Գլխավոր Լրահոս

Անգործությունից ճնշվածները

Անգործությունից ճնշվածները

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Սոցիալական երկխոսություն» կոչվող հետազոտությունն իրականացվել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրերի շրջանակում: Հետազոտության համար հիմք է ընդունվել սոցիալական երկխոսություն չորս չափանիշ՝ ազնիվ և հավասար հասանելիությունը արդարադատությանը, անհատական (նաև կոլեկտիվ) արժանապատվությունը, անհատի ինքնուրույնությունը և մասնակցությունը համայնքի կյանքին:

Հայաստանից մշտապես հեռանալու ցանկություն է հայտնել հարցվողների 22%-ը, իսկ 59%-ը չի ցանկանում լքել Հայաստանը ուրիշ երկրում մշտական բնակություն հաստատելու համար: Հարցման մասնակիցների 98%-ը Հայաստանը լքելու հիմնական պատճառ է համարում տնտեսական բարեկեցության և զբաղվածության հնարավորությունների բացակայությունը, 61%-ը՝ երեխաների կրթական և աշխատանքային հեռանկարների սահմանափակությունը, 45%-ը իրեն պահանջված չի զգում Հայաստանում, իսկ 44%-ը դժգոհ է մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության մակարդակից:

Հարցման մասնակից հայաստանցիների 45%-ը համարում է, որ 1989-ից ի վեր կատարված փոփոխությունների արդյունքում բարելավվել են խոսքի ազատության հնարավորությունները, այնինչ հարցվածների 28%-ը հակառակ կարծիքի է: Հարցվողների 32%-ը համարում է, որ այս ժամանակահատվածում առավել հեշտ է դարձել հիմնել սեփական բիզնեսը, իսկ 29%-ի կարծիքով՝ բիզնես սկսելու պայմանները վատացել են: Հարցվողների 51%-ը և 56%-ը համապատասխանաբար նշել են, որ բարդացել են բարեկեցիկ կյանքի հասնելու և լավ աշխատանք գտնելու հնարավորությունները:

Կրթության անհասանելիությունն առանձնացրել է հարցվողների 37%-ը, իսկ 29%-ը համարում է, որ այսօր ավելի հեշտ է ստանալ որակյալ կրթություն, քան 25 տարի առաջ: Սակայն հարցման մասնակիցների 65%-ի գնահատականով՝ 25 տարի առաջ կրթության որակն ավելի բարձր էր, քան այսօր, իսկ 40%-ի կարծիքով՝ ներկայում կրթության մակարդակը ավելի վատ է, քան հինգ տարի առաջ: Չնայած բողոքներին՝ հարցման մասնակիցների 72%-ը չի ցանկացել որևէ կամավոր առնչություն ունենալ տեղական դպրոցների բարեկարգման աշխատանքներում:

Բնակչությունն անտարբեր է իր շրջապատի նկատմամբ

Հետազոտությունը վկայում է Հայաստանի բնակչության հասարակական անտարբերության մասին: Հարցվածների ընդամենը 14%-ն իրեն ավելի բավարարված կզգա, եթե ավելի շատ ներգրավված լինի սեփական բնակավայրի վերաբերյալ համայնքային իշխանության կողմից որոշումներ կայացնելու գործընթացին: Բնակչության 73%-ն ընդհանրապես չի կարևորում իր դերը համայնքային որոշումների մեջ:

Չնայած հարցվողները զգում են հասարակական կյանքին ներգրավվելու կարևորությունը, նրանց ընդամենը 4%-ն է վերջին 12 ամիսների ընթացքում մասնակցել հանրահավաքի կամ երթի, և ընդամենը 2%-ը՝ ցույցերի կամ հանրային բողոքների: Ավելին՝ հարցման մասնակիցներից և ոչ մեկը նշված ժամանակահատվածում որևիցե անկախ հաստատության (օրինակ՝ Սպառողների միություն) բողոք չի ներկայացրել:

Հասարակության պասիվությունը նկատելի է նաև մշակութային ոլորտում: Հարցման մասնակիցների 84%-ը 2011թ. վերջին երեք ամիսներին ընդհանրապես չի հաճախել որևէ մշակութային միջոցառման, ընդ որում՝ վերջիններիս 65%-ը նշել է, որ չի կարող իրեն թույլ տալ ֆինանսական միջոցներ հատկացնել մշակութային իրադարձությունների համար, իսկ 16%-ը պարզապես հետաքրքրված չէ մշակութային անցուդարձով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում