Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացնելու որոշման նախագիծ, որով առաջարկում է հաստատել գերմանական KfW բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հէկերի համալիրի վերականգնման ծրագրի խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները և հաղթող ճանաչել գերմանական Fichtner GmbH & Co.KG-ին։ Այս ընկերությունն իր ծառայությունները գնահատել է €2,756 մլն։
Նշենք, որ դեռ 2010թ. հոկտեմբերին Հայաստանի Կառավարությունը KfW բանկի հետ ստորագրել էր €51 մլն-ի վարկային պայմանագիր, և այդ միջոցները պետք է ուղղվեն Որոտանի հէկերի համալիրի վերակառուցմանը։
Այսօրվա որոշման նախագծի հիմնավորման մասում ներկայացվող պարզաբանումներն ուշագրավ են։ Մասնավորապես՝ նախարարությունը գրել է, որ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով, բանկի ուղեցույցների համաձայն, հայտարարվել և իրականացվել է միջազգային մրցույթ, որի արդյունքները 2012թ. դեկտեմբերի 29-ին հաստատվել են կառավարման խորհրդի կողմից: Նախարարությունը երևի նկատի է ունեցել 2011-ը:
Նշենք, որ Fichtner GmbH & Co.KG-ն այդքան էլ մեծ գումար չի պահանջել իր խորհրդատվության համար, քանի որ ՀՀ Կառավարության և KfW բանկի միջև կնքված վարկային պայմանագրի համաձայն՝ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար նախատեսված է 6% (€3,06 մլն)։
Խորհրդատվական ընկերության ընտրությունը պարզ չէ, եթե հաշվի առնենք, որ վերակառուցման աշխատանքները կատարելու է Որոտանի հէկերի համալիրը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2011թ. մայիսի 12-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ վարկային միջոցների հաշվին խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն անթույլատրելի է։ Անցած տարի վարչապետն ասել էր, որ եթե խորհրդատվական աշխատանքների անհրաժեշտություն կա, ապա դա պետք է անել միայն գրանտային միջոցների հաշվին, բայց ոչ վարկային միջոցների հաշվին, որովհետև դրա բեռը բավական ծանր է լինելու։
Ինչ վերաբերում է Որոտանի հէկերի վերանորոգման աշխատանքների ծրագրին, ապա այդ ծրագիրը բացակայում է նախարարության պաշտոնական կայքէջում, և դժվար է գնահատել, թե դրա իրականացման դեպքում ինչ արդյունքներ կլինեն։ Նշենք, որ Որոտանի հէկերի համալիրը Հայաստանի ամենախոշոր հիդրոէներգետիկ կառույցն է, որը բաղկացած է չորս հէկից՝ Սպանդարյան, Շամբ, Տաթև և Հեր-Հէր, որոնց տեղակայված ընդհանուր հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1,16 մլրդ կՎտ ժամ: Համալիրը գործում է 1970-ից, երբ գործարկվեց Տաթևի հէկը: 1978թ. գործարկվել է Շամբի հէկը, իսկ 1989թ.՝ Սպանդարյանի հէկը:
Civilnet











