Գլխավոր Լրահոս

Կանխի՞կ, թե՞ անկանխիկ

Կանխի՞կ, թե՞ անկանխիկ

Նախագծի բովանդակությունը

Ըստ նախագծի՝ 2012թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև ապրանքների (գույքի) օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների  մատուցման  համար Դ3 մլն-ը գերազանցող գործարքների վճարումները չեն կարող իրականացվել կանխիկ գումարով: Այս սահմանափակումը վերաբերում է նաև իրավաբանական անձանց՝ բացի ֆինանսական հատվածից՝ բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն: Անկանխիկ կընդունվեն նաև Դ300 հազ-ը գերազանցող բժշկական ծառայությունների համար վճարումները: Կրթական հաստատություններում ուսման համար վճարումն անկանխիկ կընդունվի՝ անկախ գումարի չափից: Նախագծով նախատեսվում է նաև վճարային քարտեր սպասարկող սարքերի տեղադրում 200 քառակուսի մետրը գերազանցող ընդհանուր մակերես ունեցող առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, բժշկական կազմակերպություններում: Դրանց տեղադրումը կլինի պարտադիր, իսկ դրանցից օգտվելը՝ ըստ բնակիչների ցանկության: Դրանք կտեղադրվեն  2013թ. հուլիսի 1-ից Երևանում, 2014թ. հունվարի 1-ից՝ մարզերի վարչական կենտրոններում, 2015թ. հունվարի 1-ից՝ հանրապետության բոլոր քաղաքներում:

Միջազգային փորձը

Զարգացած շուկայական տնտեսությամբ որևէ երկրում գոյություն չունի կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենք: Դրա անհրաժեշտությունը չկա էլ՝ Արևմուտքում բանկային մանրածախ ծառայություններից օգտվելու մշակույթը ձևավորվել է դարերի ընթացքում, իսկ դա շատ ավելի զորեղ մոտիվ է, քան պարտադրանքն ու սահմանափակումները: Կանխիկ գործառնությունները օրենսդրորեն սահմանափակելու գաղափարը ծնվել է Ռուսաստանում: Բանկային համակարգի կողմից իրականացված լոբբիստական աշխատանքը տվեց իր արդյունքները՝ կանխիկ գործառնությունների սահմանափակման անհրաժեշտությունը ներկայում նաև Ռուսաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական տեսակետն է: Այդտեղից էլ գաղափարը ներկրվել է Հայաստան, ու արդեն երեք տարի է՝ օրենքի նախագծի տեսքով շրջանառվում է տարբեր ատյաններում: Սակայն նշենք, որ նույնիսկ Ռուսաստանում այս նախաձեռնությունը բազմաթիվ քննադատներ ունի: Փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ նման հարցերը պարտադրանքի միջոցով չեն լուծվում, իսկ քաղաքացիները տարակուսում են, թե ինչու պետք է իրենց գումարներն ու գաղտնիքներն անվերապահ վստահեն բանկերին: Նման օրինագծերի պաշտպանների հիմնական փաստարկն այն է, որ հարկավոր է շրջանառությունում նվազեցնել կանխիկի տեսակարար կշիռը: Այսպես՝ զարգացած երկրներում կանխիկի տեսակարար կշիռը փողի ընդհանուր զանգվածում կազմում է 7-10%, զարգացող երկրներում՝ 15%, Ռուսաստանում՝ 25%: Հայաստանում կանխիկ դրամը փողի զանգվածի մոտ 32%-ն է, իսկ եթե փողի զանգվածից հանենք արտարժութային հաշիվները, ապա կանխիկը դրամային զանգվածի կեսից ավելին է: Սակայն հարկ է նշել, որ վերջին երկու տարիներին Հայաստանում տեղի է ունենում կանխիկի տեսակարար կշռի անկասելի նվազում: Համեմատության համար նշենք, որ 2008թ. կանխիկ դրամը կազմում էր փողի զանգվածի մոտ 45%-ը: Այս միտումը շարունակական բնույթ ունի, ուստի հարց է առաջանում՝ որքանո՞վ է արդիական ուժային միջոցների կիրառումը:

Կամավո՞ր, թե՞ պարտադիր

Որքանո՞վ են հասարակությունն ու գործարար միջավայրը պատրաստ աշխատել բացառապես անկանխիկ հաշվարկներով: Գործարար միջավայրի համար կանխիկի օգտագործման սահմանափակումներ ներկայում էլ կան. օրինակ՝ «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը արգելում է Դ300 հազ-ից ավելի գործարքներն իրականացնել կանխիկ, թեև օրենքի այս պահանջն այնքան էլ արդյունավետ չի վերահսկվում: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա բանկային քարտերի կիրառումը ենթադրում է որոշակի գրագիտություն կամ մշակույթ: Թեև վերջին շրջանում հանրապետությունում աճել է բանկային քարտերի ու անկանխիկ վճարումների ծավալը, այնուամենայնիվ ազգաբնակչության մի զգալի հատված պատրաստ չէ աշխատել քարտերով: Ըստ որոշ գնահատականների՝ բնակչության բանկային քարտերի մոտ 80%-ը տրվել է կամավոր-պարտադիր սկզբունքով՝ աշխատավարձ ստանալու համար: Լուրջ խնդիր է նաև ենթակառուցվածքների զարգացածության հարցը: Եթե Երևանում բանկոմատների ու տերմինալների ծածկույթը շատ թե քիչ թույլ է տալիս անցնել անկանխիկ վճարումների համակարգին, ապա մարզերում դա լուրջ խնդիր է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում