Գլխավոր Լրահոս

Ես՝ լրագրող, դու՝ նախարար, հոգի...

Երբ Ժան-Պոլ Սարտրը հրաժարվեց Նոբելյան մրցանակից, կարծեմ՝ «Լը Մոնդ»-ի թղթակիցը նրան հարցրեց՝ ինչո՞ւ եք հրաժարվում, և Սարտրը պատասխանեց. «Ինձ թվում է՝ նույն բանը չէ Ժան-Պոլ Սարտր և Ժան-Պոլ Սարտր՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրը»: Տարհամոզումներ չեղան: Եղավ մրցանակը շնորհող Շվեդական ակադեմիայի փոքրիկ ափսոսանքը:

Իր լրագրողական գործունեության մեջ մինչև վերջ գնացած մարդուն ո՞վ և ինչո՞ւ պիտի գնահատի: Ընդհանրապես, իշխանությունն ի՞նչ գործ ունի գործող լրագրողին գնահատելու հետ: Արդյոք նրա գնահատանքը նույն կապանքները չե՞ն, ինչ իշխանության լրագրող լինելու կապանքներն են, նույնիսկ եթե իշխանության ոչ մի քայլին համաձայն չես: Դիցուք, ինչո՞ւ բանակում սպանված զինվորների ծնողները չեն պարգևատրվում: Եվ եթե նույնիսկ պարգևատրվում են, դա ի՞նչ է տալու այդ ծնողներին: Այսինքն՝ ի՞նչ է պարգևատրումը:

Բանակի ղեկավարությունը պարտավոր չէ իմանալ, թե ինչ է լրագրությունը: Բայց լրագրողը մի մարդ է, որը չի կարող կողմ լինել իր գործունեության մեջ: Երբ նրան պարգևատրում են կամ հավաքագրում են, եթե լրագրողը պատվախնդիր է կամ ի սկզբանե հավաքագրված է, այսինքն՝ լրագրող չէ: Որովհետև բանակի կամ երկրի ղեկավարության մտքով կարող է անցնել երկաթի կտոր տալով՝ իրենով անել լրագրողին: Բայց լրագրողը, նույնիսկ եթե նրան իր տանն էլ չեն գնահատում, չի կարող տրվել այդպիսի գնահատանքին:

Ես հասկանում եմ՝ բանակը զինվորագրում է լրագրողին, երկրի նախագահը «վաստակավոր լրագրողի» կոչում է տալիս հենց իշխանության օգտին գրող լրագրողին: Սրանք հասկանալի բաներ են: Հասկանալի է նաև լրագրողի անզորությունը՝ շնորհած մեդալից կամ կոչումից չհրաժարվելու: Անհասկանալին «լրագրող» տերմինի իմաստն է այդ երևույթի մեջ:

Պատվախնդիր լրագրողի պատվախնդրությունն սկսվում և վերջանում է խնդիրը վերհանելով: Դա նույնն է, որ Արդարադատության նախարարությունը պարգևատրի որդեկորույս այն ծնողներին, որոնք պահանջել են և ստացել բանակում իրենց որդիների սպանության իրական հետաքննությունը: Այսինքն՝ իշխանությունից պահանջել են կատարել իր գործը, որն անելու համար նրան լիազորել է այդ նույն որդեկորույս մայրը՝ քվեարկելով նրա իշխանության օգտին:

«Ո՞վ պետք է մեզ սփոփի գովելով,– հարցնում է Մովսես Խորենացին և անմիջապես ավելացնում,- և չափ դնի խոսքի ու լռության»:

«Ողբ»-ի ընթերցողը պետք է ուշադիր լինի, նրա հենման կետը «սփոփանքն» է, ոչ թե «գովքը»: Իր էությունը կորցրած երկրի հաշմության մեջ է Խորենացին սփոփանք փնտրում, նա հրավիրում է ցույց տալ գովքի աղբյուրը, որը բացակա է: «Ո՞ւմ արտասվեմ»,– հարցնում է պատմահայրը:

Հիմա պատկերացրեք նախարարի կամ նախագահի և լրագրողների ժպիտը մեդալ կամ կոչում հանձնելիս և ստանալիս: Ո՞ւմ կրծքին արտասվեն որդեկորույս մայրերը, ո՞ւմ ինչ բողոքեն մարզերի բնակիչները, երբ նրանց խնդիրների մեծ մասը մեզ դեռ անհայտ է, իսկ լրագրողներից ոմանք գրոհում են նույնիսկ Ազգային ժողովը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում