Գլխավոր Լրահոս

Հայկական պարադոքսներ

Հայկական պարադոքսներ

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ անցած տարի Հայաստանում արտադրվել է 14,7 մլն լ գարեջուր կամ 608 հազ. լ-ով (4%-ով) պակաս։ Ոլորտի երեք խոշոր ընկերություններն անցած տարի վճարել են Դ1,8 մլրդ-ի հարկեր կամ 13,7%-ով քիչ, քան 2010թ.։ Հայաստանում գարեջուր արտադրողների վճարած հարկերի ծավալի նվազումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ անցած տարի սպառողները նախապատվությունը տալիս էին տեղական գարեջրին։

Թեև Պետեկամուտների կոմիտեն դեռ չի հրապարակել Հայաստան ներկրված ապրանքների 2011թ. վիճակագրական տվյալները, բայց նույնիսկ հաշվի առնելով ինը ամիսների տվյալները և միջին ամսական ներկրումները՝ 2011թ. գարեջրի ներկրումը կրճատվել է մոտ 20%-ով։ Անցած տարվա ինը ամիսներին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ գարեջրի ներկրումը կրճատվել էր մոտ երկու անգամ՝ կազմելով 2,8 մլն լ:

Եթե հաշվի առնենք, որ չորրորդ եռամսյակում ներկրվել է այնքան գարեջուր, որքան 2010թ. նույն ժամանակահատվածում, ապա ներկրման ծավալները չեն գերազանցի 3,2 մլն լ-ը։ Հաշվի առնելով նաև արտահանման ծավալները՝ ամենալավատեսական հաշվարկներով այս տարի սպառվել է 16,5 մլն լ գարեջուր կամ մեկ բնակչի հաշվով 5,5 լ։ Համեմատության համար նշենք, որ 2010թ. Հայաստանում ներքին շուկայում սպառվել է 18,6 մլն լ կամ մեկ շնչի հաշվով 6 լ։

Հայաստանը բավական հեռու է այն երկրների ցուցանիշներից, որտեղ գարեջրի սպառումը մեկ շնչի հաշվով լուրջ ծավալներ է կազմում: Նման պայմաններում սպառման ծավալների կրճատումը մի փոքր անհասկանալի է։ Օրինակ՝ աշխարհում գարեջուր ամենաշատը խմում են Չեխիայում՝ 144 լ մեկ շնչի հաշվով, Գերմանիայում՝ 107 լ։ Հայաստանի հարևան Թուրքիայում մեկ շնչի հաշվով սպառվում է 12,4 լ գարեջուր կամ երկու անգամ ավելի, քան Հայաստանում:

Ինչի հաշվին

ԱՎԾ հրապարակումների և Պետեկամուտների խոշոր հարկ վճարողների ցանկի ուսումնասիրությունից երևում է, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ արտադրության կրճատման և անփոփոխ գների պայմաններում ավելանում են վճարվող հարկերի ծավալները։ Այսպես՝ անցած տարի Հայաստանում ցեմենտի արտադրությունը կրճատվել է 13,4%-ով՝ կազմելով 422 հազ. տոննա։ Այս պայմաններում ցեմենտի գործարաններն ընդհանուր առմամբ ավելացրել են վճարած հարկերի ծավալը 5%-ով (ցեմենտ արտադրող երկու գործարանները 2011թ. վճարել են Դ1,28 մլրդ-ի հարկեր)։ Ցեմենտի ոլորտից հավաքագրված հարկերի աճը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ ըստ ԱՎԾ-ի՝ ցեմենտի գների փոփոխություն 2010թ. համեմատ չի եղել։

Ուշագրավ է, որ ընդհանուր վճարած հարկերի ծավալի աճը ապահովել է «Արարատ ցեմենտ» ընկերությունը։ «Միկա ցեմենտ» ընկերությունը (Հրազդանի ցեմենտի գործարանը) անցած տարի մոտ երկու անգամ քիչ հարկ է վճարել (2011թ. ընկերությունը վճարել է ընդամենը Դ233 մլն)։ Նկատենք, որ շուկայում լուրջ փոփոխություն չի եղել, որպեսզի «Միկա ցեմենտ»-ը երկու անգամ կրճատեր իրացումները։

Անհասկանալի է նաև գաջի շուկայում տեղի ունեցածը։ Անցած տարի գաջի արտադրությունը կրճատվել է 12,1%-ով, գները նվազել են 3,3%-ով, իսկ շուկայի հիմնական խաղորդ «Գաջեգործ» ընկերության վճարած հարկերի ծավալը նվազել է ընդամենը 5,4%-ով։ Թե ինչպես է ստացվել, որ արտադրության ծավալների կրճատման, գների նվազման պայմաններում ավելացել են ընկերության անուղղակի հարկերը 13,5%-ով, մնում է անհասկանալի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում