Ինչո՞ւ չհաղթեց Սասունը
Կիրակի Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցած ընտրություններում 31-ում հաղթեցին ՀՀԿ-ի, երկուսում՝ ԲՀԿ–ի, 6-ում՝ անկուսակցական թեկնածուներ: Ինչպես և սպասվում էր, ամենաթեժ ընտրապայքարը ծավալվեց Հրազդանում՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի և գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի միջև և ավարտվեց վերջինիս հաղթանակով՝ ընդամենը 1573 ձայնի առավելությամբ:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այս անգամ էլ օգտագործվեց վարչական ռեսուրսը, որ այս անգամ էլ գործադիր իշխանության ներկայացուցիչը՝ մարզպետը, խախտեց պաշտոնեական լիազորությունները՝ դեռ ընտրություններից առաջ հայտարարելով, թե «Սասունը սկի իրա կարիքը չունի, ուր մնաց՝ ժողովուրդն իր կարիքն ունենա»:
Այս անգամ ընդդիմության թեկնածուն պարտվեց ոչ թե վարչական ռեսուրսի, այլ ընտրողների անտարբերության պատճառով:
Հրազդանում 43874 ընտրողներից քաղաքապետի ընտրությանը մասնակցեց 25386 մարդ կամ ընտրողների 57,9 տոկոսը։ Այսինքն՝ ընտրություններին չմասնակցած 18038 հոգին կամ նույնիսկ նրանց մի մասը կարող էր իրավիճակ փոխել քաղաքում՝ նույնիսկ հաշվի առնելով իշխանական թեկնածուի «մրցակցային առավելությունները»:
Սա խոսում է այն մասին, որ հրազդանյան ընտրությունները բոլորովին էլ մայիսին սպասվող ընտրությունների ռեպետիցիան չէին: Հակառակը, այդ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ի համար դա բավական լուրջ փորձություն էր:
Սասուն Միքայելյանին հաղթեց ոչ թե իշխանության թեկնածուն կամ իշխանությունը, այլ անտարբերությունը, և Հրազդանի գլխավոր դասը թերևս այն է, որ յուրաքանչյուր ընտրողի քվեն որոշիչ է (կուսակցություններից մեկի «քվեն ուժ է» կարգախոսն այստեղ միանգամայն տեղին է):
Հրազդանյան ընտրությունները կարող են մեսիջ լինել փոփոխություններին չհավատացող և ընտրություններին չմասնակցող մարդկանց այն հատվածի համար, որ ընդամենը պարզ թվաբանությամբ կարելի է հասնել փոփոխությունների: Ընդ որում՝ կարևոր չէ, թե Սասուն Միքայելյանը որքանով է լավը Արամ Դանիելյանից կամ հակառակը..., կարևորն այն է, որ ժողովուրդը վերջապես կարողանա իրագործել ընտրելու իր իրավունքը:
Եթե թվերը ինչ-որ բան հուշում են Հայաստանի բնակիչներին, ապա մայիսյան ընտրություններին թերահավատ ընտրազանգվածն իր ուժով մի քանի անգամ կգերազանցի վարչական ռեսուրսին:
Civilnet










