Գլխավոր Լրահոս

Շուկայի կոնսոլիդացիան կշարունակվի

Շուկայի կոնսոլիդացիան կշարունակվի

-Պարոն Ֆարամազյան, ինչո՞վ է պայմանավորված, որ ընկերության բաժնետերերը որոշեցին վաճառել բաժնետոմսերը, եթե հաշվի առնենք, որ ընկերությունն աշխատում է շահույթով և զարգանում է։

-Ճիշտ կլիներ՝ այդ հարցին պատասխանեին բաժնետերերը: Ես կարող եմ ասել, որ բաժնետերերը, ցանկանալով զարգացնել ընկերության բիզնեսը, բավական երկար ժամանակ բանակցում էին տարբեր ռազմավարական ներդրողների հետ։ Այսինքն՝ խոսքը ընկերության զարգացման, ներդրումների ավելի մեծ ծավալի և բիզնեսը է՛լ ավելի բարձր մակարդակի հասցնելու մասին է։

Բանակցելով տարբեր պոտենցիալ ներդրողների հետ՝ վերջիվերջո լավագույն առաջարկը և համագործակցության սխեման բաժնետերերը ստացել են «Ռոստելեկոմ»-ից: Բաժնետոմսերի մի մասը վաճառելով՝ GNC Alfa-ն ապահովում է ռազմավարական ներդրողի առկայությունը։ Դա ընկերությանը հնարավորություն կտա դինամիկ զարգանալ։ Սա է գործարքի իմաստը, այլ ոչ թե բաժնետոմսերը վաճառելը և շուկայից դուրս գալը։

-Ըստ Ձեզ՝ «Ռոստելեկոմ»-ը հայաստանյան շուկայում ի՞նչ ռազմավարական ուղղություն է որդեգրելու։

-Կարծում եմ՝ «Ռոստելեկոմ»-ը, օգտագործելով GNC Alfa-ի ցանցը, զարգացնելու է իր գլոբալ մալուխային ցանցը, ինչպես նաև ընդլայնելու է գործունեությունը հայաստանյան շուկայում։ Նրանց հայտարարության մեջ նույնպես նշված էր, որ GNC Alfa-ի օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը 1,5 հազ. կմ է, որը 70% ծածկույթ է ապահովում երկրի տարածքում, ինչը թույլ է տալիս դուրս գալ դեպի Իրան և Մերձավոր Արևելքի երկրներ:

-Հայաստան ներկրվող ինտերնետը հիմնականում ձեռք է բերվում «Ռոստելեկոմ»-ից։ Արդյոք ընկերության մուտքը մեծածախ ինտերնետի հետագա էժանացում ենթադրո՞ւմ է։

-Ինտերնետի մեծածախ գներն ամեն դեպքում նվազում են, և դա շարունակական բնույթ է կրում։ Իհարկե, գների նվազումը կլինի արդյունքներից մեկը, քանի որ «Ռոստելեկոմ»-ը ինտերնետի խոշորագույն մատակարարներից մեկն է։

-Տեսակետ կա, որ մանրածախ ինտերնետի շուկայում դեմպինգ կա, և շուկան, այսպես ասած, սպանում են։

-Համաձայն չեմ այդպիսի կոշտ ձևակերպմանը։ Իհարկե, շուկայում որոշ դեպքերում հնարավոր են առանձին ընկերությունների ոչ կոռեկտ գործողություններ, բայց ընդհանուր առմամբ շուկան զարգանում է։ Մենք ականատես ենք շուկայի ներթափանցելիության ավելացմանը, սպառողներին ավելի մատչելի և որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ գործողություններին։ Իհարկե, գալու է մի պահ, երբ գները հասնեն ինչ-որ նվազագույն սահմանի և դրանից ներքև չիջնեն, քանի որ կան հաստատուն ծախսեր։

Ամեն դեպքում, մենք կտեսնենք, որ նույն գների սահմաններում կտրամադրվեն մի քանի անգամ ավելի արագություններ, քան այսօր է։ Օրինակ՝ այսօր Եվրոպայում ինտերնետի միջին գինը մոտ 20 եվրո է, գրեթե նույն գինն է Հայաստանում: Միակ տարբերությունն այն է, որ Եվրոպայում արագությունները մի քանի անգամ ավել են։ Հայաստանյան շուկայում գործընթացները տանում են արագությունների ավելացման։

-Ներդրումների վերադարձելիության տեսակետից ինտերնետի շուկան գրավի՞չ է։

-Շուկայի գրավչության մասին խոսելիս պետք է հաշվի առնել ինտերնետ օգտատերերի քանակը, որքանով է դրանց թիվը ավելանում տարեկան կտրվածքով։ Մեր դեպքում օգտվողների թիվը դեռ ավելանում է, ավելանում է նաև տրաֆիկի ծավալը։ Այսինքն՝ շուկան դեռ աճելու տեղ ունի։ Կարծում եմ՝ լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը լուրջ տեմպերով աճելու է առաջիկա 3-4 տարվա ընթացքում, հատկապես մարզերում, որտեղ ինտերնետ հասանելիության մակարդակը դեռ ցածր է։

Անցած տարի ինտերնետի տրաֆիկը կրկնապատկվել է: Կարծում եմ՝ աճի նույն տեմպը կլինի նաև այս տարի։ Տրաֆիկի աճ տեղի է ունենում բոլոր երկրներում: Եթե զարգացած երկրներում աճը 50% է, ապա զարգացող երկրներում դա կրկնապատկվում է։ Տրաֆիկի աճը պայմանավորված է ոչ միայն բաժանորդների թվի աճով, այլև կոնտենտի, որը գնալով ծանրանում է:

-Դուք նախատեսո՞ւմ եք մուտք գործել մանրածախ ինտերնետի շուկա։

-Այդ հարցը մենք հիմա քննարկում ենք մեր բաժնետիրոջ՝ «Ռոստելեկոմ»-ի հետ և որոշում, թե առաջիկա տարիներին զարգացման ինչ ռազմավարական ծրագիր է լինելու։ Ընկերության զարգացման տարբերակներից մեկը նաև դա է։ Այսօր մենք արդեն ծառայություններ ենք մատուցում կորպորատիվ հաճախորդների, առաջիկայում նախատեսում ենք տրամադրել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ IP տեխնոլոգիայով։

-Անցած տարի ինտերնետ շուկայում տեղի ունեցավ կոնսոլիդացիա (Ucom-ը ձեռք բերեց խոշոր պրովայդերներ Icon և Netsys ընկերություններին)։ Ի՞նչ եք կարծում, կոնսոլիդացիոն գործընթացներն այս տարի՞ էլ կշարունակվեն:

-Կարծում եմ՝ կոնսոլիդացիայի գործընթացը կպահպանվի առաջիկա երկու տարվա ընթացքում։ Կոնսոլիդացիան բնական երևույթ է։ Այն ընկերությունները, որոնք շարունակելու են ներդրումներ կատարել, ընդլայնել սեփական ցանցը, ծառայությունները, զարգանալու ավելի մեծ պոտենցիալ ունեն։ Չի բացառվում, որ զարգանան և շարունակեն գործել փոքր և միջին ընկերությունները, որոնք իրենց նիշան գտել են և մասնագիտացած են առանձին ծառայություններ մատակարարելու գործում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում