Կառավարությունը երեկ հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթին, որոնք ուղղված են առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի հստակ սահմանմանը, Երևանում սուպերմարկետների գործունեության կարգավորմանը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներկայացնելով օրենսդրական փաթեթը, նշել է, որ սրանով Կառավարությունը սահմանում է խաղի հստակ կանոններ, որպեսզի մի կողմից կարգավորվեն խոշոր խանութների տեղակայման հարցերը, մյուս կողմից՝ հնարավոր լինի պաշտպանել փոքր և միջին խանութների շահերը։ Նախատեսվում է առևտրի օբյեկտները բաժանել երեք կատեգորիայի՝ փոքր՝ մինչև 100 քմ, միջին (100-600 քմ մակերեսով) և խոշոր (600 քմ-ից ավելի)։
Փոքր և միջին խանութների պաշտպանության պատրվակով Կառավարությունն ըստ էության գնում է սուպերմարկետների ընդլայնման սահմանափակումների։ Խնդիրն այն է, որ խոշոր խանութներ բացելու համար պետք է տրվի թույլտվություն՝ հաշվի առնելով բնակավայրի բնակչության թվաքանակը։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում նախատեսվում է ամրագրել, որ Հայաստանի բնակավայրերում առևտրի օբյեկտների և բնակչության ապահովվածության նորման սահմանում է Հայաստանի Կառավարությունը:
Պարզ ասած՝ Կառավարությունն ընդունելու է նորմ, թե կախված բնակավայրի բնակչության թվաքանակից՝ այդտեղ կարելի՞ է բացել խոշոր խանութ, թե՞ ոչ։ Խոշոր առևտրի օբյեկտի բացման թույլտվությունը պետք է տրվի համայնքի ինքնակառավարման մարմնին, իսկ Երևանում դա պետք է իրականացվի քաղաքապետի սահմանած կարգով:
Օրենքների փոփոխելու անհրաժեշտությունն Էկոնոմիկայի նախարարությունը պայմանավորել է նրանով, որ ներկայում առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներն առևտրի օբյեկտները հանրապետության բնակավայրերում և Երևանի վարչական շրջաններում տեղակայում (վերակառուցում) են սեփական հայեցողությամբ, ինչի արդյունքում սահմանափակ տարածքներում առևտրի խոշոր օբյեկտների կուտակումներ կան: «Արդյունքում դժվար կացության մեջ են հայտնվում ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք, չդիմանալով մրցակցությանը, հիմնականում դադարեցնում են իրենց գործունեությունը»,– նշված է հիմնավորման մեջ։
«Օրակարգ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի երեք խոշոր սուպերմարկետների ցանցերի հետ օրինագիծը չի քննարկվել, այն դեպքում, երբ այս փոփոխություններով առաջին հերթին խախտվում են նրանց շահերը։ Հայաստանի ամենախոշոր՝ «Սթար» առևտրային ցանցում «Օրակարգ»-ին հաղորդեցին, որ առաջիկայում իրենք կներկայացնեն իրենց տեսակետը խնդրո առարկայի մասին:
Կառավարության որոշումը կարելի է դիտարկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում, իբր թե փոքր և միջին խանութատերերը պետք է ողջունեն այն: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ օրենքը հակասում է ազատ շուկայի ողջ տրամաբանությանը և հազիվ թե ներկա տեսքով կյանքի կոչվի:
Civilnet











