ԱՊՀ Միջպետական բանկը 2006թ. Rhinoville Property Limited-ին տրամադրել էր $70 մլն-ի վարկ՝ «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի ձեռքբերման, ներդրումների և արտադրության վերազինման համար։ Վարկը հատկացվել էր 5,3 տարով՝ մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը, տարեկան 12,5% տոկոսադրույքով։ Ըստ Միջպետական բանկի փաստաթղթի՝ Rhinoville Property Limited-ը բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղել է $39 մլն, շրջանառու միջոցների համալրմանը՝ $12,8 մլն, արդիականացման ծառայությունների վճարմանը՝ $18,2 մլն։ «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերը որպես վարկի գրավ փոխանցվել են բանկին։
«Օրակարգ»-ին ԱՊՀ Միջպետական բանկում ասացին, որ Rhinoville Property Limited-ը չի մարել վարկը։ Բանկում չցանկացան նշել, թե վարկի որ մասը չի մարվել, և թե ինչպես է լուծվելու վարկի վերադարձելիության խնդիրը։
Նշենք, որ այս գործարքի երաշխավորը եղել է ՀՀ Կառավարությունը։ ԱՊՀ Միջպետական բանկը և ՀՀ Կառավարությունը 2005թ. նոյեմբերի 10-ին ստորագրել էին 2005-2012 թթ. «Նաիրիտ»-ի արտադրության վերականգնման և վերազինման ծրագրի մասին համաձայնագիր, որով բանկն ակտիվ ֆինանսական մասնակցություն պետք է ունենար գործարանի վերակառուցման գործում։ Ի կատարումն այս համաձայնագրի՝ բանկը վարկավորել էր Rhinoville Property Limited-ին։
Հաշվի առնելով, որ «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը հանդիսացել են գրավի առարկա, ստացվում է, որ Հայաստանի Կառավարության թեթև ձեռքով (Կառավարությունն ըստ էության հանդիսացել է Rhinoville Property Limited-ի երաշխավորը) ԱՊՀ Միջպետական բանկը դարձել է «Նաիրիտ»-ի սեփականատերը։
ԱՊՀ Միջպետական բանկը հիմնադրվել է 1993թ., այն վարկային և վճարահաշվարկային ինստիտուտ է՝ 100% պետական մասնակցությամբ։ Բանկի բաժնետերեր են ԱՊՀ երկրների կառավարությունները և կենտրոնական բանկերը։ Բանկի ամենամեծ բաժնետերը Ռուսաստանի կառավարությունն է (50% բաժնեմաս): Հայաստանի բաժնմասը 1,8% է։
Ով է պատասխանատու
Հայաստանի Կառավարության «օժանդակությամբ» այսօր ԱՊՀ Միջպետական բանկը փաստացի տնօրինում է մի ակտիվի, որը չի կարող իրացնել։ Լինելով «Նաիրիտ»-ի սեփականատեր՝ բանկը ընկել է ծանր վիճակի մեջ։ Խնդիրն այն է, որ 2009թ. Միջպետական բանկը 8,5% տոկոսադրույքով և մինչև 2019թ. մարման ժամկետով «Նաիրիտ»-ին տրամադրել էր Դ35,5 մլրդ-ի ($95 մլն) վարկային միջոցներ, և այդ գումարն ամբողջությամբ ծախսվել է։ Բացի այդ՝ «Նաիրիտ»-ը պարապուրդի է մատնված արդեն երկու տարի և օրական կուտակում է մոտ Դ33 մլն պարտք։
Թեև «Նաիրիտ»-ը այն եզակի ընկերություններից է, որ արտադրում է քլորոպրենային կաուչուկ (աշխարհում ընդամենը հինգ երկիր է արտադրում քլորոպրենային կաուչուկ՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Ճապոնիան և Հայաստանը), հաշվի առնելով պարտքի ծավալը (շուրջ $150 մլն), հին տեխնոլոգիաների արդիականացման համար պահանջվող ներդրումների ծավալը (շուրջ $350 մլն)՝ այս ակտիվի վաճառքը բավական դժվար կլինի։
Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Նաիրիտ»-ի պարտքերի, պարապուրդի հիմնական մեղավոր Rhinoville Property Limited-ը դուրս է մղվել ողջ պատմությունից և որևէ պարտավորություն չի կրում, իսկ խնդիրների լուծումը մնացել է ՀՀ Կառավարության և ԱՊՀ Միջպետական բանկի ուսերին։
Դեռ անցած տարի ՀՀ Կառավարությունը և ԱՊՀ Միջպետական բանկը մշակել էին «2011-2019 թթ. «Նաիրիտ»-ի զարգացման և վերակառուցման» ծրագիր, որի իրականացման ներդրումները գնահատվել էին $512 մլն։ Ըսդ որում՝ դրանից $366 մլն-ն է նախատեսված ուղղել քիմիական հսկայի արդիականացմանը, իսկ $146 մլն-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկի $100 մլն պարտավորությունների վերաֆինանսավորմանը, $46 մլն-ն էլ՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը։
ՀՀ Կառավարությունն ակնկալում է, որ այդ ծրագրի ֆինանսավորման աղբյուրը պետք է հանդիսանա ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամը, որը Հայաստանին պետք է հատկացնի $400 մլն վարկ։ Թեև վարկային միջոցների հատկացման հարցը հիմնադրամի խորհրդի կողմից պետք է քննարկվեր, և որոշում ընդունվեր անցած տարվա վերջին, գործընթացը ձգձգվում է։
Ուշագրավ է, որ է Rhinoville Property Limited-ի մեքենայություններն իրականացվել են Կառավարության համառ լռությամբ։ «Նաիրիտ»-ի մյուս բաժնետերը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, «Նաիրիտ»-ի կործանման գործընթացում դիտորդի կարգավիճակում է եղել։
Civilnet











