Գլխավոր Լրահոս

Հայրենիքը՝ անհայտ բացակա

Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները լուծելու տարբերակներից մեկն էլ, ըստ Պուտինի, տարեկան 300 հազար միգրացիոն հոսք ապահովելը պետք է լինի «մերձավոր և հեռավոր արտասահմանոմ ապրող հայրենակիցների, միջազգային որակյալ մասնագետների, հեռանկարային երիտասարդների հաշվին»: Պուտինը տագնապում է, որ բնակչության նվազման ներկա տեմպերով Ռուսաստանը մոտ ապագայում կարող է վերածվել «դատարկ տարածության»:

Մեզ՝ գաղթելու հակում ունեցող հայերիս, առաջին հայացքից գրավիչ է թվում Պուտինի ծրագիրը: Բայց ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Ռուսաստանի վարչապետի մտադրությունը գայթակղիչ: Եվ ինչո՞ւ մեզ մոտ ժողովրդագրական այդ տագնապը չկա: Ուշադի՛ր եղեք, Պուտինը չի ուզում փրկել ռուս ժողովրդին, նա ուզում է փրկել Ռուսաստանը: Նա ուզում է ներկայանալի երկրի առաջնորդ լինել:

Հայաստանի վերջին մարդահամարի նախնական տվյալներն արդեն կան, ըստ որի՝ վերջին տասը տարում երկրից հեռացել է 500 հազար մարդ: Այսինքն՝ մենք այլևս 3-միլիոնանոց ազգ չենք: Բայց երկիրն ընդլայնել է իր տարածքները: Կենսաբանական անհրաժեշտ տարածքն ունենք, թեպետ 30 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքն էլ հնարավորություն է ընձեռում առնվազն 5-6 միլիոն բնակչություն ունենալ: Առավել տրամաբանական կլիներ, որ մեր բնակչության թիվն անցներ 4 միլիոնը:

Մյուս կողմից՝ Պուտինը մեր ներգաղթը Ռուսաստան հրապարակայնացնելու կարիք չունի, որպեսզի հայերն անվերադարձ վազեն Ռուսաստան: Պարզապես Պուտինի այս նախաձեռնությունը կհեշտացնի Ռուսաստանում տեղավորվելու փաստաթղթավորումը: Երկրից հեռացողների բառապաշարից կվերանա խոպան հասկացությունը, խոպանն այսուհետ կդառնա հայրենիք, այն այլևս չի դիտարկվի միայն տուն պահելու համար անհրաժեշտ տարածք:

Պարզ է՝ Պուտինը գերազանց է հասկանում փաստը, որ ի վիճակի է ներգաղթյալների համար ապահովել կյանքի տարրական պայմաններ: Հայ մարդու համար տարրական պայմանները հրաշալի ցատկահարթակ են: Ամենակարևորը՝ ոչ ոք նրանց գլուխը չի լցնի ազգային առաջնահերթություններով, եթե դրանցից ոչ մեկը մարդը չէ:

Նկատի ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանից հեռացած հայ մարդու ազգային առաջնահերթությունները սկսվում են կյանքի պայմանների բարելավումից հետո: Հայաստանում ցանկացած իշխանություն ազգային առաջնահերթություններով է պայմանավորում կյանքի վատ լինելը: Դա հոգնեցրել է և շարունակելու է հոգնեցնել հայ մարդուն:

Որպեսզի ռուս մարդն իր տանը նստած չտագնապի Պուտինի մտահղացումից, այսինքն՝ օտարերկրացիների արշավանքի հրավերից, վարչապետն այսպես է ասում՝ հրավիրում ենք արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին, խթանելու ենք որակավորված արտասահմանյան մասնագետների և խոստումնալից երիտասարդների մուտքը: Որևէ մեկը ճանաչո՞ւմ է ոչ խոստումնալից որևէ հայ երիտասարդի:

Եվ, ընդհանրապես, երկրում, այսինքն՝ Հայաստանում, որտեղ ապրելու նորմալ պայմաններ չկան, ինչպե՞ս որոշենք՝ մարդիկ այնտեղ խոստումնալի՞ց են, թե՞ ոչ: Հա, բայց, ո՞վ ասաց, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը նույնպես նպաստում է արժանապատիվ կյանք ունենալուն, և ինչո՞վ է «խոստումնալից երիտասարդի» կյանքը տարբերվելու Հայաստանում նրա ապրած կյանքից: Ես հստակ չգիտեմ:

Փաստն այն է, որ հայերը հաճույքով են գնում Ռուսաստան ու մնում: Իմ ընկերուհու հայրը գնաց, մնաց ու մահացավ: Նրանից իր հայրենիքում մնաց մի փաստաթուղթ, որով դատարանը նրանց ճանաչում էր անհայտ բացակայող: Պարզապես Պուտինի հրավերով մեր երկրի պոտենցիալ անհայտ բացակայողները դառնում են օտար երկրի անհայտ ներկաներ: Բոլորս այսուհետ գիտենք, թե որտեղ են նրանք, բայց ովքեր են նրանք, այլևս չգիտենք: Նրանք գնում են՝ սրտներից թոթափելով Հայրենիքի բացակայությունը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում