Գլխավոր Լրահոս

Երբ սկզբունքը սկզբունք չունենալն է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը մեծացնելու է իր ներկայությունը Ազգային ժողովում:

«Մեր մոտեցումը շատ հստակ է, մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, մենք ամպագոռգոռ հայտարարություններ չենք անում: Մենք կբավարարվենք այն իրական հանրային աջակցությամբ, որը մեզ կտա մեր ժողովուրդը, բայց հավատացած եղեք, որ այդ հանրային աջակցության աստիճանը բավականին բարձր է, և դա ցույց է տալիս մեր անցած ճանապարհը և նաև մեր հավաքած քվեները»,– ասել է նա:

Ներկայում արդեն առավել քան պարզ է, որ Արթուր Բաղդասարյանը՝ որպես քաղաքական ֆիգուր, բացառապես կախված է մեկ մարդուց, և հենց այդ մեկ մարդն է որոշում՝ Բաղդասարյանի կուսակցությունը կհաղթահարի՞ հինգտոկոսանոց շեմը, թե՞ ոչ:

Հետահայաց նայելիս պարզ է, որ եթե չորս տարի առաջ Բաղդասարյանը չգայթակղվեր իշխանության «յուղոտ» առաջարկով, այսօր, թեկուզ որպես ընդդիմություն, բավական լուրջ դերակատարում էր ունենալու Հայաստանի քաղաքական դաշտում: Այժմ նրա «Օրինաց երկիր»-ը վերածվել է քաղաքական մի օրգանիզմի, որի գոյությունն արհեստական թթվածնով է պահպանվում:

Արհեստական է ոչ միայն նրա կուսակցությունը, այլև նույնիսկ պաշտոնը: Հասկանալի չէ, թե բացի բիզնեսներ հիմնադրելուց՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ինչ կոնկրետ գործառույթ ունի պետական կառավարման համակարգում, և արդարացվա՞ծ է արդյոք հանուն մեկ անձի ծառայությունների այդքան պետական միջոցների տրամադրումը Ազգային անվտանգության խորհրդին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2008թ. նախագահական ընտրություններին Բաղդասարյանը հավաքել էր 272 հազար ձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 351 հազար: Անկախ այն հանգամանքից, որ ընտրություններն արժանացել են միջազգային դիտորդների խիստ քննադատությանը, և դրանց արդյունքները, մեղմ ասած, չեն ընդունվել հասարակության էական հատվածի կողմից, ակնհայտ է, որ նույնիսկ այդ թվերի պարագայում Բաղդասարյանը երրորդ ուժն էր երկրում:

Մայիսին կայանալիք ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտից առնվազն մեկ կուսակցություն կանհետանա: Թերևս պետք չէ տխրել դրանից, որովհետև Հայաստանում չափից ավելի շատ են քաղաքական գործիչները, որոնց սկզբունքը սկզբունքներ չունենալն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում