Գլխավոր Լրահոս

Օրենքն ընդունվում է փիար նպատակներով

Օրենքն ընդունվում է փիար նպատակներով

-Պարոն Քերոբյան, օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ այն քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Ձեզ հետ այն քննարկվե՞լ է։

-Ո՛չ, չի քննարկվել, թեև մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք Կառավարության և պետական գերատեսչությունների հետ քննարկել այն բոլոր հարցերը, օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հետ մենք կապ ունենք։ Կարծում եմ՝ այդ քննարկումների արդյունքում օրենքները միայն կշահեն։ «Սթար»-ը, լինելով առաջադեմ և սոցիալապես պատասխանատու ընկերություն, յուրաքանչյուր հարցի նայում է ոչ միայն սեփական բիզնեսի, այլև հասարակության շահերից։

-Ի՞նչ կասեք Կառավարության որոշման մասին։

-Ենթադրվում էր, որ նման օրենսդրական նախաձեռնություն կլինի. աշխարհի բոլոր զարգացած երկրներում գոտևորման մասին օրենքներ կան։ Ռուսաստանում նման օրենք ընդունվել է մի քանի տարի առաջ, Գերմանիայում այն շատ վաղուց է գործում: Եվրոպական այլ երկրներում ևս նման օրենքներ կան։ Կարծում եմ՝ օրենքն ըստ էության ճիշտ օրենք է, մեզ պարզապես անհանգստացնում է օրենքի ընդունման տրամաբանությունը։

Եթե այլ երկրներում այդ օրենքներն ընդունվել են՝ նպատակ ունենալով տնտեսավարող սուբյեկտներին զերծ պահել չհաշվարկված, չնախատեսված ներդրումներից և կարգավորել մանրածախ քաղաքակիրթ առևտրի հավասարաչափ բաշխվածությունը, ապա մեզ մոտ օրենքն ընդունվում է այսպես ասած փիար նպատակներով, թե դրա նպատակը փոքր և միջին բիզնեսի շահերը պաշտպանելն է։

Ես համաձայն չեմ այդ տեսակետին և կարծում եմ, որ հաճախորդը, վերջնական սպառողը պետք է ընտրի այն առևտրի ձևը և վայրը, որից ցանկանում է օգտվել։ Չեմ կարծում, որ ճիշտ է որևէ թաղամասի բնակչի զրկել սուպերմարկետներից՝ այն տրամաբանությամբ, որ բավարար չափով փոքր խանութներ կան։ Հաճախորդն ընտրության հնարավորություն պետք է ունենա: Այլ հարց է, որ համայնքներում խոշոր խանութների քանակն իսկապես չգերազանցի որոշակի սահմանաչափը, քանի որ դրանց գերկոնցենտրացիան տնտեսապես անարդյունավետ կլինի։

-Կառավարությունը կարծում է, որ այսօր որոշ թաղամասերում կա այդպիսի գերկոնցենտրացիա։ Դա իսկապե՞ս այդպես է։

-Բացարձակապես ո՛չ: Այսօր, այսպես ասած, քաղաքակիրթ առևտուրը կազմում է ընդհանուր առևտրի 7-10%-ը, և նույնիսկ Երևանի ծանրաբեռնված համայնքներում այդ ցուցանիշը չի գերազանցում 30%-ը։ Համեմատության համար նշեմ, որ զարգացած երկրներում, օրինակ՝ Շվեդիայում, սուպերմարկետների միջոցով իրականացվում է առևտրի 95%-ը, Մոսկվայում՝ 75%-ը։

-Նշվում է, որ փոքր և միջին խանութները չեն կարողանում մրցակցել սուպերմարկետների հետ, և օրենսդրական փաթեթն ուղղված է նաև նրանց պաշտպանությանը։

-Մենք նախ պետք է հասկականք, թե ում մասին ենք մտածում։ Եթե սուպերմարկետները վատը լինեին, սպառողները չէին օգտվի դրանցից։ Մենք առաջարկում ենք ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ ավելի մատչելի գներով։ Մեզ մոտ սպառողական զամբյուղը 7-10%-ով ավելի էժան է, քան փոքր խանութներում։ Մենք կարողանում ենք ավելի արդյունավետ և մեծ մասշտաբով կազմակերպել մեր գործառույթները և ստանում ենք մասշտաբի էֆեկտը, որի արդյունքում կարողանում ենք ապրանքը հաճախորդին մատակարարել ավելի էժան և որակյալ։ Չեմ կարծում, որ դա մահացու մեղք է։

Եթե խնդիրը դիտարկենք տնտեսական առաջընթացի տեսանկյունից, ապա միանշանակ սուպերմարկետներն օգնում են ավելի արդյունավետ կառավարել գործընթացները, և մանրածախ առևտրում մենք շատ հեռու չենք միջազգային չափանիշներից։ Բացի այդ՝ մենք ստիպում ենք, որ մեր մատակարարներն իրենց ապրանքներն արտադրեն այնպես, ինչես դա հարմար է վերջնական սպառողին: Դա ոչ մի դեպքում հնարավոր չէ ակնկալել փոքր և միջին խանութից։

Ստվերի և օրինական դաշտի տեսանկյունից ևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ փոքր և միջին խանութներում լուրջ ստվերային շրջանառություն կա, մինչդեռ սուպերմարկետները, լինելով ավելի մեծ ընկերություններ, ավելի վերահսկելի են։ Ես չեմ կարող ասել, որ բոլորը նույն չափանիշներով են աշխատում, բայց մեր մասով կարող եմ ասել, որ աշխատում ենք լրիվ օրինական դաշտում։

-Օրենսդրական փոփոխությունները Ձեր բիզնեսի համար խնդրահարո՞ւյց են։

-Մենք ընտրել ենք միջին ֆորմատի խանութների ռազմավարությունը, և այդ տեսակետից օրենքը մեզ չի խանգարում։ Հնարավոր է, որ այս օրենքը սահմանափակի միջազգային խոշոր խաղացողների մուտքը հայկական շուկա։ Լուրեր են շրջանառվում, որ, օրինակ, ռուսական «Աշան» սուպերմարկետների ցանցը, ֆրանսիական Carrefour-ը ցանկանում են մուտք գործել հայկական շուկա: Այս օրենքի առկայության դեպքում նրանք չեն կարողանա բավարար տեղեր գտնել։

Ես նաև համաձայն չեմ այն դրույթին, որ նույնիսկ վերակառուցելու դեպքում պետք է համաձայնություն ստանալ տեղական իշխանություններից։ Վերակառուցումը առևտրային տարածքի ավելացում չէ, և պետք է հասկանալ, որ դա օգտակար է լինելու թե՛ այն մարդու համար, ով վաճառելու է խանութը, թե՛ նրա համար, ով գնելու է։ Չեմ կարծում, որ այդտեղ որևէ թույլտվության կարիք կա։

Փաթեթում ինձ մտահոգում են նաև այն դրույթները, որոնք վերաբերում են սննդի անվտանգությանը, մասնավորապես՝ դրանց կիրարկման ժամկետները նախատեսվում է հետաձգել։ Այնպիսի տպավորություն է, որ այս օրենսդրական փաթեթը դեմ է վերջնական սպառողին։ Օրենքով նշված է, որ սննդի անվտանգության վերաբերյալ դրույթը պետք է գործի 2012թ. հուլիսի 1-ից, իսկ հիմա Կառավարությունն առաջարկում է այն փոխել 2015թ. հուլիսի 1-ով։ Ինչո՞ւ. մի՞թե սպառողն իրավունք չունի հանրային սննդի օբյեկտներից որակյալ սնունդ ստանալ հենց այսօր։ Այս դրույթի հետաձգումը և մյուս մասերի փոփոխությունները ինձ թույլ են տալիս ասել, որ օրենքի տրամաբանությունը հակասության մեջ է վերջնական սպառողի շահերի հետ։

-Վերջին շրջանում սուպերմարկետները հայտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, ճանաչվում են գերիշխողներ, այժմ էլ կարգավորվում է ընդլայնումը։ Ըստ Ձեզ՝ Կառավարությունը չի՞ ցանկանում, որ բիզնեսի այս տեսակը զարգանա։

-Վերջին մի քանի տարիներին սուպերմարկետների թիվը կտրուկ աճել է: Դրանք մշտապես գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ հանդիսանում են զանգվածային բիզնես: Օրինակ՝ «Սթար» օրական մտնում է 50 հազ. մարդ, նույնքան էլ՝ «Երևան Սիթի»: Բնականաբար, այդ ընկերությունները գտնվում են ուշադրության կենտրոնում, և դրանց ճնշելը կարող է համարվել լավ փիար քայլ։ Բայց կարող եմ ասել, որ «Սթար»-ի միակ նպատակը որակյալ ծառայություն մատուցելն է և միայն այդպես գումարներ աշխատելը։ Մենք չենք կարող այսօր հաճախորդին տալ ավելի վատ բան, քան այն, ինչ նրանք ունեն, և հուսալ, որ նրանք նորից մեզ մոտ կգան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում