-Պարոն Պետրոսյան, Հայաստանում ի՞նչ խնդիրների են առերեսվում ստարտափները, կոնկրետ՝ Ձեր ընկերությունը:
-Հայաստանյան շուկայի հիմնական խնդիրը փոքր մասշտաբներն են: Մրցակցությանը դիմանալու համար պետք է յուրովի մատուցես քո պրոդուկտը: Շուկայի փոքր լինելու պայմաններում անընդհատ պետք է մարզվես: Բացի այդ՝ հայաստանյան պատվիրատուն շատ պահանջկոտ է, ինչը ստիպում է միշտ բարձր որակ ապահովել: Մեր հիմնական խնդիրը, սակայն, հարկային օրենսդրությունն է. այն կարող է շատ ավելի պարզեցված ու մեղմ լինել: Մենք հասկանում ենք, որ պետությունը պետք է գոյատևի մեր տված հարկերով, սակայն ավելի ճիշտ կլինի հարկային բեռի զգալի մասն ուղղել դեպի խոշոր բիզնես, ոչ թե հակառակը: Ներկայիս պայմաններում գործարարն անընդհատ մտածում է, որ հնարավոր է՝ մի օր փակի բիզնեսը կամ տեղափոխվի այլ երկիր, այնինչ մենք պետք է զբաղվենք մեր հիմնական գործունեությամբ, այլ ոչ թե հարակից հոգսերով:
-Ասում եք՝ շուկան փոքր է, հաճախորդը՝ խստապահանջ: Ինչպե՞ս եք կարողանում զարգանալ:
-Մենք բավական երիտասարդ աշխատակազմ ունենք: Գուցե չունենք ավագ սերնդի փորձառությունը, սակայն երիտասարդ լինելը մեզ առավելություն է տվել: Տեղական շուկան փոքր է, ինչը ստիպում է հանդես գալ յուրովի, ունենալ տարբերվող մտածելակերպ, դուրս գալ կաղապարներից: Դրանից ելնելով՝ մենք շատ հարցերի տարբերվող մոտեցումներ ենք ցուցաբերում, փորձում ենք ներդնել դրսի փորձը և տեղայնացնել միջազգային շուկայի միտումները:
-Ձեր գործունեության տեսակը ավելի շատ կարիք ունի հեղինակային իրավունքի պաշտպանության: Պաշտպանվա՞ծ է արդյոք այն:
-Դա մեր հիմնական խնդիրներից մեկն է: Հայաստանում մտավոր ներդրումը չի գնահատվում, ինչը օրենսդրական բացերից մեկն է: Այսօր պատվիրատուն ամենազոր է, նա կարող է շրջանցել օրենքը՝ վնասելով պատվերն իրականացնող ընկերություններին: Սա էլ թերի օրենքների հետևանքն է: Մենք խնդիր ունենք նաև ինֆորմացիայի մատչելիության և արդիականության հետ կապված, քանի որ օրենքները, նորմերը, ստանդարտները մշակված չեն և անընդհատ փոխվում են: Սա մեծ խնդիր է, հատկապես միջազգային շուկա մտնելիս:
-Հայաստանյան բիզնեսը բողոքում է մասնագետների պակասից: Ճարտարապետության ոլորտը նույնպե՞ս զգում է մասնագետների պակաս:
-Այո՛, մեր ոլորտը բացառություն չէ և զգում է թե՛ մասնագետների, թե՛ միջազգային փորձի պակասը: Ճարտարապետությունը ինչ-որ տեղ քո ստեղծագործությունն է, բայց այն կտավ չէ, այն ունի ֆունկցիոնալ, ինժեներական նշանակություն, և չես կարող խնդիրը լուծել զուտ ստեղծագործական մոտեցմամբ: Դրա համար անհրաժեշտ են որակավորված մասնագետներ: Մասնագետների պակասը պետք է լրացվի միջազգային փորձ ունեցող մասնագետների աջակցությամբ և խորհրդատվությամբ, այսինքն՝ պետք է ակտիվորեն օգտագործել տեղեկատվական ցանցը: Այդպիսի ցանցը շատ կարևոր է, բայց մենք չենք օգտագործում, օրինակ, Սփյուռքի հետ մեր կապը՝ գաղափարներ ու փորձ փոխանակելու համար:
-Վերջերս շատ է խոսվում կանաչ տնտեսության, կանաչ շինարարության մասին: Կանաչ շինարարություն իրականացնելու փորձ ունեցե՞լ եք:
-Չնայած դեռ չենք ունեցել կանաչ շինարարություն իրականացնելու մեծ ծրագիր, սակայն փոքր ծրագրերի փորձ արդեն ունենք: Նախատեսում ենք ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ: Սակայն պետք է հասկանալ, որ կանաչ շինարարությունը, ընդհանրապես կանաչ տնտեսությունը թանկ հաճույք են: Կանաչ ծրագրերը գնահատվում են զարգացած երկրներում, իսկ Հայաստանում նման ծրագրերը պետք է իրականացնել ֆինանսական մեծ օժանդակությամբ, պետական սուբսիդավորմամբ:
Հայաստանում դա դժվար կլինի խրախուսելը, հատկապես եթե կառավարությունը շահագրգռված չէ դրանում: Կանաչ տնտեսությունը Եվրոպայում մարդիկ ընդունում են ոչ թե վեհ գաղափարների, այլ շահավետ պայմանների պատճառով: Շահավետության պարագայում մեզ մոտ նույնպես այն լայն տարածում կստանա: Իհարկե, համապատասխան մշակույթի ներդրումը, խրախուսումը ևս կարևոր է, սակայն շահավետությունն առավել կարևոր է: Սա կարևոր քաղաքականություն է, որը պետք է մշակվի վերևի օղակներում:
Civilnet











