօրյա աշխատանքում, ոչ թե ընտրությունից ընտրություն:
Թերևս ժամանակն է, որ կուսակցությունները՝ բոլորը, այսուհետ գիտակցեն, որ իրենց շարքերը փող աշխատողներով (այս անգամ զերծ եմ մնում «գործարար» կամ «բիզնեսմեն» բառից, քանի որ ինչպես Ռուբեն Վարդանյանը կասեր, «բիզնես անելն ու փող աշխատելը տարբեր բաներ են») ու փուչիկ փչողներով չլցնեն: Այլապես մի օր այդ փուչիկի պայթյունից հետո ոչինչ չի մնա՝ բացի մի կտոր ռետինից:
Civilnet










